հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կրթություն / Դպրոցը նպաստում է սերիալ դիտելուն

Դպրոցը նպաստում է սերիալ դիտելուն

Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Լուսինե Խառատյանն ու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ, պատմաբան Վահրամ Թոքմաջյանը փորձագիտական ուսումնասիրության են ենթարկել ավագ դպրոցի՝ հայ ժողովրդի պատմություն և հայ գրականություն առարկաների դասագրքերը։

Հունիսի 25-ին «Հայ ժողովրդի պատմության և գրականության դասագրքերի համապատասխանությունը միջազգային կոնվեցիաներին» թեմայով մամուլի ասուլիսի ընթացքում Թոքմաջյանն ասել է, որ դասագրքերը բացեր ունեն թե՛ բովանդակային, թե մեթոդաբանական տեսանկյունից։

«Լուսինեի հետ ծավալուն ուսումնասիրություն արեցինք, ոչ միայն դասագրքերի, այլ, ընդհանրապես, մեթոդական հատվածի, ըստ միջազգային պահանջների չափանիշների, որոնք ամփոփված են ՄԱԿ֊ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի համապատասխան հատվածներում։ Ոչ միայն ՄԱԿ֊ի համապատասխան չափանիշներով, այլ նաև նույն մեր չափորոշիչներով, ուսումնական այն բազան, որն ունենք, ուսումնական այն նյութերով, որ ունենք, չի ապահովվում սովորողների քննադատական մտածողությունը, հնարավորություն չի տրվում ձեռք բերել, կիրառել հմտություններ։ Այսինքն մենք ունենք մի ավանդութային կրթական մոդել, ավանդութային բառի մեջ բացասական իմաստ չեմ դնում, պարզապես նախորդ ժամանակներից փոխանցված մոդել, որի հիմքում ընկած է անգիրը՝ տառերի, թվերի, իրադարձությունների, ժամանակագրության պահպանման սկզբունքով», ֊ ասել է պատմաբանը։

Բացի դա, Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները լայնորեն լուսաբանված չեն դասագրքերում։ Սակայն, ըստ Թոքմաջյանի, գրեթե բացակայում է այլատյացության քարոզը, չհաշված որոշ որակումները։ Այս իմաստով, նշել է պատմաբանը, կտրուկ առավելություն ունենք և՛ արևելյան, և՛ հյուսիսային հարևանների նկատմամբ․ «Կարող է մեկ-երկու տեղ հանդիպել թուրքական կամ քուրդական խուժանը ձևակերպումները, բայց, իհարկե, դա երբեք չես համեմատի Ադրբեջանի կենսաբանության դասագրքի հետ, որտեղ, կարծեմ, 7-րդ դասարանում հիպերտոնիան բացատրվում է հետևյալ կերպ․ Թոֆիկը փողոցով քայլում էր, հիշեց, թե իր պապերին հայերն ինչպես են սպանել, վատ զգաց և ճնշումը բարձրացավ»։

Հետազոտության շրջանակներում հարցազրույցներ են անցկացվել Երևանում, այդ թվում՝ ուսուցիչների հետ, և Տավուշի մարզում որպես սահմանային և խնդիրը սուր զգացող մարզ։ «Կարող է դասագիրքը մատուցել բացարձակ լավ բովանդակություն, մեր պատկերացմամբ, խթանելով էն չափանիշները, որոնք ես մեջբերեցի, բայց մասնագետը պատրաստ չլինի, և մենք ստանանք լրիվ հակառակ արդյունք», ֊ նկատել է Վահրամ Թոքմաջյանը։

Կրթության և գիտության նախարարությունը հանձնաժողովի ստեղծում էր նախաձեռնել, որը պետք է զբաղվեր 9-րդ դասարանի նորագույն շրջանը դասագրքով։ Մարմնին անդամակցել էր նաև պատմաբան Թոքմաջյանը, որի խոսքով, 9-րդ դասարանում գործում են պատմության երկու դասագիրք․ «Մենք 522 դիտողություն և առաջարկություն ենք արել, որը բավականին մեծ թիվ է, չներառելով 91-ից 2018 թիվը, այսինքն, դա մեկ կետով նշել ենք՝ վերաշարադրել ամբողջությամբ։ Ես զարմացած եմ, որ մինչև հիմա քրեական գործ չի հարուցվել, թե այդ դասագրքերն ինչպես են 5 տարի առաջ մրցույթ շահել։ Դասագրքերին կան ներկայացվող չափանիշներ՝ տեխնիկական բնութագրեր, բովանդակային համապատասխանություն և գնային առաջարկ, որը ներկայացնում է հրատարակիչը։ Թե ինչպես են այդ դասագրքերը մտել դպրոց, ինձ համար գոնե անհասկանալի է։ Ես կարծում եմ, որ Կրթության նախարարությունը քայլեր կձեռնարկի՝ թույլ չտալու համար թեկուզ վերախմբագրված այդ տարբերակները սեպտեմբերին դպրոցում հայտնվեն և, այո, քրեական գործ՝ առաջարկ կամ հայց ներկայացնելով, որպեսզի հասկանան, թե հինգը տարի առաջ ինչպես են շահել այդ մրցույթը, մի հատ էլ՝ վերահրատարակման իրավունքով, տասը տարով։ Լավ փողեր են»։

Գրականագետ Հասմիկ Հակոբյանը «Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակներում է առնչվել կրթական պրոցեսի հետ․ «Առաջին խնդիրներից մեկն է՝ երեխաների կարծրացած մտածողությունը․ անգիր անել և անգիրի միջոցով պատասխանել, ցանկացած հարցի շուրջ նրանք պատասխանում են որոշակի կաղապարներով, որոնք ուսուցիչներն իրենց թելադրել են։ Ոչ մի ազատ մտածողության տեղ չկա։ Երբ երկար շփվում ես նրանց հետ, հասկանում ես, որ սա ուսուցչական մեթոդոլոգիական մտածողության արդյունք է, երբ երեխան ինքնուրույն մտածելու, վերլուծելու կարողություն չունի»։ Սրանով է գրականագետը բացատրում հեռուստասերիալների հանդեպ հասարակության լայն հատվածի սերը։ «Գրեթե բոլոր դպրոցներում այս վիճակն է։ Իրենք չեն կարող առանձին ստեղծագործություն վերլուծել, երեխաները պատկերացում չունեին արվեստի գործերի մետաֆորիկ արժեքների մասին, նրանք չեն պատկերացնում, որ ծառը, աղավնին ժամացույցը, բացի սովորական իր լինելուց, կարող է նաև սիմվոլային արժեք ունենալ»։

Երեխաները գրականությունը պատկերացնում են որպես մեռած հասկացություն, որովհետև ուսուցիչը նույն հայրենասիրական թեմայով վերամբարձ է խոսում, իսկ դասարանից դուրս՝ իրականության մեջ, երեխան հակառակ պատկերն է տեսնում։ «Գրականությունը մնում է որպես ուսուցչի ասած կարծրատիպ, որն ինքն իր հիշողության մեջ ամփոփել է, թողել դասարանում, դուրս եկել և իրական կյանքում որևէ կերպ չի տեսնում էդ հայրենասիրության կիրառումը, որի մասին ուսուցիչն է խոսում»։