Այսօր Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որը իշխանությունների կողմից վարած անհեռատես տնտեսական, սոցիալական և աշխատանքային քաղաքականության հետևանք է։ Այս մասին ապրիլի 27֊ին հայտարարություն է տարածել Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը։
«Շուտով մայիսի 1-ն է: Oր, երբ աշխարհի բոլոր արհմիությունները միաձայն բարձրաձայնում են իրենց իրավունքների ու շահերի մասին և իրենց զորակցությունն են հայտնում միմյանց։ Վերջին տարիներին աշխատանքը կորցրածներին զրկեցին գործազրկության նպաստից, առողջության խնդիրներ ունեցող աշխատողների համար սահմանափակեցին անաշխատունակության նպաստի իրավունքը, աշխատողների համար սահմանեցին նոր պարտադիր վճարներ, որոնք գուցե և «բարի նկատառումներով», բայց փաստացի վատթարացրեցին աշխատողների վիճակը։ Չբավարարվելով այսքանով, չարաշահելով աշխատողների համբերությունը` կառավարությունը շրջանառության մեջ դրեց աշխատանքային օրենսգրքի մի նախագիծ, որով զրկում է աշխատողներին իրենց եկամուտների ինդեքսավորումից, վերացնում է հավելավճարները արտաժամյա և վնասական աշխատանքի համար։ Պետական համակարգում տարիներ շարունակ բուծվել և արմատացվել է վախի մթնոլորտ, որպեսզի աշխատողները չկարողանան բարձրաձայնեն իրենց իրավունքների և շահերի հետ կապված խնդիրները: Օրենսդրությունը հնարավորություն չի ընձեռում հանրային ծառայողների համար վարել կոլեկտիվ բանակցություններ և ներկայացնել նրանց շահերը հանրապետական մակարդակով։ Ստեղծված համակարգը դեմ է ուղղված ոչ միայն աշխատողներին, այլ նաև մեր պետականության զարգացմանը. վստա՛հ ենք, որ կաշկանդված աշխատողը չի կարող և շահագրգռված չէ արդյունավետ աշխատել։
Սակայն վախի մթնոլորտում գտնվող աշխատողների փոխարեն բողոքի ձայն բարձրացրեցին իրենց երեխաները՝ վերցնելով նրանց վրա մեր երկրի զարգացման պատասխանատվությունը։ Ճակատագրի հեգնանքով հենց Մայիսի 1-ին Ազգային ժողովում նախատեսվում է վարչապետի ընտրություն։Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին ցուցաբերել ողջամտություն, համեստություն, ի ցույց դնել, որ ժողովրդի իրական ընտրյալներ են, ընտրել ժողովրդի կողմից ընդունելի վարչապետ և ձևավորել ազգային համաձայնության կառավարություն, որը ի վիճակի կլինի տանել մեր երկիրը դեպի իրական ժողովրդավարություն և դուրս բերել Հայաստանի Հանրապետությունը քաղաքական ճգնաժամից»,֊ ասված է Ասատրյանի հայտարարությունում։