Մեսրոպ Մաշտոցի երկարօրյա մասնավոր համալիրի տնօրեն Մարգարիտա Հարությունյանը հրաժարվել է երեխային դպրոց ընդունել՝ կոչ անելով ծնողին փոխել տղայի սանրվածքը․ «Տնօրենը ասում ա՝ մազերը կկտրես, տղայի պրիչոսկա կսարքես, թե չէ չեմ ընդունի, էս իմ դպրոցն ա, ե՛ս եմ որոշում»։ Կատարվածը #աբսուրդի շարքից հեշթեգով «Ֆեյսբուք» սոցցանցի միջոցով բարձրաձայնած ծնողը օրեր առաջ արված գրառման մեջ նշել էր, որ հրաժարվել էր դա անել։ Կնոջ դուստրը ևս սովորում է նշված հաստատությունում։ Դատելով հրապարակված լուսանկարից՝ երեխայի մազերը ծածկում են ականջները։
«Հասկացա, հասկացա, երկար մազերը», ֊ Epress.am֊ի թղթակցի հետ հեռախոսազրույցում անմիջապես ասաց տնօրենը։ Ըստ դպրոցի կանոնադրության, տեղեկացրեց Հարությունյանը, «տղերքը երկար մազերով պիտի չգան»։
«У меня же частная школа, ցավդ տանեմ (Չէ՞ որ մասնավոր դպրոց է)», – ռուսերենով նկատեց տնօրենը՝ հավելելով, որ ծնողն արդեն համաձայնել է կտրել երեխայի մազերը և բերել դպրոց։
Հատկանշական է նաև Հարությունյանի արված համեմատությունը․ «Ես էլ թողնեմ վաբշե կուպալնիկով գան դպրոց․․․ Я, например, телефоны тоже запрещаю приносить, по приказу. У меня есть устав, ցավդ տանեմ, կանոնադրություն, վսյո [Ես, օրինակ, նաև հեռախոսներ բերելն եմ արգելում։ Ես կանոնադրություն ունեմ, ցավդ տանեմ, վերջ]»։
Տնօրենը նաև հարցրեց՝ արդյոք պետք է թույլ տա լողազգեստով գալ դպրոց, եթե ծնողի մոտ նման ցանկություն առաջանա, և արդյոք նա պետք է կատարի ծնողների քմահաճույքները։
Զրույցի ընթացքում նաև պարզեցինք՝ նորմալ է, երբ նմանատիպ սանրվածք են ընտրում մեծահասակ և արվեստի մարդիկ։ Ինչ֊որ պահի զրույցը գրեթե այլ հարթություն տեղափոխվեց․ «Если мы будем разрешать… пола нет, этого нет… У нас в Армении то же самое? Мальчик с длинными волосами? Դե, լավ էլի։ Он же не артист, художник [Եթե մենք թույլ տանք․․․ սեռ չկա, էս չկա․․․ Մեզ մոտ Հայաստանում նո՞ւյնն է։ Տղան երկար մազերո՞վ։ Դե, լավ էլի։ Ինքը հո արտիստ չի, նկարիչ]»։
Նկատառմանն այն մասին, որ ծնողն, այնուամենայնիվ, կարող է որոշել՝ ինչպիսի սանրվածք ընտրել, տնօրենը բարյացկամ հարցրեց․ այդ դեպքում ինչի համար եմ զբաղեցնում տվյալ պաշտոնը։
Մարգարիտա Հարությունյանի խոսքով՝ լրագրողի հարցը՝ արդյոք ծնողը որևէ խնդրի հետ կբախվի, եթե որոշի վերադառնալ իրենց մոտ, ծագել է նրանից, որ «մենք ծանոթ չենք։ «Ես երբեք որևէ մեկի մակարդակին չեմ իջնում, հանգիստ եղեք։ Ի՞նչ եք ասում։ Մի՞թե ես ինձ նման բան թույլ կտամ»։