Home / Մարզեր / Ռուսաստանում ընդդիմանում են Պուտինի հավերժացմանը

Ռուսաստանում ընդդիմանում են Պուտինի հավերժացմանը

Ռուսաստանի Պետական դուման այսօր առավոտյան երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց նախագահ Վլադիմիր Պուտինի և հատուկ ստեղծված հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական փոփոխությունների փաթեթը։ Կողմ էր քվեարկել 383 պատգամավոր, 43֊ը ձեռնպահ էին մնացել, ոչ ոք դեմ չէր քվեարկել։

Երեկ Պետդուման երկրորդ ընթերցմամբ ընդունել էր փոփոխությունների փաթեթը, որով նախատեսվում էր Սահմանադրության մեջ հիշատակել աստծո անունն ու ամուսնությունը սահմանել բացառապես որպես կնոջ ու տղամարդու միություն։ Ընդունվեց նաև Պուտինի նախագահական ժամկետների զրոյացման մասին առաջարկը, որի շնորհիվ գործող նախագահը կկարողանա մասնակցել 2024-ի նախագահական ընտրություններին։

Մարտի 10-ի երեկոյան շուրջ 100 քաղաքացիներ հավաքվել էին Կրեմլի դիմաց ու միմյանց փոխարինելով պահում էին «Ոչ» գրառմամբ պաստառը։

Ռուսական պետականամետ հեռուստաալիքներն ու այլ լրատվականները Պուտինի ժամկետների զրոյացման որոշումը լուսաբանելու հետաքրքիր ձևեր էին գտել։ Հիմնավորումներից մեկն այն էր, որ այս փոփոխությունը նախագահին հնարավորություն կտա «չորս տարի հանգիստ աշխատել» ու չվերածվել «կաղ բադիկի» (ԱՄՆ֊ում այդ տերմինն օգտագործվում է այն քաղաքական գործիչների մասին, ում կառավարման ժամկետն արդեն ավարտին է մոտենում, իսկ վերընտրվելու հնարավորություն չկա), նաև կօգնի վերջ դնել «զրպարտություններին ու անարխիային»։

Բոլոր հեռուստաալիքները հերքում էին այն, որ ժամկետների զրոյացման որոշումը կապ ունի Պուտինի իշխանությունը պահպանելու ցանկության հետ։ Բոլորը փորձում էին հեռուստադիտողին համոզել, որ եթե նախագահը ցանկանար երկարաձգել իր նախագահությունը, դրա համար հազար ու մի այլ ձևեր կային։ Մեջբերում էին Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի խոսքերը․

«Եթե Ռուսաստանի Դաշնության նախագահը պարզապես ցանկանար մնալ իշխանության, հավատացեք, դա անելու օրինական ձևերն ավելի քան բավարար էին։ Եվ դա կարելի էր անել առանց Սահմանադրությանը կպնելու։ Բայց այս դեպքում առաջարկվում է արդար և ուղիղ ճանապարհ»։

Այսօր Դաշնային խորհուրդը ևս կհաստատի այս նախագիծը, վաղը կհաստատեն տեղական ինքնակառավարման մարմինները, մարտի 18-ին՝ Ղրիմի բռնակցման տարելիցի օրը, նախագիծը կստորագրի Վլադիմիր Պուտինը։ Համաժողովրդական քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 22-ին։