Մարտի 10-ի լույս 11-ի գիշերը Ֆեյսբուքի օգտատեր Աննա Հարությունյանն ահազանգել էր, որ Իտալիայի ոստիկանությունը Հռոմի Չամպինո օդանավակայանում դուրս է հանել տարածքից տարանցիկ ուղևորներին, ովքեր ցուրտ գիշերվա կեսին փողոցում են մնացել․
«ՀՐԱՏԱՊ. ով կարող ա ասել, ինչպես կապվել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ ՀԵՆՑ ՀԻՄԱ։ Հռոմի Չամպինո օդանավակայանում մի շարք ՀՀ քաղաքացիներին (նրանց թվում կա նաև երեխա), ովքեր ներկայումս տրանզիտ են Հռոմում, օդանավակայանի անվտանգության ծառայությունը ստիպողաբար փողոց է հանում օդանավակայանից։ Իտալացիները ժ.00:00-ին պատրաստվում են փակել օդանավակայանը դուրս հանելով բոլոր տրանզիտ ուղևորներին։ Մարդկանց ոչ հյուրանոց են տրամադրում, ոչ էլ ուղեկցում, հրաժարվում են անվտանգությունն ապահովել։ Ինչ կարելի ա անել, ինչով օգնենք»։
Օգտատերը գրառման մեջ մի շարք պաշտոնյաների՝ այդ թվում վարչապետին է նշել։
Երեկ երեկոյան Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հորդորել էր ՀՀ քաղաքացիներին չմեկնել Իտալիա, իսկ Իտալիայում գտնվողներին կոչ արել անհապաղ վերադառնալ Հայաստան․
«Իտալիայի ամբողջ տարածքում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ միջոցառումների պատճառով Ռայանէյր ավիաընկերությունը որոշում է կայացրել կասեցնել բոլոր երկրներից դեպի Իտալիա ժամանող և Իտալիայից մեկնող չվերթերը։
Մասնավորապես, չվերթերը կասեցվելու են ս. թ. մարտի 14-ից սկսած (այսինքն վերջին չվերթը տեղի է ունենալու մարտի 13-ին) մինչև ապրիլի 8-ը (ներառյալ):
Ինչ վերաբերում է Իտալիա-Հայաստան ավիաչվերթին, ապա ընդգծենք, որ Ռայանէյր ավիաընկերության կողմից դեպի Հայաստան վերջին չվերթը տեղի ունեցավ այսօր ժամը 21:40: Հավանականությունը մեծ է, որ այլ ավիաընկերությունները նույնպես նման քայլեր ձեռնարկեն և չեղարկեն թռիչքները Իտալիայից: Հետևաբար, կարևոր է, որ ՀՀ քաղաքացիները հնարավորինս շուտ վերադառնան Հայաստան, քանի որ հետագայում հնարավոր է Իտալիայից մեկնող չվերթեր չլինեն:
Ռայանէյր ավիաընկերությունը կտեղեկացնի բոլոր տուժած ուղևորներին չեղարկումների և հաջորդ քայլերի մասին։
Նշենք, որ այն դեպքում, երբ ավիաընկերությունն է չեղարկում չվերթը, ուղևորներին պետք է առաջարկի այլընտրանքային տարբերակներ։
Ավիաընկերությունը կտեղեկացնի, թե ինչ հնարավորություններ կամ այլընտրանքային տարբերակներ են առաջարկվում։
Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակիցները մարտի 10-ին գտնվել են Զվարթնոց օդանավակայանում, վերահսկել են Ռայանէյր ավիաընկերությամբ դեպի Իտալիա մեկնող և Իտալիայից ժամանող չվերթերը, տեղեկացրել COVID-19 կորոնավիրուսի վերջին զարգացումների մասին և հորդորել ՀՀ քաղաքացիներին չմեկնել Իտալիա»։