Ապրիլի 9-ին վարչապետ Փաշինյանի՝ Նորագավիթի մաքսատուն կատարած այցի հետևանքով ծավալված քննարկումն ու հետագա զարգացումները մի քանի մտահոգությունների առիթ են տալիս: Այս մասին ասված է Հայաստանի Պետհիմնարկների Արհմիության հայտարարությունում։
«Տեղի ունեցածը ևս մեկ անգամ ցույց տվեց պետական ծառայողների (այս դեպքում՝ մաքսային ծառայողների) վարքագծի և գիտակցության անբավարար մակարդակը։
Հասկանալի է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը՝ հարգել Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, աշխատանքային կարգապահական կանոնները ու գործատուի գույքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքը:
Միաժամանակ շատ կարևոր է ձևավորել Հայաստանում աշխատանքային իրավունքների նկատմամբ հարգալից վերաբերմունք։ Յուրաքանչյուր գործատու, բարձրաստիճան պաշտոնյա պետք է զերծ մնա աշխատողի նկատմամբ կամայական դրսևորումներ ցուցաբերելուց։
Ցանկացած կարգապահական տույժ, աշխատանքից ազատում պետք է լինի բացառապես օրենքի սահմաններում։
Հեղափոխության օրերին, ինչպես և դրանից առաջ մենք պահանջում էինք իրավապահներից չկատարել իրենց վերադասի հակասահմանադրական ու անօրինական հրամանները, այլ ընդվզել, նույնիսկ եթե կարիք կա՝ դուրս գալ համակարգից»։
Ըստ մամուլի հրապարակումների, Նորագավիթի մաքսատան ավագ տեսուչ Հայկ Մարտիրոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Նա հենց այն աշխատակիցն էր, ում վարչապետը հորդորեց դիմում գրել եւ գնալ տուն, քանի որ իր աշխատասենյակում դրոշը հայտնվել էր գետնին, կեղտոտ վիճակում։ Վարչապետը հորդորել էր սենյակի բոլոր աշխատակիցներին ազատվել աշխատանքից, առայժմ հայտնի չէ՝ նրանք կհետեւեն իրենց կոլեգայի օրինակին, թե ոչ։
«Երբ վարչապետն այցելեց, անկյունում դրված էր դրոշը՝ ձողի վրա ամրացված, որը կեղտոտ վիճակում էր։ Դրոշը մի ժամանակ շենքի վերեւում է փակցված եղել, հետո բերվել է աշխատասենյակ։ Մեկ ամիս է երեւի, որ մաքսայինին հատկացրել են այս շենքը, նախկինում ոստիկանության բաժանմունքն էր այստեղ նստում։ Դրոշը մաքսայինինը չի եղել, ոստիկանության գույքն է եղել», – news.am-ի հետ զրույցում ասել էր մաքսատան երկու ամսվա աշխատակիցը։
Վարչապետի կամայականությունը արձագանքեցին նաև սոցցանցերում։ Սոցիոլոգ Աննա ժամակոչյան․ «Հիմա միթե՞ (հետ)հեղափոխական ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը չի կարող ժողովրդավարությունը ու մարդկային արժանապատվությունը որպես ուղենիշ հռչակած Նոր Հայաստանում չընդառաջել, հակադրվել նույնիսկ ամենալեգիտիմ վարչապետի օրենքի հետ չառնչվող կոչին՝ հեռացնել վատ կեցվածքով ու դրոշի հանդեպ վատ վերաբերմունքով ՊԵԿ աշխատակցին։
– Չէ՞ որ սա ՎԱՏ նախադեպ ա դառնալու մյուս գործատուների համար՝ ինչի համար ուզեն, մարդկանց գործից հանեն,
– դրոշը որպես երկրի սիմվոլ իմաստավորվում ա իր քաղաքացիների պաշտպանվածությամբ ու արժանապատվությամբ, այլապես դա ֆորմալություն ա կամ լաթի կտոր,
– աշխատակցին մեկ սխալի համար աշխատանքից չեն հեռացնում, դիտողություն/նկատողություն են տալիս, աշխատողի իրավունքը պիտի պաշտպանված լինի օրենքով և պետությունը էս հարցում պիտի հակառակը՝ օգնի իր քաղաքացիներին,
– աշխատող, թե չաշխատող քաղաքացիները պետք ա հանգիստ և պաշտպանված զգան իրենց վարչապետի ներկայությամբ, ոչ թե զգաստ-հավսար․․
– ․․․
Հեղափոխությանը լինել հավատրիմ, նշանակում ա լինել հավատարիմ դրա սկզբունքներին, ոչ թե պահի թելադրանքին․․․»։