Երևանի Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42-րդ ավագ դպրոցում առավոտվանից դասադուլ և գործադուլ է։ Դպրոցի ուսուցիչների մի մասը միավորվել է փոխտնօրեն Շողիկ Բաղրամյանի շուրջ և պահանջում է ՀՀԿ-ական տնօրեն Էլեոնորա Թումանյանի հրաժարականը։ Վերջինս հայտնի է 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար ձայն բերելու գործով։ Փոխտնօրենի և տնօրենի լարված հարաբերություններին խառնել են նաև աշակերտներին, նրանց ծնողներին, որոնք հիմնականում սատարում են տնօրենին։ Epress.am-ի լրագրողը մի քանի ժամ գտնվել է դպրոցում, փորձել հասկանալ իրավիճակը։
Էլեոնորա Թումանյան
Էլեոնորա Թումանյանը ՀՀԿ խորհրդի անդամ է, ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության կանանց խորհրդի նախագահ է։ 2012 թվականին ստացել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի պատվոգիր կուսակցական, հասարակական-քաղաքական գործունեության համար, 2013-ին՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից պարգևատրվել է «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալով:
Նա հայտնի է դարձել 2017 թվականին ԱԺ ընտրություններին ընդառաջՀՀԿ-ի համար ցուցակագրումներ իրականացնելով։ Հերթական ցուցակագրման համար արված հեռախոսազրույցը ձայնագրվել էր և հանրայնացվել։
Չնայած ողջ դպրոցը՝ աշակերտներից և նրանց ծնողներից սկսած մինչև տարբեր ուսուցիչներ, մասնակցում են գործադուլին և դասադուլին, հիմնական խնդիրը հենց տնօրենի և փոխտնօրենի միջև է։ Դրա հետևանքով դասապրոցեսը կաթվածահար է եղած, աշակերտները զրկված են կրթություն ստանալու իրենց իրավունքից։ Բացի այդ, կոնֆլիկտի մասնակիցները փորձում են աշակերտներին իրենց կողմը գրավել։
Տնօրենը և նրա աջակիցներն իրենց հերթին զրուցում են ու ինչ-որ բաներ պայամանվորվում աշակերտների հետ, ինչից հետո նրանք սկսում են գոռալ, որ սատարում են իրենց տնօրենին։ Դպրոցականներն անգամ ստորագրահավաք են կազմակերպել՝ ի սատարում տնօրենի։
Իսկ փոխտնօրենին սատարող ուսուցիչներից մեկն էլ Epress.am-ի թղթակցին անգամ մի քանի դասասենյակ ուղեկցեց, որտեղ ընդհատեց դասապրոցեսը և աշակերտներին խնդրեց ասել, թե ու՞մ են սատարում։ Նա պնդում էր, որ հիմա «դնենք հարցում անենք, կտեսնեք աշակերտերից քանի հոգի մեր կողմը կբռնի»։
Տնօրենի հետ զրուցեցինք իր հարմարավետ առանձասենյակում։ Նա պատմում էր, որ փոխտնօրենը և դպրոցի պատմության ուսուցիչ Սարդարյանն այս ամենը կազմակերպել են իրեն պաշտոնաթող անելու համար։ Քանի որ, ըստ Թումանյանի տվյալների, նրանք ուզում են, որ պատմության ուսուցիչը դառնա տնօրեն։ Տնօրենը նաև ասում էր, որ փոխտնօրենն իր պարտականությունները չի կատարում, իսկ պատմության ուսուցիչն էլ առանց զգուշացնելու 10 օրով բացակայել է դպրոցից, «գնացել, վերապատրաստվել է տնօրենի հավաստագրման համար»։
Շողիկ Բաղրամյան
Այն ուսուցիչները, որոնք պահանջում են դպրոցի տնօրենի հրաժարականը, նշում են, որ Թումանյանը մի շարք լուրջ խախտումներ է թույլ տվել։ Մասնավորապես, որոշ աշակերտներ դպրոց չեն հաճախել, սակայն նրանք բացականեր չեն ստացել և լավ գնահատականներով են ավարտել դպրոցը։ Դրա հետ կապված արդեն 325-ի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հարուցված քրեական գործ կա, որը գտնվում է նախաքննության փուլում։
Փոխտնօրենի խոսքով՝ բացակայությունների վրա աչք փակելու դիմաց, տնօրենն աշակերտների ծնողներից ստացել է «ծրար»․ «Առանց ծրարների տնօրենը ոչինչ չի անում»։
Դպրոցը հին է։ Մի քանի հարկերի զուգարաններ մեխով փակված են, չեն գործում։ Իսկ գործողները սանիտարահիգենիկ առումով անմխիթար վիճակում են։ Ասում են, որ աշակերտները օգտվում են հարևանությամբ գործող «Երևան սիթի» սուպերմարկետի զուգարաններից։
«Տնօրենը ասում է, որ բյուջեն սուղ է, սակայն այդ պայմաններում նա ուներ անձնական վարորդ։ Նա այդ վարորդին ձևակերպել է որպես փոխտնօրեն և նրան դպրոցի փողերով է վարձատրել», – ասել է Բաղրամյանը։ Նրա պնդմամբ՝ 4 խմբակի համար դպրոցի բյուջեից փող է դուրս գրվել, բայց այդ խմբակները փաստացի չեն գործել։ Միայն վերջերս ինֆորմատիկայի խմբակի ղեկավար Ռուբինա Դավթյանը բարձրաձայնել է այն մասին, որ ինքը խմբակ չի ունեցել, բայց իրենց ստիպել են մատյանում գրանցել, որ խմբակ ունի։ Դպրոցի տնօրենի ճնշմամբ նա դիմում է գրել և ազատվել աշխատանքից։
Բաղրամյանը պնդում է նաև, որ տնօրենի հարսը 5 տարի ձևակերպված է եղել որպես կազմակերպիչ։ Այդքան տարի գումար է ստացել, սակայն չի եկել դպրոց, ոչ մեկը նրան չի ճանաչել։
Տնօրենն էլ հակադարձում է և պնդում, որ իր հարսը եղել է փայլուն կազմակերպիչ, ամենասիրելի մանկավարժներից մեկը, գիշեր-ցերեկ եղել է դպրոցում, «աշակերտության համար եղել է ամենահետաքրքիր մարդը»։
Վերջերս էլ իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից․ «Անակնկալով ամբողջ աշակերտությունը կազմակերպել է հրաժեշտի երեկո, մի հրաշք հրաժեշտի երեկո, շատերը լացում էին»։
Տնօրենին պաշտպանելու էին եկել նաև ծնող խորհրդի անդամները։ Նրանք ակտիվորեն ուղղորդում էին նաև լրագրողներին, հուշում, թե ում հետ խոսեն, ում հետ՝ ոչ։ Նրանք նշում էին, որ փոխտնօրենն անառողջ մթնոլորտ է ստեղծել դպրոցում, աշակերտներին վիրավորում է, այն ուսուցիչները, որոնց հետ նա վատ հարաբերություններ ունի, «անհարմար ժամեր են ստանում»։ Դասացուցակ կազմում է ըստ իր հայեցողության, առանց հաշվի առնելու, որ «ավելի ծանր առարկաներն առաջին դասերի ժամանակ դնի, որ աշակերտները թարմ լինեն»։ Ծնողները նշում են, որ Բաղրամյանն այլ դպրոցներում ևս խնդիրներ է ունեցել և նրան ազատել էին աշխատանքից։
Դպրոց էին եկել Կրթության և գիտության նախարարության աշատակիցները, հանդիպել են երկու կողմերի հետ։ Փոխնախարար Լուսինե Առաքելյանը առաջարկել է գործադուլ անող ուսուցիչներին, կարևորելով նախ և առաջ աշակերտների կրթություն ստանալու իրավունքը, վաղվանից վերսկսել դասերը, մինչև իրենք սեղմ ժամկետներում կարողանան հարցին լուծում տալ։
Լուսինե Առաքելյան
Երկարատև քննարկումից հետո ուսուցիչներն ընդունել են փոխնախարարի առաջարկը և պատրաստակամություն հայտնել վերսկսել դասապրոցեսը։