Ընթացիկ տարում Հայաստանի Կառավարությունը նախաձեռնել է կանխիկ շրջանառության կրճատում՝ հարցը դիտարկելով որպես ռազմավարական խնդիր:
2019թ-ին վճարային քարտերով կատարված գործարքների թիվը 2018-ի համեմատ ավելացել է 34.5 տոկոսով, ծավալը՝ 21.3 տոկոսով, կազմելով 2 344 մլրդ դրամ։ Փոփոխվել է անկանխիկ և կանխիկ գործարքների համամասնությունը. 52%-ն իրականացվել է կանխիկ, 48%-ը՝ անկանխիկ: Քարտերով անկանխիկ գործարքների ծավալը 2019թ-ին կազմել է 602 մլրդ դրամ, աճը՝ 52%:
Աճել է նաև POS-տերմինալներով և ինտերնետ միջավայրում կատարված գործարքների քանակն ու ծավալը, ինչը վկայում է անկանխիկ գործարքների մշակույթի ամրապնդման մասին։ Դա նաև պայմանավորված է առևտրի և սպասարկման կետերում POS-տերմինալների քանակի աճով․ 10503՝ նախկին 8796-ի փոխարեն։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը The Telegraph-ի հետ զրույցում կոչ է արել կորոնավիրուսի հնարավոր փոխանցումից խուսափելու նպատակով ձեռնպահ մնալ թղթադրամների կիրառումից և անցնել անկանխիկ վճարումների:
Այս առաջարկին միացել է Հայաստանի բանկերի միությունը։
«Եվս մեկ անգամ կոչ ենք անում վճարումներ կատարելիս նախապատվությունը տալ անկանխիկ գործարքներին՝ ներկա պայմաններում այն կիրառելով նաև որպես լրացուցիչ միջոց կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում»,- ասվում է Հայաստանի բանկերի միության հանրային կապերի ծառայության հայտարարությունում։