Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 41-ամյա բնակիչ Կարմեն Աբգարյանը 2 տարի աշխատել է Երևանում սանմաքրում և աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունում։ Մարտի 14-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, չնայած որ կնոջ աշխատանքային ժամը ավարտվել էր, կազմակերպությունը նրան ստիպել է մաքրել Հերացի փողոցի երթևեկելի հատվածը, քանի որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ավտոշարասյունն էր այդտեղից անցնելու։ Փողոցը անցնելիս Կարմենը վրաերթի է ենթարկվել։ Epress.am-ի հետ զրույցում կինը պատմել է վրաերթի մանրամասների և «Սանիթեք»-ի աշխատանքային պայմանների մասին։
Մոտ 10 օր է, ինչ ուսի և գլխի շրջանում ծանր վնասվածք ստացած կինը պառկած է հիվանդանոցում: Երեկ վիրահատել են կնոջ ամբողջովին փշրված ուսը և տեղադրել հատուկ մետաղական ձողեր։ Երբ Epress.am-ի թղթակիցները այցելել են հիվանդասենյակ, Կարմենին գլխի վիրահատությունից հետո նոր էին այնտեղ տեղափոխել: Հիվանդասենյակում կնոջը խնամում է Կարմենի 22-ամյա դուստրը: Ամուսնալուծված, 4 երեխաների մայրը դեռ մոտ մեկ տարի չի կարողանա աշխատել: Փոքր որդին անչափահաս է՝ 7 տարեկան, մեծը ծառայում է Լեռնային Ղարաբաղում, 20-ամյա դուստրն ամուսնացած է:
Դեպքից հետո, Կարմենի խոսքով, «Սանիթեք»-ի ղեկավար կազմից ոչ ոք չի զանգել, չի գնացել այցելության։ «Շատ վիրավորված եմ․ ոնց որ արհամարհեն իրենց աշխատողին։ 2 տարի նվիրված աշխատես, առանց հանգստյան օրերի ու․․․»։
Քաղաքապետին՝ մաքուր փողոցներ
Մարտի 13-ին Կարմենի աշխատանքը սովորականի պես սկսվել է երեկոյան 22։30-ին. «Իմ աշխատանքային 8 ժամը աշխատել եմ․ ինձ տրված փողոցները մաքրել եմ, վերջացրել 6։30-ին»։
Մյասնիկյան պողոտայից մինչև Հերացի փողոցի վերջնահատվածը մաքրման աշխատանքներ են անում Չարենցավանից ամեն օր Երևան եկող 8-9 հոգանոց խումբը: «Իմ մասը սրբելուց հետո նստել եմ գազելի մեջ, երկու ժամ սպասել եմ։ 8։30-ին որոշել են՝ էդ մեջտեղի հատվածը պետք է մաքրվի։ Ինչ-որ քաղաքապետը պետք է անցնի, ճանապարհը էդտեղի պետք է մաքուր լինի, որ անցնի, տեսնի մաքուր է»։
Նրա խոսքով՝ իրենք պետք է մաքրեին Հերացի փողոցի երթևեկելի մասի միջնահատվածը, բարձրանային և հանդիպեին Մյասնիկյան պողոտայից մաքրելով իրենց հանդիպակաց իջնող խմբին: «Գազելից իջանք, ավելները կապեցինք, պետք է ճանապարհը անցնեինք, չէինք կարող վերգետնյա անցումով անցնեինք, քանի որ մենք պետք է լինեինք փողոցի մեջտեղի մասում։ Այդ ժամանակ էլ սկսել էր երթևեկությունը»։
Նրանք անցել են փողոցի երթևեկելի մասի երկու շարքը, սակայն 3-րդ շարքն անցնելիս մի մեքենա հարվածել է կնոջը. «Եթե իմ հետի աշխատողը ձեռիցս չբռներ, քաշեր հետ, ավելի շատ վնասվածք կունենայի»։
Չնայած որ գործատուն պարտավոր է աշխատանքի կատարման համար ապահովել անվտանգ և պատշաճ պայմաններ, Կարմենը պնդում է, որ այդ օրը ոչ մի անվտանգության կանոն չեն պահպանել․ «Ասացին՝ իջեք ու անցեք ճանապարհը, գնացեք, որ սրբեք»։ Կինը հիշում է, որ երբ ընկերությունը նոր էր բացվել, իրենց ասել էին, որ 75 սմ-ից ավել չգնան դեպի ճանապարհը, սակայն «ստիպում են՝ 3-4 մետր գնանք»։
«Սանիթեք» ընկերությունից փորձել ենք տեղեկանալ, թե ինչո՞ւ է Կարմենը հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում, ինչո՞ւ չեն պահպանվել համապատասխան անվտանգության կանոնները։ Մի քանի օր զանգահարելուց հետո «Սանիթեք»-ից մեզ պատասխանեցին․ «Սովորական իր ռեժիմով աշխատելուց է եղել մարդը։ Տեղեկացված է եղել անվտանգության կանոններին։ Ընդհանրապես մենք մեր մեքենայով փակում ենք իր հետևը, մեքենան իր հետևից շատ դանդաղ քշում է, որ էդ հատվածով մեքենա չգա, բացի դրանից նշաններ ենք դնում։ Էս անգամ էլ մեքենան իր հետևից գնալուց է եղել, ուղղակի մի հատված թողնում ենք , որ ինքը աշխատի, քաղաքացին երևի չի նկատել, հարվածել է, բայց չի էլ փախել, մնացել է, օգնություն է ցույց տվել»։
«Պատահել է՝ 17 ժամ եմ աշխատել․․․»
Կարմենը «Սանիթեք»-ում աշխատում է 2014 թվականից: Մեկ տարուց ավել ամսական ստացել է 105 հազար դրամ: Մեկ տարի անց աշխատանքը սկսելուց րոպեներ առաջ իրենց տվել են նոր պայմանագրեր և առանց թողնելու, որ ծանոթանան դրանց բովանդակությանը, ստորագրել են տվել դրանք: Հետագայում միայն աշխատողներն իմացել են, որ համաձայն այդ պայմանագրի իրենց աշխատավարձը կրճատվում է 20 հազար դրամով. «Մենք ստորագրել ենք՝ ճիշտը չիմանալով»:
Շաբաթական 7 օր, առնվազն 8 ժամ աշխատելով՝ Կարմենը ստանում էր 84 հազար դրամ:
Կինը նշում է, որ համաձայն իր պայմանագրի՝ ինքն իրավունք ունի յուրաքանչյուր տարի ստանալ 24 օր վճարվող արձակուրդ։ Բացի դրանից՝ շաբաթական մեկ հանգստյան օր։ «Շատ է եղել, որ մի օր ուզեցել եմ մնալ տանը, որ գոնե մի օր հանգստանամ, նենց են գոռացել, որ դու մնաս տունը, ո՞վ քո տարածքը պետք է սրբի, ո՞վ քո տեղը պետք է աշխատի»։
Կարմենը պատմում է, որ պատահել է՝ Կենդանաբանական այգուց մինչև Հերացի փողոցի վերջնամասը՝ փողոցի երկու կողմերն էլ ավլել է մենակ, սակայն իրավունք չի ունեցել մի պահ անգամ հանգստանալ:
«Մեքենաներով ֆռռում էին ու հանկարծ, եթե նստած տեսնեին, վռազ զանգում էին՝ պատճառն ինչ է, որ նստել ես։ Ձմեռն էլ, որ ապարատներ էինք տեսնում, ուրախանում էինք, որ գոնե մի բաժակ չայ կարանք խմենք, տաքանանք։ Դրա վրա էլ էին խոսում․ կանգնել ես սուրճ ես խմում, չայ ես խմում՝ էդ ի՞նչ ա»։
Քամոտ օրերին, Կարմենի խոսքով, աշխատել են 8 ժամ, հետո մի ժամով գնացել են տուն, լողացել, հանգստացել, հետո էլի գնացել աշխատելու․ «Պատահել է՝ 17 ժամ ենք աշխատել»։ Լրացուցիչ ժամեր աշխատելու դիմաց իրենք հավելյալ չեն վարձատրվել։ Երբեմն մի քանի ամիսը մեկ ստացել են պարգևավճարներ մինչև 15 հազար դրամի չափով, սակայն՝ ոչ բոլորը։
«Պատահել է՝ լուսաբացին՝ 5-ին, տնից դուրս ենք եկել ու կաշկաներով ավազ ենք փռել տղամարդու նման, լոմը ձեռներիս սառույց ենք ջարդել»։
Բժշկական ապահովագրություն Կարմենը ունեցել է, որից էլ հիմա օգտվում է։ «Ասում էին՝ աստված չանի, որ ընկնես ավտոյի տակ, մեռնես, 2 միլիոն դրամ տնեցիքին կփոխհատուցեն», – պատմում է Կարմենը։