Արմավիրի մարզի 280 աշակերտ ունեցող Գետաշենի դպրոցն այս տարի կտոնի իր 100 ամյակը։ Սահմանամերձ գյուղի Ագրոէկոդպրոցում գործում է բոլորովին այլ կարգ ու կանոն, հենց մուտքից նկատելի է երեխաների համար ստեղծված միջավայրը, գրված պատվիրանները, սերը դեպի բնությունը, իր համայնքն ու դպրոցը։ Տնօրեն Գևորգ Մուքոյանը սկզբից ցույց է տալիս թափոններով պատրաստված իրերը, ծանոթացնում դպրոցում տեղադրված տարբեր երկրների դրոշներին, դրանց պատմությանը, անվճար գործող խմբակներին և իհարկե դպրոցի նախնական վիճակին, ինչպես է ընդունել 2011 թվականին։
Այս դպրոցում հաճախ կարող եք հանդիպել տարբեր դասարանների բացօթյա դասընթացների: Դպրոցի ամեն մի անկյուն նախատեսված է երեխայի համար, հանուն երեխայի հարմարավետության։ Քանի որ Գետաշեն գյուղը չունի մանկապարտեզ, դպրոցի մի հատվածն էլ մինչև 6 տարեկան երեխաների համար ծառայում է որպես նախակրթարան։ Հոգեբանի օգնությամբ յուրաքնչյուր պատ գունազարդված է վառ գույներով՝ երեխաներին տրամադրելով հաճելի միջավայրում սովորելուն։
Միջացքներում տեղադրված գրականությունից ազատորեն կարող են օգտվել բոլորը, այստեղ չկա գրանցամատյան, գրադարանից օգվելու կարգն էլ՝ լիարժեք վստահությունն է։ Դպրոցում երեխաներին սովորեցնում են գյուղատնտեսություն վարել, յուրաքանչյուր աշակերտ ունի իր ծառը, տնօրենի և ուսուցիչների հետ մշակում են ջերմոցն ու այգին, հավաքում բերքը, որի մի մասը օգտագործում են դպրոցում գործող ճաշարանում, մի մասն էլ՝ իրացնում են շուկայում: Հավաքված գումարով մեկնում կրթական արշավների, օգտագործում դպրոցում տարատեսակ կարքիների համար։
Գետաշենի դպրոցի հաջողված պատմությունը ունի իր գաղտնիքները, մի քանիսով կիսվեց տնօրենը։ Մեծ ջանք են թափել, որպեսզի գտնեն շատ հովանվորներ, որոնց ներդրումների շնորհիվ դպրոցն ունենա հարմարավետ, կահավորված․ սովորելուն տրամադրող միջավայր։ Դպրոցի տնօրենի ջանքերով հավքվել է տարբեր տեղերից բերված այլևս չօգտագործվող էլեկտրոտեխնիկա, հանքաքարի կտորներ, որի միջոցով էլ ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիայում կարելի է պատկերավոր ներկայացնել առարկային բնորոշ բարդ թեմաները։ Գետաշենի դպրոցում ուսուցիչների ընտրությունը բավականին խիստ է։
TEACH FOR ARMENIA ծրագրով արդեն 5 րդ սերունդի ուսուցիչներն են դասավանդում։ Ընդհանրապես մաթեմատիկա առարկայի նկատմամբ ընդհանուր ամբողջ Հայաստանով մեկ շատ ցածր կրթական մակարդակ կա, տարբեր հետազոտություններ կրթական ոլորտում բացահայտել են, որ առնվազն 51 տոկոսը երեխաների չեն կարողանում հաղթահարել մաթեմատիկայի միջին մակարդակը, սակայն Գետաշենում այդ խնդիրը հաղթահարված է։ Մաթեմատիկայի ուսուցչուհի խմբակների միջոցով երեխաների կրթական մակարդակը մաթեմատիկա առարկայից բավականին բարձրացրել է։
Մաթեմատիկայի ուսուցչուհի Մելինե Սուքիասյանն ասաց, որ կրթության որակը կախված է նաև մասնագետներից, եթե համայնքը չունի որակյալ մասնագետ, ապա դրանից տուժում են աշակերտները։ Ուսուցչուհին նկատել է, որ մարզերում կա մոտիվացիայիայի պակաս, երեխաները այդքան էլ հետաքրքրված չեն կրթությամբ։
Գետաշենի դպրոցում սովորում է 11 ներառական երեխա, հոգեբանը նշում է, որ անհատական յուրաքանչյուր երեխայի հետ աշխատելով փորձում են հասնել իրենց դրած նպատակներին։
Գետաշենի դպրոցի այս իդեալական պատկերի կողքին կա նաև անմխիթար վիճակում գտնվող տարածք։ Տնօրենին հաջողվել է Կրթության Գիտության նախարարության և մարզպետարանի հետ համաձայնություն ձեռք բերել դպրոցի մարզադահլիճը վրանորոգելու հարցում։ Դպրոցի չվերանորոգված հատվածը նախատեսված է լողավազան, հրաձգարան, երաժշտական դպրոց կառուցելու համար, սակայն առայժմ փնտրվում են հովանավոր բարեկամներ։ Դպրոցին անհրաժեշտ է նաև ձեռք բերել տրակտոր գյուղատնտեսական աշխատանքեր կատարելու համար։ Անհրաժեշտություն է նաև դպրոցում ունենալ սեփական միկրոավտոբուս այլ համայնքներից երեխաներին տեղափոխելու և դպրոցի երեխաներին տարբեր արշավների տանելու համար։ Տնօրենի ծրագրերում կա նաև ունենալ համայնքում ուսուցչի տուն, որը կծառայի այլ տեղերից եկած մասնագետների համար որպես տուն և կնպաստի բազմակողմանի կրթության ապահովմանը Գետաշենում։
Հավելված․1
Հարցազրույց՝ Վահրամ Թոքմաջյան
Կրթության և համերաշխության արհմիության նախագահ Վահրամ Թոքմաջյանի հետ զրուցել ենք որակյալ կրթության մասին, նա ասում է․ «Իմ համար որակյալ կրթությունը՝ հմտություններ ձևավորող կրթությունն է։ Մարզերում երեխան սովորում է, որ փախնի մարզից, սա է մոտիվացիան, ինչը վատ է»։ Կրթություն և աշխատաշուկա կապը շատ թույլ է, ի՞նչ մասնագիտություն ընտրել, արդյոք աշակերտը ունակ է ճիշտ ընտրություն կատարել, բավականաչափ իրազեկվա՞ծ է աշխատաշուկայից արհմիության նախագահը պատասխանեց․ «Շատ լավ կլիներ, որ մենք ունենայինք մասնագիտական կողմնորոշման դասընթացներ, և մենք մանրամասն սովորողներին ներկայացնեինք, որ մասնագիտություններն են հիմա պահանջված, որ մասնագիտություններն են, որ ապագայում պահանջված կլինեն, որ մասնագիտության պարագայում դու կկարողանաս քո սոցիալական, կենսական միջավայրն ապահովել։ Մասնագիտություն ձեռք բերելը՝ գործարք է որոշակի համակարգի հետ, որով դու հետագայում կկարողանաս ապահովել քո կենսաապահովման նվազագույն պահանջները։ Կրթության ցածր մակարդակն էլ պայմանավորված է ուսուցիչների դարբնոց համարվող Խ․Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի կրթության որակի հետ։ Մեր մանկավարժական սիստեմը չի փոխվել»։
Հավելված 2
Հարցազրույց՝ Սերոբ Խաչատարյան
Կրթության որակի փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ համարում է, որ շատ կարևոր է ինչ բովանդակություն ենք սովորեցնում երեխային, աշակերտն անսահմանափակ սովորելու հնարավորություն չունի։ «Մենք պետք է միշտ ռեալ նայենք, թե որքան կարող է երեխան սովորել, 2-րդ ամենակարևոր բանը՝ կարևորել ուսուցիչներին, նրանց շատ դեպքերում առհամարհել ենք, չենք կարևորել, ներգրավվել ենք ինչ-որ քաղաքական նախընտրական պրոցեսների մեջ, իրենց բեռը ավելացրել ենք, ցավոք ուսուցիչները հիմա բարեփոխում բառից վախենում են, ամեն բարեփոխումից հետո նրանք համարում են, որ վիճակն ավելի է վատանում»։
Փորձագետը նշում է, որ կարևոր առարկաներից է մաթեմատիկան և հայոց լեզուն, դրանք հիմքն են և պետք է լավ սովորեցնել։
«Մաթեմատիկան համարվում է մի առարկա, որը բոլոր երեխաների համար չէ , կարծրատիպ կա, որ մանավանդ, աղջիկները մաթեմատիկայից լավ չեն, սակայն միջազգային փորձը ցույց է տալիս, որ եթե լավ դրվի առարկայի հիմքը, ապա հնարավոր է հասնել շատ բարձր արդյունքների։ Այն մաթեմատիկան, որը դասավանդվում է մեր դպրոցներում, սելեկտիվ է։ Երեխաներն, ովքեր բնատուր հակումներ ունեն, տունը օգնող ունեն, կամ լրացուցիչ պարապում են, իրենք կարողանում են հաղթահարել դժվարությունները, բայց այն երեխաները, ովքեր օգնող չունեն, լրացուցիչ չեն կարողանում պարապել, իրենք դպրոցական ծրագրից հետ են մնում, ու մենք չունենք քայլեր այդ երեխաներին աջակցելու։ Կարևոր է այն ծավալը, որը մենք դասավանդում ենք, կարևոր է, որ այդ ծավալը լինի ողջամիտ»։
Կրթության արդի խնդիրները հեղափոխությունից հետո մնացին չլուծված, նմանատիպ մտահոգություն արտահայտեց Սերոբ Խաչատրյանը։
«Հեղափոխությունից հետո առաջին օրերին ոգևորության ալիքի վրա ռազմավարություն էր գրվում , սակայն մենք պահը բաց ենք թողել ստեղծելու դպրոցների ու համալսարանների միջև երկխոսություն։ Շատ կարևոր է, որ դպրոցն էլ, համալսարանն էլ զգան, որ Կրթության և գիտության նախարարությունը պատրաստ է անկեղծ երկխոսության, այս դեպքում նրանք նաև կբացեին իրենց խոհանոցային խնդիրները և նախարարությունը երկխոսելու միջոցով կարող էր ավելի լավ արդյունքի հասնել»։
Թեհմինե Ենոքյան