ԱՄՆ-ում սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին կլինիկական փորձարկումները։ Kaiser Permanente հետազոտական կենտրոնը փորձնական դոզաներ է ներարկել չորս կամավորների, հայտնում է Ասոշիեյթիդ պրեսը։
Պատվաստանյութը վիրուսից վերցված անվտանգ գենետիկ կոդ է պարունակում, որը մարդուն չի կարող Covid-19-ով վարակել։
Փորձագետների խոսքով, այս և մշակման փուլում գտնվող այլ պատվաստանյութերի արդյունվետությունը պարզելու համար մի քանի ամիս կպահանջվի։ Հետազոտության ընթացքին հետևում են գիտնականներ ամբողջ աշխարհից։
Առողջապահության ազգային ինստիտուտի ֆինանսավորմամբ իրականացվող կլինիկական փորձարկումներն իրականացվում են անմիջապես մարդկանց վրա՝ բաց թողնելով նյութը կենդանիների վրա փորձարկելու փուլը։ Դա սովորաբար արվում է համոզվելու համար, որ պատվաստանյութն ակտիվացնում է իմունային համակարգը։
Արտադրող Moderna Therapeutics ընկերությունը հավաստիացնում է, որ պատվաստանյութը ստացվել է բազմիցս հաջողությամբ փորձարկված մեթոդով։
Հիմնականում վակցիանաներ ստանում են թուլացած կամ մեռած վիրուսներից, բայց mRNA-1273 անվանումը ստացած պատվաստանյութը մշակվել է ոչ թե Covid-19 հարուցող SARS-CoV-2 վիրուսից, այլ պարունակում է դրանից պատճենված գենետիկ ծածկագրի մի հատվածը։ Գիտնականները հույս ունեն դրանով մարդու իմունային համակարգը նախապատրաստել վիրուսի դեմ պայքարին։
Կամավորները պատվաստանյութի տարբեր քանակներ են ընդունել։ Նախատեսվում է յուրաքանչյուրին ներարկել երկու անգամ՝ 28 օր տարբերությամբ։
Նույնիսկ փորձարկման հաջող ընթացքի դեպքում, պատվաստանյութի հասանելությունն ապահովելու համար կպահանջվի ևս կես տարի։