«Ի՞նչ է անում այսօր պետությունը ատելության խոսքի կանխման ուղղությամբ։ Ես չգիտեմ։ Այստեղ պետության պարտավորությունների չկատարման մասին է խոսքը։ Անորոշություն չկա՛, կա անգործություն։ Երբ պետությունը՝ հանձինս իշխանության, նահանջ է կատարում ժողովրդավարական արժեքների պաշտպանությունից, տարածք է ստեղծվում նախապաշարմունքերի ընդլայնման կամ դրսևորման համար», ֊ այս մասին այսօր «Հոդված 3» ակումբում տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ՝ արձագանքելով նախորդ բանախոսների մեկնաբանություններին, ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Սաքունցից առաջ կարճ եկույթով հանդես էին եկել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը և փաստաբան Արա Ղազարյանը։ Աբրահամյանը, մասնավորապես, ընդգծել էր Քրեական օրենսգրում փոփոխություններ կատարելու և ատելության խոսքին վերաբերող 226 հոդվածի դիսպոզիցիան ընդլայնելու անհրաժեշտության մասին՝ շեշտելով, որ գործող օրենքով ատելության խոսքի հիմք է հանդիսանում բացառապես ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը, մինչդեռ կարիք կա լրացումներ անել նաև քաղաքական հայացքների, գաղափարական հայացքների, սոցիալական տարբեր հիմքերի մասով։ Պատգամավորը ընդգծել էր՝ համապատասխան օրենսդրության, Քրեական նոր օրենսգրքի մշակման աշխատանքներն արդեն իսկ իրականացվում են, բայց հաշվի առնելով, որ դա բավականին մեծ և երկարատև աշխատանք է ենթադրում, ատելության խոսքի վերաբերյալ հոդվածը, գուցե, մինչ այդ փոխելու/լրացնելու անհրաժեշտություն լինի։
Փաստաբան Արա Ղազարյանը օրենսդրական նոր կարգավորումների համատեքստում ընդգծել էր ատելության խոսքը վիրավորանքից, ինչպես նաև՝ ազատ խոսքից տարանջատելու կարևորությունը։ Ըստ Ղազարյանի, ատելության խոսքը անմիջականորեն կապված է խտրականության հետ (Հայաստանում չկա նաև խտրականության մասին օրենք), այսինքն՝ կանխակալության՝ պայմանավորված սեռով, մաշկի գույնով, քաղաքական հայացքներով։ Իրավական կարգավորումներ մշակելիս անհրաժեշտ է հստակ սահմանել տարբերությունները, միևնույն ժամանակ՝ տարանջատել խոսքի ազատությունը ատելության խոսքից՝ հիմվելով Սահմանադրության համապատասխան հոդվածների վրա (խոսքի ազատություն, իրավունքի չարաշահում), ինչը, ըստ փաստաբանի, բարդ է լինելու և առաջացնելու է որոշակի դիմադրության։
«Մենք չենք կարող ազատ խոսքը օգտագործել՝ հարվածելու համար այն արժեքը, որի վրա կառուցված է ժողովրդավարությունը։ Իրավունքի չարաշահումը հենց այն է, երբ դու ազատ խոսքը օգտագործում ես բռնություն քարոզելու համար կամ ազատ խոսքը օգտագործում ես անհանդուրժողականություն քարոզելու համար։ Հայաստանում սա բացարձակապես ամրագրված ու պաշտպանված չէ։ Ինչպե՞ս տարանջատել սուր քննադատությունը, նույնիսկ գռեհիկ խոսքը, որը կարող է որոշ հանգամանքների ներքո պաշտպանվել ազատ խոսքով, ատելության խոսքից։ Դրա համար անհրաժեշտ է մի ամբողջ կառուցակարգ և մշակույթ, և մտածելակերպ, որը մեզ մոտ դատաիրավական պրակտիկայից դուրս արդեն ձևավորվում է։ Այստեղ մեծ աշխատանք կա անելու,» – ասել էր Ղազարյանը։
Տարանջատման և սահմանման հետ կապված բարդություններին իրավապաշտպան Արթուր Սաքունցը կտրուկ արձագանք էր տվել՝ բարդություններ, անորոշություններ չկան, մոտեցումներն ու չափորոշիչները վաղուց սահմանված են միջազգային ատյանների կողմից և մաս են կազմում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների, ուստի՝ անհրաժեշտ է այդ պարտավորությունները ընդհամենը իմպլեմենտացնել, ներառել ազգային օրենսդրության մեջ։
«Ո՞ր խոսքը պետք է համարել ատելության խոսք։ Ատելության հիմքում ընկած է նախապաշարմունքը՝ որոշակի խմբերի, որպես կանոն՝ փոքրամասնությունների նկատմամաբ․ էթնիկ, կրոնական փոքրամասնությունների, կարող է լինել՝ իրավապաշտպանների, փոքր խումբ լրագրողների, որոնք զբաղվում են այնպիսի թեմաներով, որոնցով զբաղվելու պատճառով զուտ փոքրամասնության մեջ են հայտնվում, կարող է լինել՝ սեռական կողմնորոշման հիմքով և այլն։ Այսինքն, տարատեսակ փոքրամասնությունների նկատմամաբ առկա նախապաշարմունքներն են ատելության խոսքի հիմքը։ Եթե մենք սա չենք վերցնում որպես ելակետային դրույթ, ապա այդ դեպքում մենք չենք կարող մեր կարողություններ, կառուցակարգերը, իրավական մոտեցումները ձևավորել։
Ատելությունը նոր չէ Հայաստանում։ Այստեղ մենք բազմիցս արձանագրում ենք, որ պետությունը պատշաճ ջանքեր չի գործադրում ատելության խոսքի կանխման ուղղությամբ։ Երբ նորից խոսվում է անորոշության մասին, կներեք, բայց անորոշություն չկա, որովհետև մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում խոսքի, կարծիքի ազատության մասին դրույթին անմիջապես հաջորդում է երկրորդ մոտեցումը, որ դրանք կարող են սահմանափակվել, եթե անհամարժեք են ժողովրդավարական պետության անվտանգությանը, նորմերին, կարգերին, անձի ազատությանը, անձեռնմխելիությանը և այլն։ Ատելության խոսքի հիմքում նախապաշարմունքն է անձանց կամ խմբերի նկատմամաբ ըստ որոշ հատկությունների, որոնք պաշտպանված պետք է լինեն ժողովրդավարական պետությունում։
Իրավական անորոշություն այստեղ չկա, անորոշությունը, հղում անեմ նոր դասականին, ուղեղներում է, երբ պատշաճ չեն կարողանում ճանաչել այդ երևույթի բուն պատճառները։ Ես շատ սուր եմ բարձրացնում այս հարցերը։ Ինչի՞ համար։
Առաջին ազդակները եղան անցյալ տարի, երբ քրիստոնյա ԼԳԲՏ համայնքի հավաքը Հայաստանի Հանրապետությունում չկայացավ օրը ցերեկով ոստիկանության այն հայտարարությամբ, որ իրենք չեն կարող ապահովել անվտանգությունը։ Դա խայտառակ դրսևորում էր, որի մասին մենք բարձրաձայնեցինք։ Եվ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը հստակ իր զեկույցում ամրագրեց, որ դա նահանջ է ժողովրդավարական սկզբունքներից։ Ի՞նչ արեց պետությունը։ Ազգային ժողովը՝ զերո վերաբերմունք։ Ջանքեր չգործադրեց ատելության խոսքի տարածման դեմ։ Մարդիկ, որոնք արդեն նույնիսկ ֆիզիկական բռնության քայլեր էին կատարում, պատասխանատվության չենթարկվեցին։ Չապահովվեց մարդկանց անձեռնմխելիությունը։
Ի՞նչ է անում այսօր պետությունը ատելության խոսքի կանխման ուղղությամբ։ Ես չգիտեմ։ Ի՞նչ է անում պետությունը, Ազգային ժողովը։ Զերո։ Եվ այստեղ պետության պարտավորությունների չկատարման մասին է խոսքը։ Անորոշություն չկա, կա անգործություն, կա պարտավորությունների չկատարման հանգամանք։ Մենք մինչև այդ օրենքի ընդունումը պետք է սպասենք, որ մի քանի հոգու գլուխը ջարդվի՞։
Խոսքս ուղղում եմ առաջին հերթին այսօրվա իշխանություններին, որոնց ես ամեն գնով աջակցում եմ ու աջակցելու եմ, բայց ոչ այն նախաձեռնություններին և ոչ այն գործողություններին, որոնք չեն տեղավորվում վերցրված պարտավորությունների տրամաբանության մեջ։
Նոր իշխանություններին, իհարկե, պետք է ժամանակ, որպեսզի պետության պարտավորությունները վերցնեն, դա, իհարկե, պրոցես է, բայց երբ գալիս ենք կոնկրետ իրավիճակներին և մենք չենք տեսնում համապատասխան ջանքեր, մենք արձանագրում ենք, այո, որ պարտավորությունների կատարման առումով կա հետընթաց։
Դուք նայեք Արդարադատության նախարարության պատասխանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցից Հայաստան այցելությունից հետո։ Մեկնաբանությունները նայեք։ Բարձրաձայնված խնդիրների հետ կապված բացարձակապես ոչ մի պարտավորության մասին խոսք այնտեղ չկա։
Ստամբուլյան կոնվենցիայից են վախենում խոսել։ Բացարձակ կեղծ, էլի նախապաշարմունքների հիման վրա թիրախավորվում է կոնվենցիան։ Եվ մարդիկ դրա պատճառով պրոցեսը հետաձգում են մյուս տարի։ Որևիցե հիմնավորում չկա տուրք տալու համար այն մոտեցումներին, ատելության խոսքի դրսևորումներին, որոնք հիմնված են բացառապես նախապաշարմունքների վրա՝ հետաձգելու կամ չասելու, կամ գործողություններ չկատարելու համար։
Սրա մասին է խոսքը։ Երբ պետությունը՝ հանձինս իշխանության, նահանջում է կատարում ժողովրդավարական արժեքների պաշտպանությունից, տարածք է ստեղծվում նախապաշարմունքերի ընդլայնման կամ դրսևորման համար։
Այո, բազմակարծությունը մեր սահմանադրական դրույթն է և բազմակարծությունը գոյություն ունի մինչև այնտեղ, որտեղ որ կարծիքը կարող է նախապաշարմունքների հիման վրա արտահայտվել որպես ատելություն։ Ատելությունը չի կարող պաշտպանված լինել, պաշտպանե՛ք խմբերին։
Արձանագրենք, որ պետությունը պետք է կատարի իր պարտավորությունները։ Այսպես, այս մոտեցմամբ կամ անգործությամբ, կամ անտարբերությամբ խրախուսվում է ատելության խոսքի տարածումը։ Սա ահազանգ է։ Անորոշություն չկա», – ասել է իրավապաշտպանը։
Պատգամավոր Գայանե Աբրահամյանը հակադարձեց՝ ատելության խոսք որակել ոստիկանության նախորդ տարվա գործողությունը և ակնկալել որևէ բան Ազգային ժողովից, որը նախորդ Ազգային ժողովն էր, և հիմա դա որպես մեղադրանք ուղղել այս Ազգային ժողովին, մի քիչ արդար չէ։
Ստամբուլյան կոնվենցիայի հետաձգման մասով Աբրահամյանն ընդգծեց՝ այն ոչ թե նախապաշարմունքների կամ ճնշման հետևանքով հետքայլ է, այլ ընդհամենը ընթացակարգային խնդիր։ Ըստ պատգամավորի, Կոնվենցիաների ընդունման ընթացակարգի համաձայն, այդ Կոնվենցիան պետք է գնար Սահմանադրական դատարան։
«Շատ լավ հասկանում ենք այսօրվա Սահմանադրական դատարանի հնարավոր արձագանքը և այսօր ուղղակի անմտություն կլիներ այդ գործընթացը սկսել», – ասել է Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Հայաստանում ատելության խոսքի տարածմանն անդրադարձ կատարվեց կառավարության նիստին․ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդարադատության նախարարությանը հանձնարարեց քննարկել բռնության կոչերը քրեականացնելու նպատակահարմարության հարցը։ Այս հանձնարարականի հիման վրա արդարադատության նախարարությունը կատարեց գործող օրենսդրական կարգավորումների, ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային չափանիշների և փորձի ուսումնասիրություն:
Ուսումնասիրության արդյունքում մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ նման բռնություն քարոզելու համար: Այժմ աշխատանքներ են տարվում նաև Ազգային ժողովում՝ ատելության խոսքի տարածման, բռնության կոչերի պատասխանատվության քրեականացման ուղղությամբ: