հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կրթություն / Ռեկտորին քննադատելուց հետո դասախոսներին ազատել են աշխատանքից

Ռեկտորին քննադատելուց հետո դասախոսներին ազատել են աշխատանքից

Գյումրու պետական համալսարանի ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանն առանց զգուշացման այսօր ազատել է աշխատանքից դասախոսներ Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին։ Epress.am-ի հետ զրույցում Խորիկյանը պնդել է, որ դա կապված է բուհի ռեկտորի կամայականությունների մասին իր բարձրաձայնումների հետ։ Խորիկյանը պատրաստվում է դիմել դատարան և շարունակել պայքարը։

Հովհաննես Խորիկյան

Ռեկտորի կողմից ստորագրված փաստաթղթում նշված է, որ ազատման համար հիմք են հանդիսացել Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ի մասի 6-րդ կետը (աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելը) և 122-րդ հոդվածի 2-րդ կետը (ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք)։ Նույն կետերի համաձայն, ազատվել է նաև Համբարյանը։

«Ես հրամանը չեմ վերցրել, միայն լուսանկարել եմ։ Ինձ աշխատանքից հանել են առանց համապատասխան հիմքերի և կամայականորեն», -ասել է Խորիկյանը։

Ավելի վաղ մեզ հետ զրույցում, դասախոսը բարձրաձայնել էր, որ Մինասյանն ամբողջությամբ ավերել է համալսարանի գրադարանային ֆոնդը։ Ռեկտորը 15 տոննա գիրք համարել է առողջության համար վտանգավոր և առանց համապատասխան փորձաքննության՝ գրքերը հանձնել է որպես թղթի թափոն։

Այդ քայլը, Խորիկյանի խոսքով, ռեկտորն արել է, որ գրապահոցներն ազատի և համալսարանում գրախանութ բացի։ Ճիշտ է՝ դասախոսների բողոքից հետո գրախանութ չի բացվել, սակայն գրապահոցներն այդպես էլ դատարկ են մնացել։

Դասախոսը նշել է, որ այժմ իր վրա են փորձում բարդել նաև գրապահոցի դատարկման հարցը։

Խորիկյանը պատմել է, որ իր ազատումից մեկ օր առաջ համալսարանում է եղել ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը։

«Ռեկտորը, ինչպես միշտ, կարևոր պահի այնտեղ չէր։ Բոստանջյանը շատ խիստ արձագանքեց, ասաց՝ այն հիմքերը, որ մենք ներկայացրել էինք, իրականությանը գրեթե ամբողջությամբ համապատասխանում են․ եղել կանոնադրության խախտում, կրթության որակը բուհում ընկած է», -ասել է Խորիկյանը։

Նրա խոսքով՝ հաջորդ օրը ռեկտորը եկել է և ազատել իրենց․ «Դե ցանկանում է ցույց տալ, որ ինքն ուժեղ է»։

Նշենք, որ Խորիկյանը մոտ մեկ ամիս առաջ մեկօրյա հացադուլ էր արել՝ նշելով, որ ցանկանում է հանրության ուշադրություն հրավիրել ռեկտորի անօրինությունների վրա։

Դեռևս 2017 թվականի սեպտեմբերի 25-ին Խորիկյանը և համալսարանի աշխատակից Գագիկ Համբարյանը բաց նամակով դիմել են ՀՀ նախագահին։ Այնտեղ, Խորիկյանի խոսքով, իրենք մանրամասն ներկայացրել են՝ ինչպես է Մինասյանը «կործանում բուհը»։

«Ոչ միայն ուսումնական պրոցեսն է ամբողջությամբ խաթարված, այլ նաև իր մեկ տարվա պաշտոնավարության ընթացքում նա մսխել է բուհի ամբողջ բյուջեն՝ մոտ 500 միլիոն դրամ», ֊ նշել էր դասախոսը։

Ի թիվս այլ անօրինությունների, նշում է Խորիկյանը, Մինասյանը մտցրել է ինտեգրված ուսուցում․ հեռակա բաժնի ուսանողները դասի են մասնակցում առկա ուսուցմամբ սովորողների հետ․ «Նպատակը այն է, որ հեռակա ուսանողների համար առանձին չվարձատրեր դասախոսներին և դա էլ մսխեր»։