Home / Կրթություն / Իրավապաշտպան․ Գնահատական տալ համակարգին, ոչ թե նախկին իշխանություններին

Իրավապաշտպան․ Գնահատական տալ համակարգին, ոչ թե նախկին իշխանություններին

Քաղաքական գնահատական պետք է տալ ոչ թե Հայաստանի նախկին իշխանություններին, այլ համակարգին։ Այս մասին թեմայի շուրջ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը։

«Համակարգը, որն անկախությունից հետո սկզբնական շրջանի այդ ժողովրդավարական գործընթացներն ուղեկցեց դեպի այնպիսի զարգացումներ, որոնք հանգեցրեցին, ըստ էության, մեկ կուսակցության գերիշխանությանը, մենք այդ համակարգի հետ կապված խնդիր ունենք։

Համակարգը մարդիկ են, բայց այդ նույն մարդիկ ստեղծում կամ ապրում են տոտալիտար համակարգում, կամ այդ նույն մարդիկ ապրում են ժողովրդավարական համակարգում։
Առավել հիմնավոր խնդիրը կայանում է նրանում, որ հեղափոխությունը լինում է այն դեպքում, երբ որ պետությունը զավթված է լինում մի խմբի կողմից։ Այսինքն մարդիկ որոշ ժամանակ գոյատևում են այդ զարգացումներում, որոնք հանգեցրել են պետության զավթմանը, և ինչ-որ մի պահի ընդվզում են այդ պետության զավթման դեմ։

Պետության զավթման ամենից կարևոր հանգամանքն է՝ խնդիրը ո՛չ թե նրանում է, որ կոռուպցիա կարող է լինել, այլ որ կոռուպցիան չբացահայտվի կամ բացահայտված կոռուպցիայի համար պատասխանատվություն չկրեն։

Հայաստանում իշխանությունը փոխվեց քաղաքացիական ընդվզումների արդյունքում։ Այժմ կարևոր հարց է՝ արդյոք ստեղծվել են երաշխիքներ կամ այդ երաշխիքների ուղղությամբ քայլեր են կատարվում, որպեսզի մենք չունենանք այն, ինչ ունեինք։ Ցավոք սրտի, ես պետք է ասեմ, որ առաջին կարևոր քայլը, որ պետք է այդ երաշխիքը լինի, դա սահմանադրական փոփոխությունները պետք է լինեին, որովհետև մինչ այդ սահմանադրության նորմերի խախտմամբ տեղի ունեցող պետության զավթումն արդեն ամրագրվեց սահմանադրական նորմերով, երբ որ ամրագրվեց, ուզում եմ հիշեցնել, կայուն քաղաքական մեծամասնություն հասկացողության ներգրավմամբ։ Եվ էդ կայուն քաղաքական մեծամասնությունը կարող է ձևավորվել՝ էլի որևէ տրամաբանության մեջ չտեղավորվող, առավելագույն երեք քաղաքական ուժերով։ Եվ ոչ֊մեկն այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչո՞ւ չի կարող, ենթադրենք, 5 կամ 6 կուսակցությունների կողմից բաղկացած լինի։ Բայց մյուս կողմից էլ՝ ինչո՞ւ ընդհանրապես «քաղաքական կայուն մեծամասնություն» հասկացողությունը պետք է շրջանառության մեջ դնել։ Պարզ է, որ ժողովրդավարական կառավարման մոտեցումը հուշում է՝ ով շատ ձայն հավաքեց, նա՛ է ձևավորում․․․

Բայց, մյուս կողմից, չկային ու չկան արդյունավետ մեխանիզմներ՝ մեծամասնության իշխանությունը կանխելու, որպեսզի այն չդառնա բացարձակ իշխանություն։ Եվ էստեղ ամեն ինչը դրված է անձանց կամային կամ այլ հատկանիշների վրա։ Բայց իշխանությունն ունի գայթակղելու հատկություն, դա իշխանության բնույթն է։ Էդ առումով պետք է լինեն ինստիտուցիոնալ երաշխիքներ՝ սահմանափակելու մեծամասնության իշխանությունը, վերահսկելի դարձնելու։

Մի կողմից, հիմա կա դատաիրավական բարեփոխումների այդ ծրագիրը, որը նախատեսում է սահմանադրական փոփոխություններ։ Ասես, որ օրակարգում չկան սահմանադրական փոփոխություններ, ճիշտ չի լինի։ Բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ դա չէր կարելի անել, ենթադրենք, փետրվարից, և հիմա մենք մի 5-6 ամիս առաջ ընկած կլինեինք։ Երկրորդը՝ հստակ չի ձևակերպվում իշխանությունների՝ դատական, գործադիր, օրենսդիր իշխանությունների տարանջատման և փոխզսպման խնդիրը որպես արմատական խնդիր։

Ելնելով մեր նախորդ փորձից, այդ փորձի վերագնահատման արդյունքում ես դու գտնում այն լուծումը, որը կոչվում է իշխանությունների տարանջատման և զսպման սկզբունք։ Էստեղ ենք մենք գալիս հետևյալին․ քաղաքական գնահատական տալ ո՛չ թե նախորդ իշխանություններին, այլ կառավարման համակարգին, պետության զավթմանը՝ ամրագրելու համար այդ պետության զավթման հակաքաղաքակրթական լինելը, այդ արժեքային համակարգն ի մի բերելու և ասելու, որ մենք սրանից հետո այսպիսի պետություն ենք, պետության այնպիսի տեսլական, որը կերաշխավորի նոր հեղափոխության կանխումը, որ մարդիկ արդեն օտարված չլինեն պետությունից։

Պետության զավթման ուղղակի հետևանք է 30 տոկոս աղքատության առկայությունը։ Պետության զավթման հետևանք է հենց թեկուզ Ամուլսարը և հանքային պետական ռեսուրսների այդպիսի կառավարումը։ Պետության զավթման հետևանք է, երբ, հստակ գնահատականներով, 19-ից 21 տարեկանների 10 տոկոսն անգրագետ է գնահատվում։ Պետության զավթման հետևանք է, երբ մեր աշակերտների 50 տոկոսը չի կարողանում հաղթահարել մաթեմատիկայի նվազագույն շեմը․․․»։

Իրավապաշտպանը մեկնաբանել է նաև Արդարադատության նախկին փոխնախարար, Ղարաբաղի նախկին Օմբուդսմեն, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հայտարարությունն, ըստ որի, Հայաստանում կա դասական քաղբանտարկյալ՝ ի դեմս ԱԺ նախկին ղեկավար Արսեն Բաբայանի։ Ըստ Մելիքյանի՝ ներկա իշխանությունները փորձում են ամեն գնով հնազանդեցնել դատաիրավական համակարգը։ Արձագանքելով հարցադրմանը, Սաքունցը, նախ, ընդգծեց, որ չի կարող Մելիքյանի գործընկերը լինել․ «Ես պետք է հիշեցնեմ Վահրամ Փափազյանի հայտնի ասույթը․ ամեն սև բան, մանչս, Օթելլո չէ։

Հիշում եմ՝ Միացյալ Նահանգներ այցի ժամանակ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանին հարց էին հղում Շանթ Հարությունյանի վերաբերյալ, այն ժամանակ ինքը նույնիսկ չհամարձակվեց գնահատականը տալ։

Միանշանակ այս պահին մերժում եմ և պնդում եմ, որ քաղաքական իշխանության կողմից, ըստ քաղաքական կարծիքների, հետապնդում չկա։ Կան, իհարկե, իրավունքի պաշտպանության և իրավունքի իրացման հետ կապված հարցեր։ Մենք դրա համար օրակարգ վերադարձրեցինք դատաիրավական համակարգը շուտափույթ փոխելու [հարցը]․ ոստիկանությունը փոխվե՞լ է։ Ոչ, չի փոխվել։ Դատարանը փոխվե՞լ է։ Ոչ, չի փոխվել։ Ազգային անվտանգության ծառայությունը բովանդակային առումով փոխվե՞լ է։ Ոչ, չի փոխվել։

Ոչ միայն մարդիկ են նույնը մնացել, այլ համակարգը շարունակում է գործել նախկին՝ պետությունը զավթած այդ համակարգի արժեքային հիմքի վրա։

Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ կրթական համակարգում կառավարման բնույթը փոխվել է։ Ոչ, չի փոխվել, որովհետև կառավարման այդ համակարգը, որը տարիներ շարունակ ձևավորվել էր և որի տրամաբանության հիմքում ընկած էր, որ այն պետք է օգտագործվի մի քաղաքական ուժի կողմից․ տնօրենների մեծ մասը Հանրապետական կուսակցության անդամներ էին․․․ Էնպես չէ, որ բոլոր տնօրենները Հանրապետական կուսակցությունից դարձել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, չկա այդ բանը։ Բայց ոճը, մեխանիզմը, մթնոլորտը, որը տիրում է, մնացել են նույնը»։

Հարց հնչեց այն մասին, որ, համակարգային կոռուպցիայի բացակայության պայմաններում, արդյոք կոռուպցիա չե՞ն «թաքուն աշխատավարձերը»։ Նշենք, որ պաշտոնյաների աշխատավարձերը բաձրացնելու մասին լուրը աղմուկ էր հանել, ինչից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դա գաղտնի չէր արվել, այլ հարցը նույնիսկ քննարկվել էր Ազգային ժողովում։ Նա նաև ասել էր, որ որոշման արդյունքում որոշ մարդկանց աշխատավարձերն իջեցվել էին։

«Շահերի բախումը, ոչ թափանցիկ ու հաշվետու կառավարումը հանդիսանում է պարարտ հող կոռուպցիոն դրսևորումների համար, միանշանակ։ Բայց դրա համար էլ մենք հարցը բարձրացնում ենք այն մասին, որ դանդաղում են համակարգային փոփոխությունները։ Մենք կարող ենք էստեղ քննադատել կոնկրետ դանդաղեցման առումով և այդ ընթացքում որոշ մարդիկ կարող են իրենց փորձել լավ զգալ։ Բայց եկեք համաձայնենք, որ որոշակի հարցերում շատ զգայուն է իշխանությունը, նկատի ունեմ՝ հանրային կարծիքի հետ կապված»։

Արթուր Սաքունցը խոսեց նաև իշխանությունների կողմից՝ տարբեր բնագավառներում փոփոխություններ կատարելու հետ կապված կոնցեպտը չներկայացնելը՝ որպես օրինակ հիշատակելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Տեսեք, երբ դու համակարգային կոնցեպտը չես ներկայացնում, ասենք, կրթության բնագավառում, թե ինչպիսին ենք մենք պատկերացնում կրթական համակարգը, որի հիմքում պետք է լինի ակադեմիական ազատությունը․․․ Երբ այդ կոնցեպտը չես ներկայացնում, չես բացատրում, չես իրազեկում, քննարկումների միջոցով չես հասցնում հանրությանը, և առանց էդ կոնցեպտի մի երկու էլեմենտ ես փորձում փոխել, բնականաբար, ինքը չի կարող ընդունվել, ինքը փոփոխությանն ուղղված ամենաանհաջող քայլն է»։

Վանաձորի ՀՔԱ ղեկավարը համոզված է, որ բանավեճ չէր ծավալվի այն դեպքում, եթե իշխանությունները ներկայացնեին միջնակարգ կրթական և բարձրագույն կրթական հաստատություններում նույն հայոց լեզվի դասավանդման որակն ապահովելու հետ կապված իրենց պատկերացումները։