Սա ևս մեկ հոդված է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի մասին։ Նախկինում հոդվածները երբեմն գրվել են աշխատողների կողմից՝ անանուն բողոքներ իրենց իրավունքների կոպիտ խախտումների մասին, երբեմն էլ պաշտոնական հաղորդագրությունների հիման վրա հոդվածներ են եղել՝ ամեն անգամ, երբ «Գլորիան» պետական աջակցություն է ստացել, օրինակ, ներդրումային ծրագիր իրականացնելու, հատկապես՝ կանանց համար աշխատատեղ ստեղծելու համար։ Ինչո՞ւ են աշխատողները բողոքում «Գլորիայի» աշխատանքային պայմաններից, արդյոք այն իրոք նման է «կանանց գաղութի», ինչպես ֆաբրիկայի մասին ասում են Վանաձորում, թե «Գլորիան» ուղղակի Հայաստանում գործող քիչ գործարաններից է, և այդ պատճառով մշտական թիրախ՝ աշխատանքային իրավունքներով զբաղվողնմերի համար։ Epress.am֊ի լրագրողի հետ զրույցում պատմում է «Գլորիայի» աշխատակիցը․
«Երկու տարբերակներն էլ ճիշտն են․ այո՝ «գաղութային» պայմաններ են, մենք աշխատում ենք զանգով, զանգը խփում է 08:15֊ին, և մենք պետք է այդ ժամին լինենք ստանոկների մոտ։ Ընդմիջման չենք կարող դուրս գալ, մինչև ընդմիջման զանգը չխփի։ Վերջերս ընդմիջման զանգից 2 րոպե շուտ աշխատանքը դադարացնելու համար ժողով արեցին, ու նկատողություն տվեցին դերձակներին։ Չի խրախուսվում աշխատանքի ընթացքում միմյանց հետ խոսելը, խոսողները նկատողություն են ստանում։ Հեռախոսով խոսում ենք, բայց ականջակալներով՝ աշխատելու համար ավելի հարմար է։ Այնուամենայնիվ, «Գլորիան» Վանաձորում եզակի գործող գործարաններից է, այդ պատճառով էլ մարդիկ մնում են։ Աշխատանքի միշտ կարելի է ընդունվել։ Եթե կարել չգիտես, սովորեցնում են և գործի վերցնում։ Աշխատողները հիմնականում 30-50 տարեկան կանայք են և կոնկրետ ֆինանսական խնդիրներ են լուծում իրենց ընտանիքիների համար։
Մեր աշխատողների իրավագիտակցությունը ցածր է, լավագույն դեպքում կարող ենք աշխատավարձի բարձրացում պահանջել, հավելյալ աշխատելու համար վճարվել պահանջել։ Մի քանի տարի առաջ դերձակները անջատեցին կարի մեքենաներ և 20 րոպե չէին կարում, ղեկավարությունը բրիգադիրների հետ ժողով արեցին և եկան ասացին՝ պատվիրատուների հետ խոսել ենք, «ռասցենկեն» մի քիչ բարձրացրել են, մեր աշխատավարձը մի 5000 դրամով բարձրացրին։ Մեզանից ոչ մեկ չգիտի՝ ինչքան է մեր կարած բաճկոնների և տաբատների «ռասցենկան», այսինքն՝ այն գինը, որով պատվիրատուն գնում է ապրանքը գործարանից։ Գիտենք, որ Իտալիայում և Գերմանիայում մեր կարած կուրտկաների հատը 700-900 եվրոյով է վաճառվում։ Ինտերնետից ենք իմացել։
Մեծագույն մտահոգություն աշխատանքային ժամից երկար մնալու համար չվճարվելն է։ Ըստ մեր պայմանագրի՝ պետք է աշխատենք 8:30-ից 17:30։ Ընդմիջումը մեկ ժամ է։ Սակայն մենք մնում ենք երկար, և ընդիմջումը 45 րոպե ենք անում։ Երկար մնալու մասին բողոքներին ղեկավորությունը պատասխանում է, թե դուք ձեր ցանկությամբ եք մնում, չեք հասցնում, մնում եք, որ ձեր գործը կիսատ չմնա։ Իրոք, բրիգադում բոլոր աշխատողների գործերը փոխկապակցված են․ ամեն մեկը մի գործողություն է անում, և եթե դու դանդաղ ես աշխատում, քեզնից հետո աշխատողը գործն էլ է դանդաղում։ Ամեն օր 40-90 բաճկոն պետք է կարենք՝ կախված մոդելի բարդությունից։ Եթե չենք հասցնում, ամբողջ բրիգադն է տուժում։ Օրինակ, եթե ըստ պատվերի, պետք է իտալացի կամ գերմանացի գնորդին տանք 300 կուրտկա շաբաթական, բայց հասցնում ենք 200, ապա պարտք ենք մնում։ Բրիգադներում նորեկներին օգնում են, չեմ կարող բողոքել։ Բայց օգնությունը «երեսով տալու» ավանդույթն էլ կա։ Բրիգադիրներ կան, որ լավն են, օգնում են և մեզ հետ հավասար աշխատում, բայց նկատողություններ անելն էլ, կարծես, իրենց գործի մաս է կազմում։ Իսկ ցեխի վարիչները առանձին սենյակում են նստում, նրանք էլ անցնելուց կարող են նկատողություն անել՝ քիչ խոսեք և այլն։
Մենք բողոքում ենք նաև հանգստյան օրեր չունենալու դեմ։ Նույնիսկ պաշտոնական ազատ օրերին աշխատում ենք, աշխատել ենք ապրիլի 24-ին, մայիսի 28-ին։ Նոր տարուն ազատ ենք լինում, սակայն էդ ամսվա աշխատավարձը քիչ ենք ստանում։
Անցյալ տարի, երբ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը պետք է գար գործարան, մեզ հատուկ զգուշացրեցին, որ հավելավճարներ պահանջելու և այլ նման հարցերով վարչապետին չդիմենք։ Իհարկե, մենք Կարապետյանին նույնիսկ չտեսանք»։