Շիրակի պետական համալսարանի դասախոսը Հովհաննես Խորիկյանը օրեր առաջ հաղթել է ընդդեմ համալսարանի հայցը և վերականգնվել իր աշխատանքին։Խորիկյանը դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել համալսարանի նախկին ռեկտոր ՀՀԿ-ական Սահակ Մինասյանի՝ իրեն աշխատանքից ազատելու այս տարվա մարտի 15-ի հրամանը: Դատարանը հայցը բավարարել է ամբողջությամբ։ Դասախոսը ստանալու է նաև պարապուրդի ժամանակ չստացած աշխատավարձը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Խորիկյանը։
Ռեկտորի կողմից ստորագրված փաստաթղթում նշված էր, որ ազատման համար հիմք են հանդիսացել Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ի մասի 6-րդ կետը (աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելը) և 122-րդ հոդվածի 2-րդ կետը (ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք)։ Նույն կետերի համաձայն, ազատվել է նաև նույն բուհի դասախոս Գագիկ Համբարյանը, որն էլ այս տարվա հուլիսին է հաղթել դատարանում և արդեն իսկ վերականգնվել է աշխատանքի։
Դասախոսները դեռ այն ժամանակ նշել են, որ ռեկտորն իրենց դեմ հաշվեհարդար է տեսնում, քանի որ իրենք բարձրաձայնել են նրա կողմից արված կամայականությունների մասին։