ՔՊ-ն վերաձևում է ընտրազանգվածը
8-րդ գումարման Ազգային ժողովը լուծարվելուց առաջ հասցրեց արտերկրում ապրող հայաստանցիներին զրկել ընտրելու իրավունքից։ Օրինագիծը պատգամավորների սեղանին էր հայտնվել երեկ, արդեն այսօր այն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։ Քվեարկությանը մասնակցում էր միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները օրենքը վիճարկելու են Սահմանադրական դատարանում։
Քվեարկելու իրավունքից զրկում են Հայաստանի քաղաքացիներին, որոնք ընտրացուցակների հրապարակմանը նախորդած երկու տարվա առնվազն կեսը՝ մեկ տարին, ֆիզիկապես ներկա չեն եղել Հայաստանում։ Խոսքը հարյուր հազարավոր մարդկանց մասին է։ Բացառություն է արվելու միայն ուսման մեկնածների և պետական գործուղումների համար։
Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու գաղափարը իշխող կուսակցության մոտ ծագել է քարոզարշավի ժամանակ։ ՔՊ-ականները եզրակացրել են, որ ընդդիմությունը զգալի տոկոս է ստացել նաև Ռուսաստանից եկած Հայաստանի քաղաքացիների հաշվին։ Ընտրություններից հետո որոշվել է, որ այս մարդկանց վնասազերծելու լավագույն տարբերակը նրանց ընտրելու իրավունքից զրկելն է։
Սահմանադրական դատարանում քննվող գործի շրջանակում հրապարակված տվյալներից հետևում է, որ նախընտրական փուլում ընդամենը 3 հազարով ավելի Հայաստանի քաղաքացի է հատել սահմանը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Թե եկածներից քանիսն են մասնակցել ընտրություններին՝ հայտնի չէ։ Հնարավոր չէ պնդել նաև, որ Ռուսաստանում ապրող բոլոր հայաստանցիները քվեարկել են ընդդիմության օգտին։ Իշխող կուսակցությունը այս մարդկանց ներկայացնում է որպես «կաշառքի դիմաց քվեարկողներ»։ Ընտրություններից առաջ ՔՊ-ն նրանց սպառնում էր 25-օրյա վարժական հավաքներով։ Տեղեկություններ կային, որ ռազմական ոստիկանությունը Զվարթնոց օդանավակայանում հաշվառում էր Ռուսաստանից եկած տղամադկանց։
Տեղեկատվական տագնապը, որը հրահրվում էր քարոզարշավի օրերին, այժմ ներկայացվում է որպես «հանրային պահանջ»։ Իբրև թե Հայաստանում ապրող ժողովուրդը պահանջում է, որ դրսում ապրող հայերը չորոշեն իրենց ապագան։ Բայց օրենքի նախագիծը նույնիսկ հանրային քննարկման չի դրվել։ Հեղինակներն այնքան էին շտապում, որ չեն հասցրել այն ուղարկել նաև Վենետիկի հանձնաժողով։
«Բարեփոխման» հետևանքով քվեարկելու իրավունքից զրկվելու են ոչ միայն արտասահմանում հաստատված քաղաքացիները, այլև, օրինակ, արտագնա աշխատողները, որոնց կյանքը ուղիղ Հայաստանի հետ է կապված, որոնց վաստակած գումարի մեծ մասը ծախսվում է Հայաստանում, որոնց ընտանիքի անդամներն այստեղ են ապրում։ Ընտրելու իրավունքը հիմա ավելի խիստ նախապայմանով է սահմանափակված, քան ընտրություններին առաջադրվելու իրավունքը։
Ընդդիմությունը համոզված է, որ իշխանությունները զուտ փորձում են պատրաստվել խոստացված Սահմանադրական հանրաքվեին, նախօրոք զտել ընտրացուցակները, նվազեցնել պոտենցյալ դեմ քվեարկողների թիվը։ Սահմանադրության փոփոխությունը «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական խոստումն էր և Ադրբեջանի նախապայմանը՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ ասում էր, որ եթե իրենք սահմանադրական մեծամասնություն չստանան, պատերազմ կսկսվի: Սահմանադրական հանրաքվե միանձնյա նախաձեռնելու համար ՔՊ-ն այժմ բավարար ձայներ չունի, և ստիպված է լինելու այլ լուծումներ փնտրել հանրաքվե նշանակելու համար։
ԱԺ նախագահի նոր թեկնածու Ռուբեն Ռուբինյանը հերքում է այսօր ընդունված օրենքի և հնարավոր հանրաքվեի միջև կապը․ «Նպատակը ընդամենը Հայաստանի Հանրապետությանը ապահովագրելն է այն իրավիճակից, երբ, օրինակ, արտերկրում մասսայական ընտրակաշառք կբաժանեն և կփորձեն ապօրինի կերպով ազդել Հայաստանի ընտրությունների վրա: Եվ ակնհայտ է, որ երբ որ տալիս են ընտրակաշառքը արտերկրում, մեր իրավապահ մարմինների համար շատ ավելի դժվար է դա բացահայտել»:
Ռուբինյանը համաձայն չէ, որ Ընտրական օրենսգրքում կատարված այս փոփոխությունները խախտում են գործող Սահմանադրությունը, որում հստակ նշված է՝ 18 տարեկանը լրացած Հայաստանի բոլոր քաղաքացիներն ունեն ընտրելու իրավունք։ Ասում է՝ իրենք այս իրավունքը չեն խլում, այլ «ընդամենը» նախապայմաններ են սահմանում։ Բացառում են ենթադրյալ «ռիսկերը», որոնք նույնիսկ չափելի տվյալներով հիմնավորված չեն։
Իրավապաշտպան, դիտորդական առաքելության համակարգող Վարդինե Գրիգորյանի գնահատմամբ՝ ընտրական օրենսգիրքը փոխելու այս որոշումը կայացվել է զուտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով․
«Ոնց կարող ես նախ ասել՝ ինչի է ինքը գալիս և այ էս ձևով քվեարկում, ու քանի որ այ էս ձևով է քվեարկում, ես ուզում եմ սահմանափակել իրա ընտրության իրավունքը։ Լավ, ասենք թե լեգիտիմ հարց է՝ «արդյոք ինքը ինձ հետ կիսելու է այս երկիրը պահելու, պահպանելու պատասխանատվությունը»։ Խրախուսեք, որ մարդիկ որոշում կայացնեն, երբ պատրաստ են կրել այդ որոշման հետևանքները։ Երևի հետո էլ կասեն, եկեք սոցիալապես անապահով խմբերին զրկենք քվեարկելու իրավունքից, որովհետև հենց սոցիալապես անապահովներն են ընտրակաշառքի հիմնական թիրախը։ Կամ, ասենք, որոշեն, որ եթե քո ամսական եկամուտը իքս թվից ցածր է, ուրեմն դու ընտրելու իրավունք չունես, որովհետև քեզ հեշտ է մանիպուլացնել։ Մյուսներն էլ կառաջարկեն որոշել, որ պետական ապարատի աշխատողները չպետք է ընտրելու իրավունք ունենան, որովհետև իրենք հակված են քվեարկելու իշխանություններին։ Մեկը կար, ասում էր՝ եկեք որոշենք, որ թոշակառուները չպիտի քվեարկեն, որովհետև իրենք, ամենայն հավանականությամբ, չեն ապրելու այն երկրում, որի համար քվեարկում են։ Երբ սկսում ես սահմանափակման տրամաբանությամբ խոսել, հեշտ է այսպիսի արդարացումների մեջ ընկնել», — Epress.am-ի հետ զրույցում ասել է իՎարդինե Գրիգորյանը։
Քաղաքացիական պայմանագիրը, ըստ նրա, միանձնյա և կամայականորեն մտցրել է ապօրինի սահմանափակում․ «Երկու օր հետո էլ այս նախագծի հեղինակները, դրան կողմ քվեարկածներն ու դուխ տվողները մեր ականջներին լապշա կկախեն Սահմանադրության կարևորության մասին»։
Սահմանադրական դատարանում այս օրերին 7 ուժեր վիճարկում էին հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները։ ՍԴ վճիռը կհրապարակվի վաղը։ Այսօր ընդունված օրենքի սահմանադրականությունը հավանաբար կքննվի հաջորդիվ։