Արևմտյան Վրաստանում գտնվող Թկիբուլիում 2016-2018թթ-ին Մինդելիի անվան հանքավայում 16 մարդ է զոհվել։ Չնայած բազմաթիվ դժբախտ պատահարներին, աշխատանքային անվտանգության նորմերի պահպանման խնդիրը Վրաստանում շարունակում է արդիական մնալ, իսկ հանքափորի մասնագիտությունը համարվում է ամենածանրերից և վտանգավորներից մեկը։ Սակայն Թկիբուլիի բնակիչների համար դա ընտանիք պահելու միակ տարբերակն է։
Մինդելիի անվան հանքում, չնայած բարդություններին և մեծ ռիսկերին, տղամարդկանց զուգահեռ նաև կանայք են աշխատում։ JAMnews-ը պատմում է, թե ինչու են կանայք որոշել հանքափորի համազգեստ կրել և ինչպես են նրանք ապրում։
Մակա Գոտիաշվիլին և Նատո Քեթիլաձեն աշխատում են Մինդելիի անվան հանքավայրի հանգուցային հատածում։ Այդտեղ երեք ամբարձիչ գիծ կա, որտեղ նրանք որպես մեքենավարներ են աշխատում։ Դրանք հանքափորներին իջեցնում և բարձրացնում են 250, 300 և 400 մետրից։ Սակայն ոչ միայն մարդկանց, այլև բեռ՝ միանգամից 12 տոննա ածուխ։
«Այլ ելք չկար, պետք էր ընտանիք պահել, երեխաներին ոտքի կանգնեցնել։ Թկիբուլիում հանքահորերից բացի ոչինչ չկա։ Ողջ քաղաքն է դրանով ապրում», – ասում է 37-ամյա Մակա Գոտիաշվիլին, որը հանքավայրում է աշխատում արդեն յոթ տարի։
Նրա խոսքով՝ ինքն իհարկե չի երազել աշխատել Վրաստանի ամենածանր և վտանգավոր ոլորտում, սակայն ամուսնու մահը նրան ստիպել է մեքենավարի համազգեստ հագնել և հանքավայր գնալ։
Մինդելիի և Ձիձիգուրիի հանքահորերում ընդհանուր առմամբ 1400 մարդ է աշխատում, նրանցից 98-ը կանայք են։ Սակայն ծանր աշխատանք են կատարում միայն Մական և Նատոն, մնացած կանայք վարչական աշխատանք են անում։
Մական հիշում է, որ հանքում աշխատելու մասին որոշում կայացնելը դժվար չէր։ Թկիբուլիում այլ բան պարզապես չկա։ «Ես այդտեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Գործս սովորել եմ, դրան չափազանց մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում, և այն արդեն կյանքիս մի մասն է դարձել։ Ճիշտն ասած, նույնիսկ հանգստյան օրերին հանքավայր եմ ուզում գնալ։ Երևի պրոֆեսիոնալիզմն ու աշխատանքի հանդեպ սերը հենց դա է»։
Եվ 50-ամյա Նատոն սկսել է հանքում աշխատել ամուսնու մահից հետո։ Ինչպես և Մական, նա Թկիբուլիում է ապրում, և պետք է ընտանիքը պահի։ Բնականաբար, այլ ընտրություն նա չի ունեցել։ Հանքում է աշխատում արդեն 12 տարի։
«Չեմ վախենում և ծանր աշխատանքից չեմ փախչում։ Այո, հանքում աշխատելը երբեք իմ կյանքի երազանքը չի եղել, սակայն այդպես է դասավորվել, այստեղ էլ մինչև վերջ աշխատելու եմ», – ասում է Նատո Քեթիլաձեն։
Անկախ Վրաստանում քարածխի արդյունահանումը վերսկսվել է 2006թ-ին։ Չորս հանքերից այսօր աշխատում են միայն երկուսը՝ Մինդելիի և Ձիձիգուրիի անվան հանքերը։ Արդյունահանման աշխատանքները համակարգում է «Սակնախշիրի» ընկերությունը, որը պատկանում է «Վրաստանի ինդուստրիալ խումբ» Ltd հոլդինգին։
Խորհրդային ժամանակների համեմատ՝ այդ երկու հանքերն աշխատում են չնչին ծանրաբեռնվածությամբ։ Սակայն նույնիսկ այսպիսի ռեժիմն է շատ կարևոր Թկիբուլիի համար, որը վրացական մյուս քաղաքների պես խեղդվում է գործազրկությունից։
Աշխատանքի դիմաց, որից կախված է ինչպես իրենց, այդպես էլ հանքափորների անվտանգությունը, Մական և Նատոն ամսական միջինում 800 լարի են ստանում։ Դա այլընտրանք չունեցող ուղի է ընտանիք կերակրելու համար։ Հանքում մեքենավարի աշխատանքն առավելագույն կենտրոնացվածություն և ուշադրություն է պահանջում։ Հանքն անփութություն չի հանդուրժում։
«Աշխատանքի ենք գալիս արդեն բացարձակ կենտրոնացված գիտակցությամբ։ Դա մեր աշխատանքի յուրահատկությունն է», – ասում է Մական։
Հանքում աշխատանքի անցնելուց առաջ և Մական, և Նատոն լեռնաարդյունաբերության եռամսյա կուրսեր են անցել։ Այսօր նրանք իրենց գործում պրոֆեսիոնալ են, որոնց կադրերի պակասի պատճառով այնքան էլ հեշտ չէ փոխարինել։ Կանայք հանքում աշխատում են շաբաթը հինգ օր, օրական չորս ժամ։ Դրան գումարվում է տան աշխատանքը, երբ նրանք աշխատանքից տուն են վերադառնում։
«Տարիների հետ, երբ փորձ ես հավաքում, իհարկե, աշխատելն ավելի հեշտ է դառնում։ Զուտ հոգեբանական պահ էլ կա, երբ գիտես, որ այդ աշխատանքը թե հանքում, թե տանը քո փոխարեն ոչ ոք չի անելու։ Երևի կզարմանաք, եթե ասեմ, որ հանքի աշխատանքը գերադասում եմ տան գործերին», – ասում է Նատոն։
Շատ տղամարդ հանքափորներ պնդում են, որ կանայք հանքավայրում ավելի մոբիլիզացված են։ Ռոբինզոն Կիրշանովը մասնագիտությամբ երաժիշտ է, սակայն թկիբուլցիներից շատերի պես նա հանքում աշխատելով է գումար վաստակում։
«Գիշերը ստիպված ենք հերթապահել։ Տղամարդիկ կարող են թուլանալ և քնով անցնել, իսկ կանայք՝ երբեք։ Կանանց վրա իրոք ամբողջությամբ կարելի է վստահ լինել», – պատմում է Ռոբինզոն Կիրշանովը։ «Ես երբեք կնոջս, երեխաներիս կամ ծանոթ կանանց խորհուրդ չեմ տալիս այսպիսի ծանր աշխատանի անցնել։ Մեղք են»։
Մական և Նատոն ասում են, որ հանքում աշխատելու վերաբերյալ որոշում կայացնելուն օգնել է նաև այն հանգամանքը, որ այնտեղ իրենցից առաջ էլ էին կանայք աշխատում։
Լամարա Բերիանիձեն Թկիբուլիի հանքերի միակ կին մարքշեյդերն է, մինչև հիմա ափսոսում է, որ 36-ամյա աշխատանքից հետո ստիպված է եղել հանգստի անցնել։ «Ազատեցին՝ նույնիսկ իմ կողմ չնայելով։ Եթե նույնիսկ ավելի պրոֆեսիոնալ աշխատակից էին գտել, կարող էին, չէ՞, մարդավարի շնորհակալություն հայտնել։ Մինչև հիմա սիրտս ցավում է»։
Նա արդեն մեկ տարուց ավելին է, ինչ թոշակի է անցել, սակայն կարծում է, որ հիմա հանքում կարող էր նախկինից ավելի շատ աշխատել։
Թկիբուլին վերջին տարիներին հաճախակի դարձած մահվան դեպքերի պատճառով «մահվան քաղաք» են անվանում։ Տարեցտարի քաղաքը դատարկվում է․ խորհրդային տարիներին այստեղ բնակչության թիվը հասնում էր 22 հազարի։ 2014 թ-ի մարդահամարի համաձայն՝ Թկիբուլիի բնակչությունը կրճատվել է մինչև 9770 մարդ։ Մեծ մասը քաղաքը լքել է ավելի լավ աշխատանք գտնելու հույսով։
Թկիբուլիի յուրաքանչյուր երկրորդ բնակիչ հանքավայրում է աշխատում։ Նրանք բոլորը միանման կերպով կապված են հանքերի հետ․ եթե դրանք չաշխատեն, խանութները նույնպես կփակվեն, տրանսպորտը չի աշխատի և այլն։
Սակայն վերջին տարիների ողբերգություններն ավելի ու ավելի շատ են նվազեցնում հանքափոր աշխատելու ցանկությունը։ Մարդիկ կարծում են, որ ողբերգություններն անվտանգության նորմերի խախտման հետևանք են։ Ընկերությունն անվտանգության նկատառումներով թարմացրել է տեխնիկան 2018թ-ի հունիսին՝ վերջին դեպքից մեկ ամիս առաջ։ Այն ժամանակ ընկերությունը հայտարարեց, որ անվտանգության նորմերն առավելագույնս պահպանված են։
նյութն ամբողջությամբ՝ jam-news.net կայքում