Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2019թ․ ապրիլի 17-ին բավարարել է «Արարատբանկի»՝ աշխատանքից ազատված աշխատակցի հայցադիմումն ու վճռել վերականգնել նրան նախկին աշխատանքում։ Դատարանի վճռով «Արարատբանկը» կվճարի նաև աշխատանքից ազատվելուց հետո հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար նրա միջին ամսական աշխատավարձը։
«Արարատբանկի» աշխատակից Լեյլի Ղամբարյանի հայցը դատարանը վարույթ է ընդունել 2018թ․ հունիսի 26-ին և գործն սկսել է քննել 2018թ․ հոկտեմբերի 18-ից։ Դատարանում նրա շահերը ներկայացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը։
Լեյլի Ղամբարյանը աշխատանքից ազատվել էր 2018թ․ մարտի 23-ին․ ի թիվս այլ հիմքերի՝ գործատուն նշել էր նաև վստահությունը կորցնելը։
Դատարան ներկայացված հայցով Լեյլի Ղամբարյանը պահանջել էր անվավեր ճանաչել իր և գործատուի միջև կնքնված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում, հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար բռնագանձել միջին ամսական աշխատավարձ, իսկ չվերականգնելու դեպքում, որպես հատուցում, տրամադրել առնվազն միջին ամսական աշխատավարձի տասներկուապատիկի չափով գումար։
Դատարանը, հիմք ընդունելով, որ «Արարատբանկ» ԲԲԸ-ի և Լեյլի Ղամբարյանի միջև եղել են աշխատանքային իրավահարաբերություններ, անհրաժեշտ է համարել նախ պարզել աշխատանքային պայմանագիրը լուծելու իրավաչափությունը, ինչը հնարավոր է պայմանագիրը լուծելու հիմքերը պատասխանողի կողմից ներկայացվելու դեպքում միայն։ Իսկ պատասխանողը դատարանի՝ հայցադիմումը վարույթ ընդունելու և ապացույցներ պահանջելու որոշումն ստացել է 2018թ․ օգոստոսի 20-ին և առանց հիմնավոր պատճառների՝ խախտել է ապացույցներ ներկայացնելու մեկշաբաթյա ժամկետը։ Այս պայմաններում դատարանը եզրակացրել է, որ աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքում ընկած փաստերը պատասխանողը չի ապացուցել, և հրամանն անվավեր է ճանաչել։
Ինչ վերաբերում է նախկին աշխատանքին վերականգնելու և հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի գումարը բռնագանձելուն, դատարանն արձանագրել է, որ Լեյլի Ղամբարյանին անհրաժեշտ է վերականգնել նախկին աշխատանքին, քանի որ աշխատանքային պայմանագիրը լուծելու հրամանն արդեն իսկ անվավեր է համարվել, և նրան պետք է վճարվի հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով գումար։
«Արարատբանկ» ԲԲԸ-ն պետական բյուջե կվճարի նաև 8000 ՀՀ դրամ և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հայցվորի միջին աշխատավարձի չափով բռնագանձվող գումարի 2 տոկոսը` որպես պետական տուրքի գումար։