«Սանիտեք» ընկերությունում գիշերային հերթափոխով աշխատող մի խումբ կանայք բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ընկերությունը խախտում է աշխատանքային պայմանագրով նախատեսված կետերն և շահագործում աշխատակիցներին։ Նամակը հրապարակել է «Ժողովուրդ» օրաթերթի կայքը։
Նամակում գիշերային հերթափոխով աշխատող կին աշխատակիցները նշում են, որ խախտվում են նախ իրենց աշխատանքային ժամերը։
«Մենք աշխատում ենք կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 08:00-ն: Մեր ձեռքում կա աշխատանքային պայմանագիր, բայց մենք չենք օգտվում պայմանագրի ոչ մի կետից, զրկված ենք արձակուրդից, ամսվա 4 օր հանգստից, բացի այդ` չգիտենք, թե որքան տարածք պետք է ավլենք, որ ստանանք 80 հազար դրամ աշխատավարձ: Պարոն Տարոն Մարգարյանը ասաց մեզ, որ մենք ստանալու ենք 500 դոլարին համարժեք դրամ: Աշխատանքային պայամանագրում աշխատավարձի չափը նշված է 107 հազար դրամ գումար, բայց ստանում ենք մոտ 80 հազար դրամ: Աշխատանքային պայմանագրում նաև գրված է, որ գիշերային աշխատողը պետք է 32 հազար դրամ հավելավճար ստանա: Բայց այդ 32 հազար դրամը մենք այս տարիներին երբեք չենք ստացել: Մեզ գիշերն աշխատացնում են և հայտարարում են, որ դա ձեր աշխատանքային 8 ժամն է, բավարարվեք»,֊ ասված է նամակում։
Աշխատակիցների խոսքով՝ իրենք արտաժամյա ռեժիմով աշխատել են նաև թավշյա հեղափոխության օրերրին, սակայն կրկին չեն վարձատրվել․ «Պարոն Փաշինյան, հուսով ենք, որ կվերանայեք մեր ամենաանհարգի աշխատանքը, և եթե մենք թեկուզ մեկ օր քաղաքը չմաքրենք, ապա այն կվերածվի աղբակույտի: Խնդրում ենք` պահանջեք, որպեսզի «Սանիտեք» ընկերությունը վերանայի մեր չգնահատված աշխատանքը և, ի վերջո, կատարի մեր ձեռքերում գտնված պայմանագրում նշված կետերը: Անգամ հանրահավաքների ժամանակ մենք արտահերթ գրաֆիկով ենք աշխատել. փողոցները մաքրել ենք արեւածաղկի կեղևներից, այլ աղբից, բայց այդպես էլ դրա համար հավելավճար չենք ստացել»։