Մարտի 14-ին, ժամը 22:00 դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 20 դեպք: Վարակվածներից 13-ը, ըստ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, Էջմիածնի հայտնի նշանդրեքի մասնակիցներն են։ 20 քաղաքացիներից մեկը թոքաբորբ ունի, մնացած 19-ը գանգատներ չունեն։
Մինչ օրս մեկուսացվել է ընդհանուր առմամբ 200 հոգի։ Ռիսկային երկրներից ժամանող բոլոր քաղաքացիները, ըստ Նիկոլ Փաշինյանի, մեկուսացվում են։
― Իրանից ժամանած 28-ամյա տղամարդը, ում մոտ առաջինն էր հաստատվել կորոնավիրուսի առկայությունը, ըստ նախնական թեստավորման, ապաքինվել է։ 14 օր կարանտինում գտնվելուց հետո նրա մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել։ ԱՆ հաղորդմամբ, կրկնակի թեստավորումից հետո, եթե արդյունքը կրկին բացասական լինի, նրան դուրս կգրեն։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին նրա հետ միասին մեկուսացված 31 քաղաքացիներից 29-ի մոտ կորոնավիրուսի առկայությունը չի հաստատվել, 2-ի մոտ հաստատվել է:
Կառավարությունը՝ արձագանքելով դեպքերի աճին, որոշում է կայացրել
― փակել սահմանները․ մարտի 14-ից մինչև մարտի 24-ը կկասեցվի Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքացիների տեղաշարժը։ Չի գործի նաև եկաթուղին։ Տեղաշարժի սահմանափակումները չեն տարածվի միայն բեռնափոխադրումների վրա։ Հիշեցնենք, որ Իրան֊Հայաստան սահմանը ևս փակ է, նաև՝ բեռնափոխադրումների համար։
Հայատսանում գտնվող Վրաստանի կամ Իրանի քաղաքացիների և Վրաստանում կամ Իրանում գտնվող հայաստանցիների հայրենիք վերադառնալու իրավունքը չի սահմանափակվում։
«Զվարթնոց» օդանավակայանը, սակայն, կգործի։ Կան բազմաթիվ չեղարկված չվերթներ։
―փակել մշակութային և կրթական հաստատությունները․
հիշեցնենք, որ բոլոր տեսակի՝ պետական, միջազգային և մասնավոր, ուսումնական հաստատությունները փակվել են մարտի 13-ին։ Դասերը կդադարեցվեն մինչև մարտի 23-ը։ Անհրաժեշտության դեպքում, ժամկետը կերկարաձգվի։
Ուսումնական ծրագրի բաց թողնված հատվածը, ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, կլրացվի հավելյալ պարապմունքների միջոցով։ Նախարարությունը նշել է, որ կխրախուսի ուսումնական գործընթացը հեռավար եղանակով (օնլայն) կազմակերպելու ջանքերը և առաջիկայում հանդես կգա նման նախաձեռնությամբ։
ԿԳՄՍ նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը այսօր որոշում կայացրեցին առնվազն մինչև մարտի 23-ը փակել իրենց ենթակայությամբ գործող բոլոր թատերական և համերգային կազմակերպությունները, թանգարանները, գրադարանները։ Չի գործելու նաև կենդանաբանական այգին։
― Հանրային տրանսպորտը, մասնավորապես՝ մետրոպոլիտենը, պարբերաբար ախտահանվում է։ Խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ հանրային տրասպորտին, այլ ոչ՝ մասնավոր տաքսիներին։ Հանրային տրանսպորտից օգտվելուց խորհուրդ է տրվում կրել դիմակներ։
― Չեղարկվել են նաև հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում նախատեսված մարդաշատ միջոցառումները։ Հանրաքվեն չեղարկելու մասին տեղեկություններ չկան։ Ըստ օրենքի, հանրաքվեն կարող է կասեցվել միայն ռազմական կամ արտակարգ դրության հայտարարման դեպքում։
Նշենք, որ Հայաստանում օրական արտադրվում է 6-7 տոննա հակամանրէային ախտահանիչ նյութեր («ալկոգել» և այլն)։ Արտադրողների կողմից վաճառքի մեծածախ գները չեն բարձրացվել։ Հանրապետությունում առկա է շուրջ 1 միլիոն բժշկական դիմակ, ստեղծվել են դիմակների տեղական արտադրության կետեր՝ փոքր արտադրական ծավալներով։
Խոշոր առևտրային ցանցերը հայտնում են, որ ունեն պահեստավորված բավարար քանակությամբ ապրանքներ։ Պարենային ճգնաժամ չի սպասվում․ մեծաքանակ գնումների անհրաժեշտություն չկա։
Սուպերմարկետներում հերթերից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտվել առաքումից։ Նախընտելի է վճարումներն անել առցանց կամ տերմինալներով։
Ընդհանուր առմամբ աշխարհում մինչ օրս գրանվել է նոր կորոնավիրուսով վարակման 155.210 դեպք, որոնցից 74.262-ը ապաքինվել են։ 5.811 հոգի՝ շուրջ 7 %-ը, մահացել է։