Ռուսաստանցի սթենդափ-կոմիկ Ալեքսանդր Դոլգոպոլովը հեռացել է երկրից, «Նաստայաշյայա վրեմյային» հայտնել են նրա փաստաբան Լեոնիդ Սոլովյովն ու համերգային տնօրեն Արմեն Գանդիլյանը։
Դոլգոպոլովը նման որոշում է կայացրել, երբ իմացել է, որ ոստիկանությունը հետաքրքրվում է իրենով և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքի հիմքով» շրջում է իրեն հյուրընկալած ակումբներով։
Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության Գլխավոր Վարչության Մոսկվայի մարզի բաժանմունքի մամուլի ծառայությունը երեկ հաստատեց, որ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում Դոլոգոպոլովի դեմ ստացված հավատացյալների զգացումնքները վիրավորելու մասին մեղադրական դիմումի հետ կապված։ Դիմումը ներկայացրել է Մերձմոսկովյան շրջանի Օրեխովո֊Զուևովի բնակիչը․ կոնկրետ ինչն է նրան վիրավորել՝ չի հստակեցվում։
Կրոնից բացի, Դոլգոպոլովը կատակում էր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին։
Հունվարի 22-ին «Նաստայաշյայա վրեմյային» տված հարցազրույցում սթենդափերը պատմում է, որ ելույթ էր նախատեսում Մոսկվայի կենտրոնում գտնվող «Բոլշոյ գոռոդ» բարում։ Ելույթին պատրաստվելու ընթացքում բարի ադմինիստրացիային մոտեցել է քաղաքացիական հագուստով մի տղամարդ ու համառորեն փորձել ճշտել, արդյոք կոմիկն արդեն ժամանել է, արդյոք ելույթը կայանալու է և այլն։
Հենց այդ միջադեպից հետո էլ Ալեքսանդրն ու իր թիմը լքել են բարի տարածքն ու հեռացել։ Գանդիլյանի փոխանցմամբ, Դոլոգոպոլովը «վտանգ է զգացել» ու որոշել չեղարկել ելույթը, իսկ հետո՝ հեռանալ երկրից։
Հունվարի 22-ին Դոլոգոպոլովը յութուբի իր ալիքում տեսանյութ էր հրապարակել «Ինձ ուզում են նստացնե՞լ» («Меня хотят посадить?») վերնագրով, որում խոստովանում է, որ վախեցել է։ «Հիմա եմ հասկանում, թե ինչու են մեր երկում մարդիկ չար ու դժգոհ․ իմաստ չունի սիրել սեփական գործը, իմաստ չունի գործիդ սիրով ու ոգևորությամբ մոտենալ։ Հենց սկսում ես մի բան սիրել, հենց կիրք ես զգում գործիդ նկատմամբ, սարքում ես քոնը՝ կամ վերցնում են քեզնից, կամ՝ նստացնում։ Մեր երկրում սիրելու ու աշխարհը փոխելու ցանկություն ունենալու իմաստ չկա։ Եթե լուռ ու վախկոտ չես, ամենայն հավանականությամբ խնդիրներ կունենաս։ Դրա համար էլ մեր երկրում այսպիսի միջավայր է․ իշխանությունը մարդկանց խանգարում է ապրել»։