Հայաստանի 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ պատմել են իշխող Հանրապետական կուսակցության համար իրենց կողմից ընտրություններից առաջ կազմվող ցուցակների մասին:
Sut.am կայքը կրթության ոլորտում վարչական ռեսուրսի կիրառման մասին լուրերը ստուգելու համար զանգահարել է հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների թվով 136 տնօրեններին և, ներկայանալով որպես Հանրապետական կուսակցության շտաբի անդամ, տեղեկություններ է ստացել կուսակցության համար կազմվող ցուցակների մասին:
«Արդյունքում, հանրապետության բոլոր մարզերը և Երևանի բոլոր տարածքներն ընդգրկող թվով 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ մեզ մանրամասն պատմեցին իրենց հավաքագրած ցուցակների մասին: Եվ ընդհամենը 22 տնօրեններ հերքեցին ՀՀԿ-ի համար ցուցակների հավաքագրումը (մի մասը՝ գլխի ընկնելով, որ զանգողն իրականում Հանրապետականից չէ): Որպես կանոն, լսելով «Հանրապետականի կենտրոնական շտաբից ա» արտահայտությունը, տնօրենները պատասխանում էին մեր բոլոր հարցերին (քանի՞ հոգի է ցուցակում, ո՞ւմ են այն փոխանցել, տարածքային թեկնածուներից ո՞ւմ համար են «զգուշացրել»): Ընդ որում, հաճախ տնօրենները ներկայացնում էին այլ մանրամասներ: Այդպպիսով, մենք պարզեցինք, որ տնօրենները ցուցակները հավաքում են թե՛ անձամբ և թե՛ ուսուցիչների կամ դայակների միջոցով», – գրել է կայքը:
Դպրոցների ցուցակներում ընդգրկված մարդկանց թիվը միջինում կազմել է 240 հոգի, իսկ մանկապարտեզներինը՝ 150։
Կայքի փոխանցմամբ՝ ցուցակների մեջ հիմնականում ընդգրկված են եղել երեխաների ծնողները, իսկ Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրենն ընդունել է, որ մարդկանց վախեցնելու միջոցով պարտադրել է անպայման ընտրել Հանրապետականին։
Տնօրենների մոտ 75 տոկոսը ցուցակները փոխանցել են մարզպետարաններ, քաղաքապետարաններ կամ թաղապետարաններ, իսկ 25 տոկոսը՝ միանգամից Հանրապետականի շտաբներ: Տնօրեններից մեկն էլ ցուցակն անմիջապես փոխանցել է պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին» ընկերությանը:
Դպրոցների տնօրենների ձայնագրությունների ցանկը՝ այստեղ
Մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունների ցանկը՝ այստեղ
Նշենք, որ մարտի 24-ին Sut.am կայքը հաքերային հարձակման է ենթարկվել