Covid-19-ը ցույց տվեց աշխարհի ներկայում տիրապետող քաղաքական ուղղությունների սնանկությունը: Հայաստանի օրինակով այն ստացավ տեղական արտահայտություն, բայց վիրուսը կարող է նաև առողջարար լինել:
Մասնավորապես՝ պարփակվածության և ինքնակենտրոնացման բարձր լարման պայմաններում ապրող հայաստանցիները դեռ երբեք այսքան ինտեգրված չէին եղել աշխարհին: Որքան էլ սահմանները փակվում են, բայց սահմանների զգացողությունը լքել է մարդկանց, գլոբալ պանդեմիան համակել է բոլոր ազգություններին և մարդուն դուրս է բերել իր արտաքին հանդերձանքներից:
Փող և իշխանություն կուտակելու քաղաքականությունները փուչիկի նման կարող են պայթել: Անհրաժեշտ է ուժեղացնել սոցիալական կապերը՝ մասնավորապես մեղմել սոցիալական խոցելի խմբերի հանդեպ վարվող բիրտ քաղաքականությունները՝ սկսած համաճարակի ազդեցությունից առաջացած հետևանքներից:
Հայաստանի քաղաքացիների առողջության հանդեպ վերաբերմունքը պետք է սկսել փոխել՝ առողջապահական համակարգում առկա վայրի հարաբերությունները արմատական փոփոխման ենթարկել, վիփ-հիվանդասենյակներից և հիվանդանոցներից մինչև առողջապահության աղքատություն առկա ահռելի փոսը փակել, առողջապահությունը հասանելի դարձնել բոլոր քաղաքացիների համար:
Իբրև առաջին քայլ անհրաժեշտ է նորից վերադառնալ համապարփակ առողջապահական ապահովագրություն մտցնելու քննարկումներին, որ ֆիննախի թեթև ձեռքով ջուրը լցվեցին:
Այս օրերին, երբ իշխանությունները բողոքում են հասարակության ցածր սոցիալական պատասխանատվության զգացումից և սրտնեղում Էջմիածնի նշանդրեքի հետևանքներից, պետք է հիշել, որ սրանից քիչ առաջ Հայաստանը օջախ ու ընտանիք են հռչակել: Դրա համատեքստում օջախի ուրախությունը միշտ էլ վեր է և աղբյուր է դառնալու հասարակության մեծ ու փոքր պրոբլեմների:
Գայանե Այվազյան
աղբյուրը՝ ֆեյսբուքի էջ