Ոնց էին վախեցնում հայերով հյուսիսից
Ընտրություններից առաջ շատ էին խոսում քվեարկությանը մասնակցելու համար Ռուսաստանից ժամանող հայերի մասին։ Առաջինը տոն տվեց Reuters գործակալությունը, որը դեռ մայիսի 29-ին գրել էր՝ ռուսամետ թեկնածուներին քվեներով ապահովելու համար Կրեմլում պլանավորում են 100 հազար ընտրողների տեղափոխել Հայաստան։ Ինֆորմացիան տարածվեց միջազգային մեդիաներով, ներառյալ՝ ռուսալեզու։ Թեմայի շուրջ աժիոտաժը մոբիլիզացրեց նաև իշխող կուսակցության ընտրազանգվածին։
Պաշտոնական տեղեկություններով՝ 2026 թվականի մայիսից մինչև հունիսի չորսը օդային կամ ցամաքային ճանապարհով Հայաստան է ժամանել 179 657 ՀՀ քաղաքացի, իսկ 2025-ի նույն ժամանակահատվածում՝ 193 047։ Ժամանողների թիվը ոչ միայն չի ավելացել, այլև պակասել է 7․5 տոկոսով՝ 13 390 մարդ։ Նույն ժամանակահատվածում, սակայն, աճել են օդային ճանապարհով մուտքերը․ ինքնաթիռով Հայասան է եկել 2571-ով ավել մարդ, քան նախորդ տարի (2026 թվականին՝ 82 241, 2025-ին՝ 79 670)։ Հունիսի 1-3 Ռուսաստանից չվերթների թիվը աճել է 30 տոկոսով, իսկ հունիսի 4-6-ը՝ 33 տոկոսով։
Այս թվերը վկայում են, որ կա՛մ քաղաքական միջամտության մասին ահազանգերը չափազանցված էին, կա՛մ անցյալ տարի հայերը Հայաստան գալու ավելի շատ պատճառներ ունեին, կա՛մ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով ժամանակավոր փակված Սոչիի օդանավակայանը թույլ չի տվել բոլոր ցանկացողներին ժամանել հայրենիք։
Reuters-ը, հիշեցնե՛նք, գրել էր, թե տեղեկություններ ունի, որ մայիսի կեսերին Կրեմլը ռուսական տարբեր մարզերի համար սահմանել է քվոտաներ՝ մոտավոր թիվն այն ընտրողների, որոնց անհրաժեշտ է ուղարկել Հայաստան։ Reuters-ի չորս աղբյուրները հայտնել էին, որ դեռ հոկտեմբերին Ռուսաստանում ստեղծվել է «Ռազմավարական համագործակցության և գործընկերության վարչություն», որին հանձնարարվել է համակարգել հայկական ընտրությունների վրա «ազդեցության գործողությունները», ընտրողների ենթադրյալ հավաքագրումը, ապատեղեկատվության տարածումը հօգուտ ընդդիմության։ Ռուսաստանաբնակ հայաստանցիների նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հետագայում սկսել է ազդարարել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը, ըստ որի՝ ռուսական որոշ մարզերում բանեցվել են վարչական և ոչ ֆորմալ ազդեցության լծակներ, Կրասնոդարի երկրամասում, մասնավորապես, ոստիկանության աշխատակիցներ են այցելել հայկական անձնագիր ունեցող որոշ քաղաքացիների և համոզել նրանց գնալ ընտրության։ Իոաննիսյանի խոսքով, այլ մարզերում մոբիլիզացիային մասնակցել են եկեղեցական կառույցները և հայկական համայնքների տեղական ստորաբաժանումները, ճնշում է գործադրվել նաև հայկական բիզնեսների նկատմամբ։
Epress.am-ի զրուցակիցը Կրասնոդարի երկրամասից պատմել էր, որ ծանոթ մի կին զանգահարել է իրեն և հարցրել` արդյոք Հայաստանի քաղաքացիություն ունի։ Նա ասել է, թե պատրաստ է փոխհատուցել ավիատոմսերի և Հայաստանում կարճաժամկետ բնակության ծախսերը։ Փոխարենը խնդրել է քվեարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի օգտին, լուսանկարել քվեաթերթիկը որպես ապացույց և ուղարկել «տուր-ագենտին»։
Նույն աղբյուրը հայտնել է ևս մեկ միջադեպի մասին, երբ ցեղասպանության զոհերի հիշատակի օրը գյուղերից մեկում հավաքվածներին խնդրել են ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատող հայտարարության տակ։
Ընտրողների կենտրոնացված մոբիլիզացիայի մասին լրացուցիչ տեղեկություններ հայտնվեցին հունիսի 4-ին․ FIP.am-ի հետաքննության հեղինակները զանգել էին Ռուսաստանի հայերի միության մարզային կառույցների ղեկավարների և ներկայացել որպես ռուսական հատուկ ծառայության՝ ФСБ աշխատակից։ Զրուցակիցներից մեկը՝ վստահ լինելով, որ խոսում է ФСБ ներկայացուցչի հետ, պատմել էր Ռուսաստանում ապրող Հայաստանի քաղաքացիների հավաքագրման մեխանիզմների մասին։ Հայերի միության Ուլյանովսկի կառույցի ղեկավար Արսեն Աբրահամյանը միամտորեն խոստովանել էր, որ իրեն հանձնարարված է թաքուն օգնել նաև նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի «Միասնության թևեր» կուսակցությանը։
Մայիսին «Դոսյեի» լրագրողները «արտահոսած փաստաթղթեր» էին հրապարակել Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիային կից փորձագիտական ինստիտուտից։ Հրապարակման համաձայն, դեռ 2023 թվականին Վլադմիր Պուտինի աշխատակազմին խորհուրդ է տրվել ընդդիմության նոր առաջնորդներ փնտրել․ հները պոպուլյար չեն, Ռուսաստանին պետք են նոր անուններ։ Ավելի ուշ հիմնական թեկնածու է ընտրվել Տաշիր հոլդինգի սեփականատեր, ռուսաստանցի բիզնեսմեն Սամվել Կարապետյանը, որը ուղղակիորեն կապված չէ «ընդդիմության», «ղարաբաղյան կլանի» կամ Փաշինյանի թիմի հետ։ Միաժամանակ Մոսկվան որոշել է չկենտրոնանալ միայն նոր թեկնածուի վրա [այլ սատարել նաև հներին՝ Ռովերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին և Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանին»]։
«Դոսյեն» պնդել է նաև, որ անցած տարի հիշատակված փորձագիտական կենտրոնը առաջարկել է Կրեմլին Արման Թաթոյանին դիտարկել որպես պահուստային թեկնածու (նրա անցած ճանապարհի մասին կարող եք կարդալ այստեղ)։ Նախատեսվում էր, որ մինչև 2026-ի մայիս նրա վարկանիշը կհասնի տասը տոկոսի, քանի որ նա կներկայանա որպես արդար, շիտակ, հայամետ թեկնածու, որն անկախ է աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններից։ «Դոսյեի» տվյալներով, փորձագիտական ինստիտուտի քաղտեխնոլոգները ռազմավարություն և ծրագրային առաջարկներ են մշակել Թաթոյանի քարոզարշավի համար, համակարգել են նրա գովազդային արշավը 2025 թվականից։ Ծրագիրը, սակայն, նախատեսվածից անարդյունավետ է ընթացել։
Epress.am-ի ուշադրությունը գրավել էին նաև Ռուսաստանի հայերի միության՝ մայիսի 15-ին արված գրառումը։ Կազմակերպությունը ուղեցույց էր հրապարակել Կրասնոդարի երկրամասում ապրող Հայաստանի քաղաքացիների համար՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու կարգի մասին։ Փաստաթղթում հատուկ նշվում էր, որ քվեարկել հնարավոր է բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքից, բայց Միությունը պատրաստ է կազմակերպել տեղափոխումը։ Հրապարակման մեկնաբանություններում հանդիպում էին «կաշառք» և «ընտրակաշառք» գնահատականները։ Իր տելեգրամ-ալիքում մայիսի 2-ին ընտրողներին օգնություն էր առաջարկել նաև ռուսամետ բլոգեր, «Եվրազիա» ՀԿ-ի ներկայացուցիչ, «Ազատագրում» շարժման առաջնորդ Միկա Բադալյանը, որն այժմ ձերբակալված է։
Մայիսի 26-ին Ռուսաստանի հայերի միությունը կոչ էր արել քաղաքացիներին քվեարկել երեք ընդդիմադիր ուժերից մեկի՝ «Ուժեղ Հայաստանի» (Սամվել Կարապետյան), «Բարգավաճ Հայաստանի» (Գագիկ Ծառուկյան) կամ «Հայաստան» դաշինքի (Ռոբերտ Քոչարյան) օգտին, «որպեսզի ձեր երեխաները, թոռներն ու ծոռները կարողանան հայ մնալ և ապրել ուժեղ, անվտանգ և բարգավաճող երկրում»։ Ինչպես նշել էր Ուլյանովսկի Հայերի Միության ղեկավար Արսեն Աբրամյանը, չորրորդ ուժի մասին հրահանգված էր լռել. «Աջակցում ենք նաև «Միասնության թևեր» կուսակցությանը, բայց ցույց չենք տալիս, որպեսզի նրանց համար եվրոպամետության ֆոն պահենք»։
Չնայած տասնյակ հազարավոր ընտրողների տեղափոխության մասին հաղորդումները չեն հաստատվում, հունիսի 3-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Տարոն Չախոյանը հայտարարել էր, թե «կաշառքի դիմաց» ընտրություններին մասնակցելու ժամանած քաղաքացիներին կուղարկեն 25-օրյա ռազմական հավաքների, իսկ խուսափողները կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Նմանատիպ հայտարարություններ արել է նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Թե ինչպես է իշխող ուժը նախատեսում տարբերակել սեփական կամքով սեփական հայրենիք եկած հայաստանցիներին «կաշառքի դիմաց» ժամանածներից՝ պարզ չէ։
Հունիսի 4-ին հաղորդվեց, որ Երևանի Զվարթնոց օդանավակայանում ռազմական ոստիկաններն ու զինկոմիսարիատների աշխատակիցները զննում են զինակոչային տարիքի տղամարդկանց, ծանուցագրեր հանձնում և հաշվառում։ Պաշտպանության նախարարությունից մեկնաբանեցին՝ միջոցառումներն արվում են գործող օրենսդրության շրջանակներում և վերաբերում են քաղաքացիներին, որոնք ենթակա են զինվորական հաշվառման անկախ մեկնման երկրից։
Ռուսաստանից եկած հայերի դեմ արշավին պետական պաշտոնյաներից բացի մասնակցում էին նաև մեդիաները։ Օրինակ, Ինստագրամի ինչ-որ օգտատերեր, որոնք հորդորում էին քվեարկել «Քաղաքացիական պայմանագրի» օգտին և մտորում՝ արդյոք արժի, որ ընտրություններին մասնակցեն նրանք, ովքեր Հայաստանում չեն ապրում և «չեն հասկանում կոնտեքստը»։
Հունիսի 7-ին Զվարթնոց օդանավակայանում Հովհաննես Սահակյանը Shant TV-ին ասել էր, որ ինքն ու իր ընտանիքի անդամները պատրաստվում են քվեարկել և նույն օրը երեկոյան վերադառնալ Ռուսաստան, քանի որ իրավիճակը կարող է խառնվել, իսկ իրենք «երեխաների հետ են»։ Քննչական կոմիտեից ավելի ուշ հաստատեցին, որ բերման են ենթարկել Սահակյանին և մեղադրանք ներկայացրել ինչ-որ անհասկանալի հոդվածով՝ իբրև թե ենթադրյալ հանցագործության մասին իմանալու և չտեղեկացնելու համար։ Նրան ազատ են արձակել չհեռանալու մասին ստորագրությամբ։ Մինչ այդ Factor TV-ի լրագրողն էր որսում Սամվել Կարապետյանի ցույցի մասնակիցներին։ Սոցցանցերում հետո նախատում էին Կուրսկից եկած մի տղամարդու, որը պատմել էր Factor-ին, որ եկել է հիսուն հոգանոց խմբի հետ։
Բայց Ռուսաստանում ապրող շատ հայաստանցիներ կապված են Հայաստանի անցուդարձի հետ, հետևում են լուրերին, փող են ուղարկում ընտանիքին։ Ինչու այդքան ցուցադրական զրկել նրանց քվեարկելու «բարոյական» իրավունքից՝ պարզ չէ։ Վարչական և տնտեսական ռեսուրսների չարաշահումը տարածված է նաև երկրի ներսում, ինչը չի ենթադրում, որ քվեախցիկում ազատ ընտրության հնարավորություն չկա։
Հայաստանի ընտրական համակարգն այնպիսին է, որ կատարած ընտրությունը վերիֆիկացնելու մեխանիզմեր գրեթե չկան։ Քվեաթերթիկը լուսանկարելով ոչինչ հնարավոր չէ ապացուցել։
Այլ կերպ ասած՝ նույնիսկ Հայերի միության առաջարկն ընդունած մարդիկ կարող էին գալ, ժամանակ անց կացնել բարեկամների հետ և ի վերջո քվեարկել ում օգտին ուզեն, օրինակ՝ հարազատների հետ խորհրդակցելով։