հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կրթություն / Շիրակի պետական համալսարանի դասախոսն ընդդեմ ռեկտորի հացադուլ է հայտարարել

Շիրակի պետական համալսարանի դասախոսն ընդդեմ ռեկտորի հացադուլ է հայտարարել

Շիրակի պետական համալսարանի Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանն անժամկետ հացադուլ է սկսել: Նա ասում է, որ իր նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել բուհի ՀՀԿ֊ական ռեկտոր Սահակ Մինասյանի անօրինությունների վրա։ Epress.am-ի հետ զրույցում Խորիկյանը ներկայացրել է իր մտահոգությունները։

Հովհաննես Խորիկյան

Դեռևս 2017 թվականի սեպտեմբերի 25-ին Խորիկյանը և համալսարանի աշխատակից Խաչիկ Համբարյանը բաց նամակով դիմել են ՀՀ նախագահին։ Այնտեղ, Խորիկյանի խոսքով, իրենք մանրամասն ներկայացրել են՝ ինչպես է Մինասյանը «կործանում բուհը»։

«Ոչ միայն ուսումնական պրոցեսն է ամբողջությամբ խաթարված, այլ նաև իր մեկ տարվա պաշտոնավարության ընթացքում նա մսխել է բուհի ամբողջ բյուջեն՝ մոտ 500 միլիոն դրամ», – նշել է դասախոսը։

Նա պնդել է, որ Մինասյանն ամբողջությամբ ավերել է համալսարանի գրադարանային ֆոնդը։ 15 տոննա գիրք ռեկտորը համարել է առողջության համար վտանգավոր, և առանց համապատասխան փորձաքննության՝ գրքերը հանձնել է որպես թղթի թափոն։

Այդ քայլը, Խորիկյանի խոսքով, ռեկտորն արել է, որ գրապահոցներն ազատի և համալսարանում գրախանութ բացի։ Ճիշտ է՝ դասախոսների բողոքից հետո գրախանութ չի բացվել, սակայն գրապահոցներն այդպես էլ դատարկ են մնացել։

Ի թիվս այլ անօրինությունների, նշում է Խորիկյանը, Մինասյանը մտցրել է ինտեգրված ուսուցում․ հեռակա բաժնի ուսանողները դասի են մասնակցում առկա ուսուցմամբ սովորողների հետ։

«Նպատակը այն է, որ հեռակա ուսանողների համար առանձին չվարձատրեր դասախոսներին և դա էլ մսխեր», – նշում է դասախոսը։

Փետրվարին Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետում դեկանի ընտրություններ են անցկացվելու։ Ըստ բուհի կանոնադրության՝ դեկանների և վարիչների ընտրությունները պետք է կատարվեն ֆակուլտետների խորհուրդներում․ «Հերթական անգամ իրեն օրենքից վեր համարող ռեկտորն առաջնորդվում է սեփական կապրիզներով և անձնական մղումներով՝ նշված ընտրությունները կամայականորեն տեղափոխելով գիտական խորհուրդ, որ կարողանա ուղորդել։ Նա համալսարանի կանոնադրությունը համարում է թղթի կտոր։ Եվ ուզում է ցույց տալ, որ համալսարանն իր համար փոքր պետություն է, ինքն էլ այնտեղի արքայիկն է»։

Դասախոսները դիմել են Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, որպեսզի վերջինս կասեցնի փետրվարի 12-ին համալսարանի գիտական խորհրդում ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների ընտրությունը։

Նշենք, որ դեռևս սեպտեմբերի 27-ին Լևոն Մկրտչյանը գնացել է համալսարան, հանդիպել դասախոսական կազմի հետ։ Հոկտեմբերի 1-ից 4֊ը բուհում ԿԳՆ-ն համապատասխան ստուգող հանձնախումբը ստուգումներ է անցկացրել։

«Ի զարմանս մեզ՝ նամակում ինչ նշել էինք, դրանք որպես դիտողություններ, խախտումներ էին դիտարկել, սակայն դրա հետքերով ոչ մի գործ չի տարվել», – նշել է Խորիկյանը։

Նշենք, որ մինչ ռեկտորի պաշտոնը ստանձնելը Մինասյանը 20 տարի զբաղեցրել է Շիրակի մարզի կրթության վարչության պետի պաշտոնը։