«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող Հրազդանի ՋԷԿ֊ի տարածքում գործող բարձրավոլտ էլեկտրասյուների և հաշվիչների արկղերի արտադրությամբ զբաղվող արտադրամասի մի քանի աշխատակիցներ աշխատանքից հեռացվել են, քանի որ որոշել են ապրիլի 24֊ին չգնալ աշխատանքի և մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրավիրված երթին դեպի Ծիծեռնակաբերդ։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է աշխատանքից հեռացված քաղաքացիներից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ։
«Մի քանի ամիս է՝ ինչ աշխատում եմ այնտեղ։ Ապրիլի 24֊ին մեզ զանգեցին, կանչեցին, թե եկեք հիմնարկ։ Գնացինք, պարզվեց մեզ ուզում էին այդ սգո օրով աշխատացնել։ Մենք մերժեցինք մնալ աշխատանքի և ասացինք, որ պատրաստվում ենք մեր կոլեկտիվով գնալ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած երթին։ Մեզ բառացիորեն ասացին՝ եթե դուք այսօր չմնաք, չաշխատեք, ձեզ գործից կհանեն»,֊ ասել է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ իրենք մերժել են աշխատել ոչ աշխատանքային օրով և դրա համար իրենց չպետք է աշխատանքից ազատեն։
Մեր զրուցակցի պնդմամբ՝ այդ արտադրամասում աշխատանքային պայմանները շատ վատ էին, հանգստյան օրերին իրենց ևս աշխատացնում էին, աշխատողների մի մասը ստվերում էին աշխատում՝ հարկային դաշտից դուրս։
«Մենք միշտ մեր գործը բարեխղճորեն արել ենք, չնայած աշխատանքային ժամերը նորմավորված չէին, իսկ պայմաններն էլ՝ անմարդկային։ Գործն առավոտյան ժամը 8֊ից սկսում էր իրիկունը 5֊ին էր վերջանում, բայց շատ ժամանակ եղել է գիշերվա մինչև 3֊ն էլ պահել են։ Միշտ վախեցրել են, թե մնացեք, արեք, թե չէ գործից կհանեն։ Հանուն մեր ընտանքի, որ աշխատանքը չկորցնենք, գլուխներս կախ արել ենք մեր գործը։ Իսկ այդ օրն արդեն համբերության բաժակը լցվել էր և ասացինք՝ հանում եք, հանեք, արդեն զզվել ենք»,֊ պատմել է քաղաքացին։