Հեղինակ՝ Սամսոն Մարտիրոսյան
Սկզբնաղբյուրը՝ այստեղ
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների՝ Հայաստանում գործազրկությունը կազմում է 20%։ Որոշ աղբյուրներ նշում են, որ այդ թիվը հասնում է 30%-ի: Ամենայն հավանականությամբ, իրական թիվը գերազանցում է 30%-ը։
Գործազրկությունն առավել շատ է հասարակության որոշ խմբերի շրջաններում` օրինակ, կանանց, երիտասարդների, հաշմանդամություն ունեցողների, մարզերի բնակիչների, բարձրագույն կրթություն չունեցող անձանց: Սա մեծ խնդիր է․ բոլորը գիտեն դրա մասին, բոլորը այս կամ այն չափով զգում են դրա հետևանքները։
Անդադար լսում ենք, որ պետությունը գործազրկության խնդիրը միշտ դասում է առաջնահերթությունների շարքին՝ «ամենայն պատասխանատվությամբ և լրջությամբ հայտարարում ենք, որ այս խնդիրը լուծել է պետք»: Իսկապես, և՛ քաղաքական կուսակցությունների նախընտրական ծրագրերում, և՛ կառավարության ներկայացրած բոլոր տարիների ծրագրերում կարմիր գծի նման նկատվում են «տնտեսության զարգացման և գործազրկության հաղթահարման» խոստումներ/նպատակները։
Հաճախ պետությունը ապավինում է օտարերկրյա ներդրումների ներգրավմանը ու ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման, ներդրողների շահերը պաշտպանելու, արտոնություններ տրամադրելու մեջ է տեսնում տնտեսական ակտիվացման բանալին։ Ամեն ինչ ինքնակարգավորվող է, եթե «Շուկան» արդար է ու ամենակարող, իսկ դրա համար անհրաժեշտ են պայմաններ։
Այդ պայմանները ստեղծելու համար ամենաարդյունավետն է համարվում նոր-ազատական (նեո-լիբերալ) գաղափարախոսության ու համապատասխան տնտեսական քաղաքականության իրականացումը (համենայն դեպս ինչ-որ մասնագետներ մեզ ասում են, որ ամբողջ աշխարհում այդպես է)։
Չնայած այն հանգամանքին, որ այս գաղափարախոսությունն 90-ականներից սկսած անընդհատ համոզում է մեզ, որ այն շահագրգռված է ստեղծել աշխատատեղեր հազարավոր մարդկանց համար, նպաստել մեր կենսամակարդակի աճին, բոլորիս կյանքն էլ ավելի լավը դարձնել և այլ նմանատիպ էսթետիկ ու հաճելի բաներ, դա այդքան էլ չի համապատասխանում իրականությանը, կամ ավելի ճիշտ կլինի ասել, որ ժամանակի ընթացքում այս պնդումները բացահայտվեցին որպես քողարկված կեղծիքներ։
Փորձենք հասկանալ, թե ինչու։
Աշխատանքային իրավունքներ ու արժանապատիվ աշխատանք
Կապիտալն անընդհատ ընդլայնվում է ու ճյուղավորվում։ Ընդլայնվելու բարենպաստ պայմաններ ստեղծելու համար հարկավոր է կարողանալ նվազագույն ծախսերով ապահովել առավելագույն շահույթ։
Ընդհանրապես, կապիտալիզմի ամենածեծված կարգախոսներից է «շատ աշխատել՝ շատ վաստակել», սակայն այս տրամաբանությունը չի աշխատում, քանի որ իսկապես ընդլայնվելու համար ուշ, թե շուտ կապիտալը սկսում է հիմնվել մարդկային և բնական ռեսուրսների շահագործման վրա՝ կուտակելով ամբողջ շահույթը շահագործողի գրպանում։ Իրականում ստացվում է «քիչ աշխատել՝ շատ վաստակել (ուրիշների հաշվին)»։
Իսկ շահագործել նշանակում է խախտել մարդկանց աշխատանքային իրավունքները, որն էլ կարող է տարբեր ձևերով արտահայտվել, օրինակ՝ կատարած աշխատանքի դիմաց չվճարել կամ վճարել ավելի քիչ, քան աշխատանքի իրական արժեքն է, չկնքել աշխատանքային պայմանագրեր, շարունակական ուշացնել աշխատավարձերը, չվճարել արձակուրդայինները, անտեսել աշխատանքի անվտանգության պայմանները, տարիներ շարունակ չբարձրացնել աշխատավարձերը ու չկատարել օրենքով նախատեսված այլ պահանջներ, որոնք ենթադրում են հավելյալ ծախս (ՀՀ-ում աշխատանքային իրավունքների խախտման հիմնական դրսևորումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար տես այստեղ)։
Պատահական չէ, որ ամբողջ աշխարհում եղել են և շարունակում են գործել աշխատավորների, արհմիությունների միջոցով միավորված տարբեր շարժումներ ընդդեմ շահագործման՝ արժանապատիվ աշխատավարձի և աշխատանքային պատշաճ պայմանների պահանջով։
Ցավոք, աշխատավորական հզոր շարժումներ անհնար է ստեղծել, եթե գործազրկության մակարդակը տվյալ երկրում շատ բարձր է։ Խնդիրն այն է, որ գործազուրկ մարդիկ չեն կարող մասնակցել աշխատավորական պայքարներում, քանի որ նրանք ա) ստիպված են աշխատանք փնտրել և բ) չեն հանդիսանում բուն խնդրի կրողները։
Մի կողմից գործազրկությունը խոչընդոտում է համախմբված աշխատավորական շարժումներ ձևավորելուն, և շահագործումների վերացումը դառնում է էլ ավելի բարդ գործընթաց, որի համար հիմնական պատասխանատվությունն ընկնում է անհատի վրա․ անհատն է ստիպված լինում դատարանի կամ այլ պետական մարմինների միջոցով տեր կանգնել իր խախտված իրավունքերին։
Իսկ մյուս կողմից գործազրկության բարձր մակարդակը գործում է ի շահ գործատուների, քանի որ երբ կան մեծ թվով գործազուրկներ, հնարավոր է թելադրել սեփական պայմանները, աշխատավարձի չափը և այլն։ Գործազուրկներն էլ իրենց հերթին ստիպված են լինում ենթարկվել աշխատաշուկայի կանոններին և պատրաստ են անցնել ցածր վարձատրվող աշխատանքի։
Հասկանում ենք, որ գործազրկության հաղթահարումը չի բխում խոշոր կապիտալի շահերից, քանի որ գործազրկության բարձր մակարդակը այն անհրաժեշտ պայմաններից է, որ թույլ է տալիս կառավարել աշխատանքային շուկան։
Արա այսպես, արա այնպես
Կապիտալիզմի պայմաններում աշխատանքի հետ կապված ամենախնդրահարույց կետերից մեկն այն է, որ գործատուն աշխատողների գործողությունները թելադրելու անսահմանափակ «իրավունք» ունի։
Այսինքն, գործատուն առաջարկում է իր պայմանները, և եթե մենք որպես վարձու աշխատող համաձայնվում ենք այդ պայմաններին, ապա (լավագույն դեպքում) կնքվում է պայմանագիր, և մենք ստանում ենք աշխատավարձ՝ այդ պայմանները և գործողությունները կատարելու դիմաց։ Հաճախ այդ պայմաններն ու գործողությունները հստակ չեն։ Անցնելով աշխատանքին և որոշ ժամանակ անցկացնելով այդտեղ՝ հասկանում ենք, որ իրականում պարտականությունների և գործողությունների սահմանները լղոզված են, և մենք կատարում ենք ավելին, քան նախատեսված է պայմանագրով։
Կան դեպքեր, երբ գործատուները որոշ ինքնուրույնություն են թույլ տալիս աշխատողներին, սակայն խնդիրն այն է, որ այդ ինքնուրույնությունը կարող է չեղարկվել ցանկացած պահի՝ ըստ գործատուի պահանջի։ Արդյունքում աշխատանքը հիմնված չի լինում վստահության վրա, այլ նմանվում է հիերարխիկ՝ վերևից ներքև հրամանների կատարմանը։
Ուզում եմ տուն գնալ
Կապիտալիզմի այլ խնդրահարույց կետերից մեկը 8-ժամյա (և ավելի) աշխատանքային օրվա կոնցեպտն է։
Որոշ զարգացած երկրներում այն սկսում է վերանայվել, և անցում է կատարվում դեպի 6-ժամյա աշխատանքային օրվա։ Այս անցման պատճառներից ամենագլխավորն այն է, որ 09.00–18.00-ը աշխատանքային ժամերը բացասական ազդեցություն ունեն, քանի որ ժամանակի վրա հիմնված աշխատանքը (time-based workflow) նախ դանդաղեցնում է մեր ինքնազարգացումը՝ առօրյա հոգսերի հետ միասին «09.00–18.00-ը» ժամանակ չի թողնում զբաղվել զարգացնող գործողություններով, օրինակ՝ գիրք կարդալ, սպորտով զբաղվել և այլ նախասիրությունների ժամանակ հատկացնել։ Սա բռնություն է անձի ազատության նկատմամբ։
Իսկ մեկ այլ պատճառն էլ այն է, որ 09.00–18.00-ի պայմաններում մենք հնարավորություն չենք ունենում իրագործել մեր ներուժն ամբողջությամբ, որը միգուցե ավելի հնարավոր կլիներ իրականացնել առաջադրանքների վրա հիմնված աշխատանքի (task-based workflow) պայմաններում, այսինքն եթե իրականացրել ենք առաջադրանքը, ապա ստիպված չենք «ժամանակ սպանել» աշխատավայրում, ինքներս ենք կառավարում մեր ժամանակն ու ազատությունը, իսկ այն գործողությունների իրականացումը, որը մեզանից կպահանջեր, օրինակ, 1 ժամ, չէր տևի 3 ժամ կամ ավելի։
Իհարկե, միշտ կարելի է հրաժարվել և դուրս գալ այն աշխատանքից, որի պայմանները մեզ ձեռք չեն տալիս կամ կաշկանդող են թվում։ Սակայն աշխատանքից հրաժարվելը նոր-ազատական տնտեսական քաղաքականության պայմաններում շքեղություն է, որը կարող են թույլ տալ կամ խիզախ աշխատավորները կամ արտոնյալ սոցիալական պայմաններում ապրող մարդիկ։
Ավելին, կարծես ցանկացած գործատուի նման, ով կարող է մեզ ասել՝ «չեք ուզում, գնացեք ուրիշ տեղ աշխատեք․ դռները բաց են», ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածը մեզ ասում է, որ «յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք»: Այսինքն, պետությունը իր վրա սահմանադրական պատասխանատվություն է վերցրել ոչ թե աշխատանքի իրավունքի ապահովումը, այլ աշխատանքի ազատ ընտրության իրավունքի ապահովումը, որը այսպես թե այնպես իր փոխարեն անում է անկաշկանդ նոր-ազատական աշխատանքային շուկան իր գործատուներով։
Վերջիվերջո ի՞նչ անել
Այս հարցի պատասխանն ինձ համար միշտ շատ պարզամիտ է հնչում, բայց պետք է հասկանալ, որ այս հարցին հնարավոր չէ տալ համընդհանուր գործող պատասխան․ չկա մեկ բանաձև, որը կվերացնի բոլոր խնդիրները։ Կարող ենք խոսել մեր ընկերների ու գործընկերների հետ, հասկանալ ընդհանուր բողոքները, փորձել գտնել մարդկանց, ովքեր նույն խնդիրների կրողներն են, մեր ձայնը լսելի դարձնել, գտնել պայքարի գաղափարական հիմքեր։
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ աշխատանքային (և ոչ միայն աշխատանքային) շահագործումը կանխելու և վերացնելու համար հարկավոր է լինել սոլիդար միմյանց նկատմամբ, համախմբվել, միավորվել և պայքարել։ Իսկ պայքարի դուրս գալու անձնական պատճառները խիստ կարևոր ու արժեքավոր են։
Նոր-ազատական գաղափարախոսությունը սկսել է ցույց տալ իր իրական էությունը, մարդիկ սա նկատում են և մենք դրա ականատեսն ենք. կարող ենք օգտվել այս հնարավորությունից՝ վերականգնելու համար սոցիալական արդարությունը։
պետությունը իր վրա սահմանադրական պատասխանատվություն է վերցրել ոչ թե աշխատանքի իրավունքի ապահովումը, այլ աշխատանքի ազատ ընտրության իրավունքի ապահովումը, որը այսպես թե այնպես իր փոխարեն անում է անկաշկանդ նոր-ազատական աշխատանքային