Home / Ազգային ժողով / Արհմիությունների խնդիրը օրենքի դաշտում չէ

Արհմիությունների խնդիրը օրենքի դաշտում չէ

Հուլիսի 26-ին կառավարության հերթական նիստում ընդունվեց Ծառուկյան դաշինքի մի խումբ պատգամավորների նախաձեռնած «Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, ինչպես նաև Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը հանդես եկան նախագծի քննադատությամբ։

Վերջինիս՝ օգոստոսի 8-ին հրապարակած հայտարարության մեջ ասված է․

«Ըստ հեղինակների՝ նախագիծը փորձում է լուծել արհմիության անկախության խնդիրը։ Նախագծի հեղինակները փաստացի առաջարկում են հետևյալը՝  բոլորովին տարբեր աշխատավայրերից աշխատողներ կարող են միավորվել և ստեղծել մեկ արհեստակցական կազմակերպություն: Օրինակ՝ ավտոբուսի վարորդը, սուպերմարկետի աշխատողը և կազինոյի մատուցողը միասին ձևավորում են արհեստակցական կազմակերպություն:

Եկեք հասկանանք, ինչպես կգործի նման արհեստակցական կազմակերպությունը: Եթե նույնիսկ նրանք ունենան միջոցներ այդ աշխատավայրերից անկախ որևէ անձի վարձատրել այդ արհմիությունում աշխատելու համար, ապա որ՞ն է լինելու այդպիսի «արհմիության» իմաստը և գործառույթը: Արհեստակցական միության գործունեության, աշխատանքային շահերի ներկայացման հիմնական գործիքը կոլեկտիվ պայմանագիրն է կամ գործադուլը: Բայց թե առաջինը, թե երկրորդը հնարավոր է օգտագործել միայն կոլեկտիվի զգալի մասը միավորելով։ Իսկ առաջարկվող տեսակի արհեստակցական կազմակերպությունը ինչպե՞ս և ինչո՞ւ պետք է վարի կոլեկտիվ բանակցություններ և կոնկրետ որ գործատուի հետ՝ մնում է անհասկանալի։ Ինչպես և ինչու պետք է կնքվեն կոլեկտիվ պայմանագրեր, եթե արհմիությունը կազմված լինի տարբեր կազմակերպությունների քիչ թվով աշխատողներից: Այս դեպքում կոլեկտիվ բանակցություններ ապահովելը կդառնա համարյա անհնարին և նաև անիմաստ:

Արհմիության հիմնական ու կարևոր ուժը հենց միավորված կոլեկտիվն է, որը միասին կամ ընտրված անձերի միջոցով բանակցում է գործատուի հետ, պահանջում և ստանում ավելի շատ վարձատրություն կամ ավելի լավ աշխատանքային պայմաններ։ Արհմիությունը մեկ մարդու պաշտպանության համար չէ՛, այլ կոլեկտիվ շահը ներկայացնելու համար: Իհարկե, կարելի է ընթացքում նաև մեկ մարդու խախտված իրավունք պաշտպանել և դրա համար արհմիությունը, որը միջոցներ ունի, կարող փաստաբան է վարձել, և այստեղ կապ չունի, թե արհմիության նախագահը գործատուից է կախված, թե ոչ: Այստեղ կարևորն այն է, որ աշխատողը, ում իրավունքը խախտվել է, ունենա կամք և ցանկություն վերականգնելու իր իրավունքը։

Եթե այդ տիպի արհեստակցական կազմակերպությունը միավորի մեկ աշխատավայրի մեծ թվով աշխատողներ, կունենանք նույնը ինչ ունենք այսօր, և փաստորեն այս փոփոխությունը անիմաստ է և կարող է հանգեցնել արհմիությունների էլ ավելի սեպարատիզացիայի, քայքայմանը և թուլացմանը: Երկրորդ կարևոր փաստարկը այս փոփոխության դեմ այն է, որ այս տիպի կազմակերպության ստեղծումը հակասում է արհմիության ճյուղային (ոլորտային) ձևավորման սկզբունքին։ Պետք չէ հեծանիվ հորինել. ամբողջ աշխարհում արհմիությունները ձևավորվում են հենց ճյուղային սկզբունքով։ Դրա համար կա կարևոր պատճառ։ Վերադառնանք կոլեկտիվ բանակցություններին, որը արհմիությունների հիմնական գործիքն է։ Նույն ճյուղում խնդիրները միանման են, օրենսդրությունը ևս, և այստեղ մասնագիտական հմտությունները և ճյուղի առանձնահատկությունները շատ կարևոր դեր ունեն բանակցությունների կամ խնդիրների բարձրաձայնման համար։ Որպեսզի մեկ արհեստակցական կազմակերպությունը կարողանա կոլեկտիվ բանակցություններ վարել տարբեր ոլորների գործատուների հետ, պետք է ունենա տարբեր արհեստավարժ մասնագետներ, ինչը ենթադրում է, որ պետք է նաև շատ գումար, իսկ անդամավճարով դա քիչ հավանական է։

Նախագծի հիմնավորման մեջ ասված է, իբր թե գործատուները արհմիություններին գումար են տալիս, ինչը ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը։ Այդ ո՞ր գործատուն է արհմիությանը փող տալիս և ո՞րն է իր շահը այստեղ: Շատ հետարքրքիր կլիներ այդպիսի վիճակագրություն մեզ ներկայացնեին՝ տեսնեինք, թե գոյություն ունեցող մոտ 700 արհեստակցական կազմակերպություններից քանիսն են, որ գումար են ստանում գործատուներից: Իսկ եթե այդպիսի վիճակագրություն չկա, ուրեմն դրա մասին խոսելն էլ անիմաստ է։

Միանշանակ համաձայն ենք, որ այսօր ունենք անկախության խնդիր կազմակերպությունների մակարդակում, սակայն այդ անկախությունը ապահովելու համար օրենսդրությունը նախատեսել է համարյա բոլոր հնարավոր տարբերակները՝ ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն։

Մինչև հեղափոխությունը Հայաստանում օրենքներ կային, բայց ոչ բոլորն էին գործում, այդպես էլ այս դեպքում է՝ պետք է քաղաքական կամք դրսևորվի և օրենսդրությունը կսկսի գործել։ Օրինակ՝ իշխանության ներկայացոցիչները բարձր մակարդակով հայտարարեն, ինչպես դա արվեց դատարանների մասով, որ արհեստակցական կազմակերպությունները անկախ են, ոչ մի պետական պաշտոնյա կամ գործատու իրավունք չունի ազդելու կամ խոչընդոտելու, և կոչ արվի բոլոր աշխատողներին, որ պահանջատեր լինեն, որպես արհեստակցական կազմակերպության անդամ ակտիվ մասնակցություն ունենալ արհեստակցական կազմաերպության կողմից որոշումների ընդունմանը, իսկ գործատուները իրենց դրանից զերծ պահեն և գործեն միայն օրենքով, ապա հարցը ինքնիրեն կարող է մասամբ լուծվել։

Հաջորդ քայլն այդ ուղղությամբ հետևյալն է. բավական է օրենքով պահանջել, որ ցանկացած ստեղծված արհեստակցական կազմակերպություն դառնա որևէ ճյուղային արհմիության անդամ, իսկ այդ միությանը տրվի հնարավորություն այդ կազմակերպությունում ներկայացնել աշխատողների շահերը առանց կազմակերպության միջնորդության։

Առաջարկվող փոփոխությունը իր մեջ նաև այլ վտանգներ է պարունակում: Այն  կարող է բերել նրան, որ խոշոր սեփականատերերը, որոնք ունեն բազմաթիվ խոշոր բիզնեսներ ամենատարբեր ոլորտներում, հնարավորություն կստանան իրենց «վստահված» անձանց միջոցով ստեղծել խոշոր արհեստակցական կազմակեպություններ, ներգրավելով իրենց բիզնեսների և իրենց «ազդեցության գոտիներում» գտնվող տարածքների բոլոր աշխատողներին, ֆինանսական միջոցներով սնել այդպիսի արհմիությունը և հետագայում օգտագործել այն որպես հարմարավետ պլատֆորմ՝ իրենց քաղաքական (և մասնավորապես ընտրական) շահերը առաջ տանելու համար: Այս կետը չափազանց վտանգավոր է, քանի որ հնարավորություն կբացվի նորից մեզ բոլորին հայտնի մեխանիզմները գործի դնել, ասել է թե ՝մարդկանց զանգվածները օգտագործել բիզնես-շահերը քաղաքական աստառի տակ առաջ տանելուն: Ինչը տասնյակ տարիներ արվում էր օգտագործելով կուսակցությունները, որոնք քաղաքական ֆունկցիա ունենալու փոխարեն ծառայում էին որպես սեփական բիզնեսի ցուցափեղկ քաղաքականության մեջ»:

Այնուամենայնիվ, հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց ԲՀԿ պատգամավորների հեղինակած «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Այդ կապակցությամբ Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը հրապարակեց ևս մեկ հայտարարություն, մասնավորապես, կոչ անելով պատգամավորներին ողջամիտ գտնվել և չքվեարկել նախագծի օգտին գոնե երկրորդ ընթերցման ժամանակ։



27.04.2018