Ռուսաստանի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս։ Այս մասին նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Որոշումը կապված է Պուտինի առաջարկած Սահմանադրական փոփոխությունների հետ։
Մեդվեդևի խոսքով, այդ փոփոխությունները կվերաբերեն «ոչ միայն Սահմանադրության մի շարք հոդվածների, այլ առհասարակ իշխանության հավասարակշռությանը, գործադիր իշխանությանը, օրենսդիր իշխանությանը, դատական իշխանությանը»։
«Այս համատեքստում ակնհայտ է, որ մենք՝ որպես Ռուսաստանի Դաշնության կառավարություն, պետք է մեր երկրի նախագահին այս պայմաններում բոլոր անհրաժեշտ որոշումները կայացնելու հնարավորություն ընձեռնենք։ Կարծում եմ ճիշտ կլինի, եթե ՌԴ Սահմանադրության 117 հոդվածի համապատասխան Ռուսաստանի Դաշնության ներկայիս կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական տա», – ասել է Մեդվեդևը։
Վլադիմիր Պուտինն իր երախտագիտությունն է հայտնել Մեդվեդևի կառավարությանը։ «Ամեն ինչ չի, որ հաջողվեց անել, բայց ոչինչ երբեք չի ստացվում ամբողջ ծավալով», – ասել է նախագահը, կառավարությանը խնդրելով շարունակել գործունեությունը մինչև նախարարների նոր գրասենյակի ձևավորում։
Պուտինը Մեդվեդևին առաջարկեց ստանձնել Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոնը։
Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահը ուղերձ էր հղել Դաշնային ժողովին ու Սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկում առաջարկել։ Փոփոխությունները հիմնականում վերաբերում են իշխանության մարմինների լիազորությունների բաշխմանը։ Մասնավորապես, առաջարկվում է Պետդումային իրավունք տալ հաստատել և ոչ միայն համաձայնեցնել վարչապետի, փոխվարչապետերի և դաշնային նախարարների նշանակումները։
Պուտինը հայտարարեց, որ չնայած Նոր Սահմանադրություն ընդունելու մասին խոսակցություններին, ինքը դա նպատակահարմար չի համարում։ «Նման անհրաժեշտություն չկա, 1993 թվականին ընդունված Մայր օրենքն իր պոտենցիալը դեռ չի սպառել»,- ասել է նախագահն ու առաջարկել որոշ ուղղումներ մտցնել։
Օրինակ․
— հաստատել Սահմանադրության գերակայությունը ռուսաստանյան իրավական հարթությունում։ «Այդպիսով, միջազգային օրենսդրության պահանջները կիրագործվեն այնքանով, որքանով դրանք կհամապատասխանեն մեր սահմանադրությանը»;
— Սահմանադրությամբ ամրագրել, որ սուբյեկտների ղեկավարները, պատգամավորները, Դաշնային խորհրդի անդամներն ու դատավորները չեն կարող օտարերկրյա քաղաքացիություն կամ բնակության իրավունք ունենալ․ «Պետական ծառայությունների առաքելությունը հենց ծառայությունն է, պետպաշտոնյան պետք է իր կյանքը Ռուսաստանի հետ կապի՝ առանց կիսատոների ու բացթողումների»;
— Մայր օրենքում նախագահի թեկնածուների պահանջներ սահմանել․ պետք է ավելի քան 25 տարի Ռուսաստանում բնակված լինեն, չունենան օտարերկրյա քաղաքացիություն կամ բնակության իրավունք, ընդ որում, ոչ միայն ընտրությունների պահին, այլ առհասարակ;
— Պետդումային վստահել կառավարության ղեկավարի, փոխվարչապետերի և դաշնային նախարարների ընտրությունը։ Ռուսաստանի նախագահը, ով ներկայումս որոշում է կառավարության կազմը, պետք է հաստատի խորհրդարանի կողմից առաջադրված թեկնածությունները;
— փաստաթղթում ամրագրել Պետական խորհրդի դերն ու կարգավիճակը, մեծացնել տեղական ինքնակառավարման լիազորությունները։ Պուտինը նշեց, որ համաձայն է ներկայումս գործող օրենսդրական նորմի հետ, որի համաձայն նույն անձը չի կարող զբաղեցնել նախագահի պաշտոնը միանվագ երկու ժամկետից ավել։
Նախագահը հայտարարեց, որ փոփոխությունների այս փաթեթի ընդունման համար անհրաժեշտ կլինի համաժողովրդական քվեարկություն կազմակերպել․ «Միայն դրա արդյունքների հիման վրա հնարավոր կլինի վերջնական որոշում կայացնել։ Ի վերջո ամեն ինչ մարդիկ են որոշում»։
Բի֊բի֊սի֊ի կառավարամերձ աղբյուրի պնդմամբ, նախարարների պալատը նախապես տեղյակ չէր հրաժարականների անհրաժեշտության մասին։ Նախագահի և կառավարության հանդիպման մասին հայտնի դարձավ ուղերձի ընթերցումից հետո։