«Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց»-ի տնօրենը 2010թ. նոյեմբեր ամսից մինչև 2017թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում կատարել է մի շարք չարաշահումներ: Նրա դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին գրված է Քննչական կոմիտեի հայտարարության մեջ։
«Մասնավորապես՝ տնօրենն աշխատանքի է ընդունել տարբեր անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել, սակայն յուրաքանչյուր ամիս ստորագրել և կնքել է ակնհայտ կեղծ գրառումներով լրացված, աշխատավարձի հաշվարկման հիմնք հանդիսացող պաշտոնական փաստաթղթեր: Նախաքննության տվյալներով՝ նշված անձանց փոխարեն աշխատանքները կատարել են այլ անձինք, և ՊՈԱԿ-ի բյուջեից դուրս գրված աշխատավարձերը հատկացվել են աշխատանքի չհաճախող անձանց փոխարեն աշխատանքները կատարած հիշյալ անձանց:
Բացի այդ, 2014-2017թթ. ընկած ժամանակահատվածում աշխատանքի չհաճախած անձանց անվամբ ոչ միայն աշխատավարձեր են դուրս են գրվել, այլև որպես սոցփաթեթի շահառու պետական բյուջեից անհիմն փոխանցվել են գումարներ. պետության օրինական շահերին այդկերպ պատճառվել է գույքային վնաս:
Տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ տնօրենը աշխատակցուհիների անվամբ ՊՈԱԿ-ի բյուջեից որպես երեխայի խնամքի հետծննդյան և նախածննդյան արձակուրդի գումարներ է դուրս գրել և յուրացրել:
Այնուհետև տնօրենը աշխատակցուհու՝ աշխատանքի չհաճախելու պայմաններում, պետական բյուջեից աշխատող մայրերին մինչև երկու տարեկան երեխային տրվող գումար դուրս գրելու նպատակով վերջինիս անվամբ կազմել և տրամադրել է տեղեկանքներ՝ «Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում աշխատելու վերաբերյալ, որոնք ներկայացվել են Կոտայքի մարզպետարանի սոցիալական աջակցության Չարենցավանի տարածքային գործակալություն, ինչի հիման վրա աշխատակիցը հաշվառվել է որպես նպաստառու:
Բացի այդ, ՊՈԱԿ-ի տնօրենը, որոշ աշխատակիցների կողմից աշխատանքի չներկայանալու պայմաններում ստորագրել և կնքել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատավարձի հաշվարկման հիմնք հանդիսացող տաբելները, ինչի հիման վրա՝ որպես աշխատավարձ հաշվարկվել ու ՊՈԱԿ-ի բյուջեից դուրս են գրվել գումարներ, որոնք յուրացվել են նրա կողմից:
Նախնական քննության տվյալներով՝ պետությանը պատճառված վնասն ընդհանուր առմամբ կազմել է 2 994 276 ՀՀ դրամ գումար, որը նախաքննության ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից ամբողջությամբ վերականգնվել է», -նշված է հաղորդագրության մեջ:
Ձեռք բերված տվյալների հիման վրա՝ «Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց»-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Յուրացնելը կամ վատնելը), 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիքը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: