Home / Առողջապահություն / Միքայել Մինասյանի հետախուզվող հայրը նախարարին հիշեցրեց դատական համակարգի մասին

Միքայել Մինասյանի հետախուզվող հայրը նախարարին հիշեցրեց դատական համակարգի մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադարձավ իրեն դատի տված Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից ազատված Արա Մինասյանին։

Անցած տարվա հուլիսին դատարանը բավարարել էր Քննչական կոմիտեի կողմից ներկայացված Մինասյանին կալանավորելու մասին միջնորդությունը։ Սակայն վերջինս թաքնվում է քննությունից, այդ իսկ պատճառով նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Իսկ նախարարի՝ Մինասյանին ազատելու մասին որոշումից հետո, Արսեն Թորոսյանի դեմ արշավ սկսվեց։

«Երբ 2018 թվականի հուլիսի վերջին ես ազատեցի աշխատանքից Արա Մինասյանին, Միքայել Մինասյանի՝ Սերժ Սարգսյանի փեսայի, հորը, նա ինձ դատի տվեց, պահանջելով ներողություն խնդրել ուղիղ եթերում արված արտահայտությունների համար, քանի որ դրանք զրպարտանք, վիրավորանք է համարում և այլն։

Դատական պրոցեսը ձգվել է մինչ օրս, տեղի է ունեցել առաջին ատյանի դատարանում դատաքննություն, որի ժամանակ Մինասյանները «հաղթել են», վերաքննիչ դատական քննություն, որի ժամանակ ես պարտվել եմ, և Վճռաբեկ դատարանի դատաքննություն, Վճռաբեկ դատարանը հրաժարվել է վճիռն ընդունել վարույթ և ինձ պարտավորեցրել է էդ ամեն ինչը հերքել և ներողություն խնդրել, չեմ հիշում արդեն՝ ինչ է պարտավորեցրել, անկեղծ ասած։

Ես ուզում եմ պարզապես էս ուղիղ եթերով հայտարարել, որ ես էդ դատարանի վճիռը կդնեմ իմ ֆեյսբուքյան էջում և ևս մեկ անգամ կվերահաստատեմ, որ այն, ինչ ասել եմ այդ ուղիղ եթերների ժամանակ, կրկնում եմ։ Ավելին, նորից կհայտարարեմ, որ մեր դատական համակարգը չի՛ վայելում Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծամասնության վստահությունը և կարիք ունի արմատական բարեփոխումների։

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/600071250855450/

Կարծում եմ, որ այս չակերտավոր հաղթանակը շատ չի ուրախացնի մեր նախկին գործընկերոջը, և խնդրում եմ նրան վերադառնալ Հայաստան և պատասխանել քննչական մարմինների հարցերին։ Թե չէ ստացվում է, որ ես պետք է ներողություն խնդրեմ մի բանի համար, որ, կարծես թե, չի եղել, այսինքն՝ որ տենց չարաշահումներ չեն եղել այդ բժշկական հիմնարկում, սակայն այդ անձը թաքնվում է քննչական մարմիններից, որ չպատասխանի այդ «չեղած» գործերի վերաբերյալ հարցերին», – նկատել է նախարարը։

Ավելի ուշ նա, ինչպես և խոստացել էր, տեղադրեց վճիռը՝ գրելով․ «Սա էլ վճիռը ու մի փոքր նկատառում. լիահույս եմ, որ մեր դատական համակարգում վերջապես կսկսեն կիրառել հայկական չակերտները «»🙂

Ամբողջական տեքստն՝ այստեղ։