Բիզնեսմեն ախպեր
«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը գալիք ընտրություններում հաղթանակ կհամարի «նախկինների և/կամ ռուսամետների» պարտությունը։ Դեմ չէր լինի նաև խորհրդարան անցնելուն։
Ասբեստի և ցեմենտի բիզնեսով զբաղվող Արամ Սարգսյանը խոստանում է Iphone-ների չինական գործարանները տեղափոխել Հայաստան, բերել ամերիկյան Amazon-ը, Մեծամորում սարքել 640 մեգավատանոց ֆրանսիական ստատիկ ատոմակայան, Սյունիք տեղակայել ամերիկյան մոդուլային ռեակտոր և ստացված էներգիան վաճառել Firebird տվյալների մշակման կենտրոնին կամ Nvidia-ին։ Պետական բյուջեն այսպիսով կդառնա 80 միլիարդ, և Հայաստանը կգնա եվրոպականացման ճանապարհով։ Ըստ Սարգսյանի, մենք պետք է հաղթենք Ադրբեջանին գիտությամբ և տնտեսությամբ, այլ ոչ թե պատերազմով։
«Երբ ընկնում ես զարգացման ռելսերի վրա, արդեն զարգացման հունով գնում ես», — ասել է նա։
Քարոզարշավի ամբողջ ընթացքում արևմտամետները մեղադրում էին ռուսամետներին օտարերկրյա գործակալ լինելու մեջ՝ արժանանալով հայելային մեղադրանքների։
Նախընտրական արշավի վերջին օրը «Հանրապետությունն» անց կացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որից պահանջում էր չեղարկել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումը։ Դիմումը մերժվեց։
Հ1-ով հեռուստաբանավեճի ժամանակ Արամ Սարգսյանը խնդրել էր Նիկոլ Փաշինյանին (ընտրակաշառք բաժանելու հիմքով) արգելել ռուսամետ ընդդիմությանը մասնակցել ընտրություններին։ «Դա ԿԸՀ գործառույթն է, ինչո՞ւ [հենց դուք] չեք դիմում [ԿԸՀ-ին]։ Կոչ եմ անում հրատապության կարգով հենց վաղը առավոտը դիմել», — պատասխանել էր Փաշինյանը։ «Հանրապետությունը» հենց հաջորդ առավոտ էլ դիմեց։
Հայցը վերաբերում էր միայն «Ուժեղ Հայաստանին», չնայած Արամ Սարգսյանը ամենաշատը չի սիրում Քոչարյանին․ «Նա ոչ միայն առաջադրվելու, այլ նույնիսկ ազատ տեղաշարժվելու հնարավորություն չպետք է ունենար։ Այդ մարդը չպետք է կարողանար գալ ու Հանրային հեռուստատեսությամբ արդարացներ Մարտի մեկը. իբրև թե ինքը տեղյակ չէր, իբրև թե 30 հազար դրամով կարելի է միլիոնատեր դառնալ, իբրև թե մարտիմեկյան կրակոցները եղել են, որովհետև անմեղ քնած մարդիկ նռնակներ ունեին իրենց մոտ»։
Սարգսյանը քաղաքականություն է մտել եղբոր՝ Վազգեն Սարգսյանի միջոցով։ Եղել է Վազգենի հիմնադրած Երկրապահ կամավորականների միության անդամ։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո Վաղարշակ Հարությունյանի, Մանվել Գրիգորյանի, Հայկազ Բաղմանյանի, Գագիկ Ջհանգիրյանի հետ միասին պահանջել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հրաժարականը` մեղադրելով նրանց ընդհուպ մինչև ահաբեկչությունը կազմակերպելու մեջ։ Բողոքողների մեծ մասին այդ ժամանակ պաշտոններ են տվել, բաժանել գեներալի կոչումներ։ Հաշված օրերում Արամ Սարգսյանը նշանակվել է վարչապետ։ Ընդամենը 7 ամիս անց Քոչարյանը նրան հեռացրել կառավարությունից (ըստ Սարգսյանի՝ եղբոր քաղաքական գիծը շարունակելու և նախագահին հակադրվելու փորձերի համար)։
2001 թվականին նա նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի, Ալբերտ Բազեյանի, Սմբատ Այվազյանի և այլ ընդդիմադիր գործիչների հետ միասին հիմնադրել է «Հանրապետություն» կուսակցությունը, որ շարունակի հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման համար պայքարը․ «Քաղաքականությունից դուրս գալը պարտություն կլիներ, իսկ ես պարտություն չեմ սիրում»։
«Հանրապետությունը» մինչև 2017 թվականը չի անցել խորհրդարան կամ ստացել է ընդամենը 1-2 մանդատ մեծամասնական ընտրակարգով։ 2017 թվականին Սարգսյանի կուսակցությունը միացել է Էդմոն Մարուքյանի և Նիկոլ Փաշինյանի «Ելք» դաշինքին և դարձել խորհրդարանական ընդդիմություն։ 2021-ին մասնակցել է ընտրություններին առանձին՝ հավաքելով 3.04% ձայն, ինչի շնորհիվ տարեկան ստացել է 25 միլիոն դրամի պետական ֆինանսավորում։
2023-ի Երևանի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով «Հանրապետությունը» 8 մանդատ է ստացել և, աջակցելով ՔՊ-ական Տիգրան Ավինյանին, կոալիցիոն կառավարություն ձևավորել ավագանիում։ Կուսակցության որոշ անդամներ դարձել են թաղապետ։ Օրինակ՝ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը, որը անցած տարվա մայիսին ուղիղ եթերում խմբակային ծեծի էր ենթարկել ընդդիմադիր «ակտիվիստ» Արթուր Չախոյանին։ «Հանրապետություն» կուսակցության անդամ Ռոմիկ Մխիթարյանը սպառնացել էր, որ եթե Ավինյանը պաշտոնանկ անի Տեր-Մարգարյանին, իրենք վայր կդնեն մանդատները՝ առաջացնելով կառավարման ճգնաժամ։ Թաղապետը հրաժարական տվեց դեպքից կես ամիս անց։
Արամ Սարգսյանն այս միջադեպը դիտարկում էր «աշխարհաքաղաքական զարգացումների կոնտեքստում»․ «Ակնհայտ է, որ դա սադրանք էր: Տիգրան Տեր-Մարգարյանը պիտի այդ սադրանքին չտրվեր <․․․> խնդիր են լուծում՝ Երևանում հասնել իշխանափոխության, հետո Հայաստանում հասնել իշխանության: Այդ թևի կողմնակիցները աշխարհաքաղաքական են՝ Ռուսաստանն է, Ադրբեջանն է: Ուզում են Մեղրիով միջանցք և Հայաստանի ինքնիշխանության և ինքնուրույնության ամբողջական վերացում»:
Տիգրան Տեր-Մարգարյանը «ռուսական սադրանքը» բացատրում էր նրանով, որ ինքը ուկրաինական Բուչա էր գնացել։
«Հանրապետությունը» այս ընտրություններում էլ է ձգտում «կոալիցիոն կառավարման»։ Արամ Սարգսյանի գնահատմամբ՝ գործող իշխանությունները կհավաքեն 50% և ավել ձայն, ինչը այդքան էլ լավ չէ, քանի որ «խորհրդարանական հանրապետություններում առավել արդյունավետ են կոալիցիոն կառավարությունները»․ «Ի տարբերություն դաշինքների՝ կոալիցիաները չեն փլուզվում, քանի որ այդ դեպքում երկու կողմն էլ կորցնում են իշխանությունը»։
Արամ Սարգսյանի առավոտները սկսվում են մարզանքով և սառը լողավազանով։ Հիսուն տարեկանից հետո հասկացել է, որ ամենամեծ արվեստը ճաշ պատրաստելն է։ Նա սիրում է չինական և իտալական խոհանոց, պատրաստում է գառան իքիբիր և գառան թիակ։ Սիրելի նկարիչների ցանկում են Վան Գոգը, Մոդիլիանին, Մարտիրոս Սարյանը և Մինաս Ավետիսյանը։ Սարգսյանը նկարիչ է, սովորել է Գեղարվեստի ակադեմիայում, բայց չի ցուցադրվում։
Նա զբաղվում է նաև բիզնեսով՝ ասբեստի և ցեմենտի։ Ասբեստաթիթեղներ արտադրող «Կավաշեն» ՍՊԸ-ի 30 տոկոսանոց համասեփականատերն է։ Գործարանը պատվերներ է ստանում նաև պաշտպանության նախարարությունից․ ասբեստաթիթեղներով ծածկվում են հին զինավանների տանիքները։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ասբեստի բոլոր տեսակները, այդ թվում` քրիզոթիլը, համարում է քաղցկեղածին: Տանիքները ծածկելու համար արդեն վաղուց ասբեստաթիթեղներ չեն օգտագործում։
Արամ Սարգսյանի փեսան էլ GTB Holding-ի սեփականատերն է, Արարատի մարզում զբաղվում է պողպատի արտադրությամբ, վերամշակմամբ, ամրանների, մետաղական կոնստրուկցիաների արտադրությամբ, բնակելի և կոմերցիոն նախագծերի իրականացմամբ։
Անցյալ տարի Սարգսյանի «Հանրապետություն» և Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցությունները միավորվել էին Լևոն Շիրինյանի «Քրիստոնեա-ժողովրդավարական» և Տիգրան Խզմալյանի «Եվրոպական» կուսակցությունների հետ, որպեսզի արևմտամետ արտախորհրդարանական ուժերի միասնական ճակատով ստորագրություններ հավաքեն Հայաստանը Եվրոպային մերձեցնելու համար։
Եվրաքվեի ստորագրահավաքին մոտ 60 հազար մարդ է մասնակցել։ Այդ հիմքով Ազգային ժողովն օրենքի նախագիծ է ընդունել, որով ամրագրել է Եվրամիությանն անդամակցելու իր ցանկությունը։ Սպասվում էր, որ այս հաջողությունից հետո արևմտամետ ուժերը ընտրություններին կգնան մեկ դաշինքով։ Բայց դաշինքը փլուզվեց։ Սկզբում կոալիցիայից հեռացավ Շիրինյանը։ Հետո դաշինքը լքեց նաև Խզմալյանը։ Արամ Սարգսյանն ու Արման Բաբաջանյանն առաջադրվեցին առանձին։
Սարգսյանը խոստանում է, որ խորհրդարան անցնելու դեպքում կներկայացնի բոլոր այդ ուժերին։