Ազգային ժողովում այսօր քննարկում էին Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցը։ Հանրային լսումները կազմակերպել էր Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը՝ արտախորհրդարանական չորս ուժերի և քաղհասարակության որոշ ներկայացուցիչների առաջարկով։
Նիստը բացեց հանձնաժողովի ղեկավար Արմեն Եղոյանը։ Նա խոսեց իր ակնկալիքների մասին․
— ․․․Միգուցե մենք պետք է քննարկենք փորձագիտական հարցեր և տանք ոչ թե «ինչ», այլ «ինչպես» հարցի պատասխանը՝ ուղիներ, մեթոդներ, ժամկետներ, գործիքներ։ Եվրաինտեգրումը մեկ քայլանի գործողություն չի, նույնիսկ մի քանի քայլանի գործողություն չի, նույնիսկ մեկ գծի վրա գտնվող բազմաթիվ քայլերից բաղկացած գործողություն չի․․․
Չնայած Եղոյանի ակնկալիքները կոնկրետ էին, լսումներին մասնակցող քաղգործիչների ելույթները եղան լոզունգային։
Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, օրինակ, խոստովանեց՝ խորհրդարանի «ներկայացումները» նայում է, երբ կա սկանդալային կոնտենտ, և շնորհակալություն հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին «հայրենիքին և ժողովրդին գերազանց ծառայություն մատուցելու» համար։
— Մեզ ընդունելով Եվրամիություն՝ եվրոպացիները շահում են։ Մեզ նման դաշնակից ունենալը, գործընկեր ունենալը նրանց արժանապատվության հարցն է։ ․․․Մեր երկիրը լավ տեղում է, Հայկ Նահապետն ընտրել է այս տեղը։ Այն ժամանակ մի քանի հոգի էին Հոմո սափիենսներից, որ ընտրում էին․․․ Մենք անկոչ չե՛նք, մենք կոչվա՛ծ, հրավիրվա՛ծ և ցանկալի՛ դաշնակից ենք Եվրոպայի համար։ Նրանք, ովքեր մեր կողքին կան, չեն ուզում, որ մենք գնանք։ Նրանք նոր են իմացել, որ մենք կարող ենք հեռանալ՝ «куда денемся»:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հռետորական հարցերից սկսեց՝ ի՞նչ ուղղությամբ է զարգանալու Հայաստանը, գնալու է դեպի քաղաքակիրթ աշխա՞րհ, դեպի Եվրոպա՞, թե՞ մնալու է այն տեղում, որտեղ ստորագրված պայմանագրեր ու հանձնառություններ ունի։ Նա առաջարկեց Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվեն անցկացնել սեպտեմբերի 21-ին։
— ․․․Մենք նորից ջանում ենք տարածաշրջանում դառնալ ժողովրդավարության կղզյակ, մենք դառնում ենք ժողովրդավարության առաջատարը՝ Վրաստանի, Մոլդովայի համար։ Մեզ կսկսեն նայել այլ աչքով, մեզ կսկսեն օժանդակել և կասկած չունեմ, որ դա առատաձեռն, շատ առատաձեռն կփոխհատուցվի մեզ սպառազինության, անվտանգության, տնտեսության զարգացման և ներդրումների առումով․․․
«Ազատ քաղաքացի» ՀԿ-ի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը համոզված էր՝ Եվրամիությանն անդամակցելու գաղափարն ընդգրկուն համախոհություն ունի Հայաստանի հասարակության մեջ։
Արտահայտվեց նաև «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ Նա խոսում էր դանդաղ և ավելի երկար, քան նախատեսված էր մեկ ելույթի համար։ Ընդհանուր առմամբ բանախոսները դժվարությամբ էին հեռանում Ազգային ժողովի ամբիոնից։ Բաբաջանյանը իշխանություններին կոչ էր անում ուս ուսի, ձեռք ձեռքի տված գնալ եվրաինտեգրման ճանապարհով և անցկացվելիք հանրաքվեի արդյունքն ամրագրել նախատեսվող նոր Սահմանադրության մեջ։
Ելույթը պատկերավոր դարձնելու համար նա իր հետ խորհրդարան էր բերել ռուսական ռետինե կալոշ և եվրոպական դրոշ։
— Հիշո՞ւմ եք այս կալոշը։ Սա խորհրդանշում է փողոցներում վերջին օրերին հետադիմական այն խայտառակությունը, որը մեզ ուզում է տանել դեպի մահ, դեպի կործանում։ Այս տոքսիկ, այս թունավոր միջավայրից մեզ ազատո՛ւմ է պետք։
Բուռն ծափահարություններ հնչեցին։ Կալոշը ցուցադրելուց հետո «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավարը գրպանից հանեց Եվրամիության դրոշը և փակցրեց ամբիոնին, որպեսզի «քննարկումներն անցնեն դրոշի ներքո»: Բաբաջանյանը ռետինե կոշիկը դրեց դրոշի վրա և հեռացավ՝ կրկին ծափահարությունների ներքո։
Վայրկյաններ անց լսումների մասնակցիներից մեկը մոտեցավ ամբիոնին՝ կալոշը դրոշի վրայից դրոշի տակ դնելու համար։ Կրկին ծափահարություններ հնչեցին։
Հանձնաժողովի ղեկավար Արմեն Եղոյանը նկատողություն արեց՝ հիշեցնելով, որ Հայաստանի Ազգային ժողովում պետք է լինի միայն Հայաստանի դրոշը։ Սրահից սկսեցին հակադարձել, թե փողոցում էլ ընդդիմությունը Ռուսաստանի դրոշն է բարձրացնում։ Եղոյանը հիշեցրեց՝ այս քննարկումը կայացել է շնորհիվ իշխանության ընդառաջման։
— ․․․Դուք 5, 6, նույնիսկ 1 տարի առաջ նման ելույթ չէիք կարող ունենալ, որովհետև դրա պայմանները չկային։ Դուք հիմա եկել, ասում եք՝ փողոցում ռուսական դրոշ կա։ Փողոցում շատ բան կա, սա Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճ է։ ․․․Տեղի ունեցավ քաղաքական ակցիա, որը, իմ կարծիքով, կարող էր և չլինել։ Համենայն դեպս, այն բովանդակային փոփոխություն չմտցրեց մեր խոսակցության մեջ․․․
Եղոյանը բեմ հրավիրեց «Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի» Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Էդգար Խաչատրյանին, սակայն շարունակեց բանավիճել հակաՔՊական արևմտամետների հետ․
— Թե բա ՔՊ-ն այսինչը չուզեց․․․ Մենք․․․ Ես․․․ Մենք չենք պատրաստվում այդ դիրքավորման տակ մնալ, եթե ցանկանում եք բանավեճ՝ կստանաք բանավեճ։
Հակադարձումները շարունակվեցին ևս մի քանի րոպե։ Էդգար Խաչատրյանին վերջիվերջո հաջողվեց ելույթ ունենալ։
«Եվրոպական կուսակցության» ղեկավար Տիգրան Խզմալյանը՝ դեղին վզկապով, հիշեցրեց Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրների մասին և համոզմունք հայտնեց, որ դեռ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց էլ է լինելու։ Եվրաինտեգրումից և Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին միանալուց հետո, ըստ նրա, հայերի համար հնարավոր կլինի վերադառնալ Արցախ։
— Մարդիկ, որոնք խոսում են Արցախից, կուրծք են ծեծում ու միաժամանակ ծածանում ռուսական դրոշը կամ թաքցնում են դա, բայց դեմ են եվրաինտեգրմանը, իրականում դեմ են Արցախին, դեմ են Արցախի հայկական հեռանկարին։ ․․․Այս գարնանը մեծ ծառատունկ էր Հայաստանում։ Նկատած կլինեք, որ այդ ծառերի կողքին տնկում են երկաթե սյուներ, որովհետև փոքր, ճկուն, երիտասարդ ծառը չի դիմանա մեր շոգին, մեր ցածր կենցաղային մշակույթին։ Այդ ծառին պաշտպանություն է պետք։ Հայկական եռագույնի կողքը եվրոպական դրոշը հենց այն երկաթե սյունն է, որը պաշտպանելու է մեր երիտասարդ ժողովրդավարությունը։
Խզմալյանը շնորհակալություն հայտնեց Բաբաջանյանին եվրոպական դրոշը բերելու համար և հետաքրքրվեց՝ արդյո՞ք դա այն դրոշն է, որն ինքը նվիրել է նրան երկու օր առաջ։ Նրան ծափողջույններով ճանապարհեցին։
Ամբիոնին մոտեցավ «Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն» նախագահ Լևոն Շիրինյանը։ Նա հիշեց Կիլիկյան Հայաստանը, որը եվրոպական պետություն էր։ «Սա պատմական ժառանգության հարց է»։ Քրիստոսից առաջ անտիկ աշխարհը կործանման գնաց, և Հայաստանը, նրա խոսքով, աշխարհի եզակի պետություններից մեկն էր, որ պահեց անտիկ մշակույթը և ավելացրեց քրիստոնեությունը։ 5 դար հետո Եվրոպան բախվեց նույն խնդրին և արեց նույնը։
Վերջերս «Եվրոպական կուսակցության» անդամ դարձած դերասան Հովհաննես Ազոյանն էլ խորհուրդ տվեց քաղաքացիներին (դեռ երեկայական) հանրաքվեից առաջ մտածել, թե ինչ է ժողովրդավարությունն իրենց համար։
— Ժողովրդավարությունն ի՛նձ համար իրավունքն է, պարտավորությունն է և ապահովությունն է։ Այս նախապայմաններն են, որ ինձ համար կստեղծեն կենսունակ այնպիսի միջավայր, որտեղ ես կզբաղվեմ ստեղծարար աշխատանքով, կունենամ էսթետիկ կենցաղ և կապրեմ երջանիկ։ ․․․Ժողովրդավարությունը կամ լինում է կատարյալ կամ չի լինում ընդհանրապես։ Հատվածական ժողովրդավարությունը հասարակության մեջ առաջացնում է մեծ շփոթություն և թյուրընկալում․․․։ Եվ հենց այդպես էլ խեղաթյուրվում, արժեզրկվում է ժողովրդավարությունը որպես քաղաքակրթական բարիք, որն էլ իր հերթին հասարակության մեջ առաջացնում է հուսահատություն, հուսալքություն և խորը դեպրեսիա։ Եթե ոչ դիկտատուրա է, ոչ էլ դեմոկրատիա, ապա ի՞նչ է դա։ «Դեմագոգիա՛», – կպատասխաներ Տիգրան Խզմալյանն ու չէր սխալվի։ Դեմագոգիան դիկտատուրայի կողմից դրված այն թակարդն է, որը տանում է դեպի դեմոկրատիա։ Հենց այդ թակարդում է Հայաստանը գտնվում 30 և ավել տարի։
Պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթը նշանավորվեց խրատով՝ հասցեագրված արտախորհրդարանական ուժերին։ Իշխող խմբակցության պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Հայաստանին ոչ թե աշխարհաքաղաքական կուրսի, այլ Հայաստան-աշխարհ հարաբերությունների մոդելի փոփոխություն է պետք։
— Թույլ տվեք պնդել, որ եթե չզբաղվենք մոդելի փոփոխությամբ, այլ զբաղվենք կենտրոնի փոփոխությամբ, հնարավոր է, որ նախորդ կենտրոնի շահերը ակամայից սպասարկենք։ Այսինքն, այնքան ուժեղ մղվենք դեպի Եվրոպական միություն, որ վերջում կրկին հայտնվենք Ռուսաստանի ծիրում։
Կարապետյանը առանձին անդրադարձավ Տիգրան Խզմալյանի հայտարարությանը, թե Բրյուսելի միջոցով հնարավոր է վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։ Այս թեզը նա անիրատեսական որակեց։ Լևոն Շիրինյանի՝ ավելի վաղ արտաբերած մտքերը, թե «մեզ պարտադրել են լինել սլավոնական, մոնղոլ-թաթարական մշակութային իրականության հետ», Կարապետյանը համարեց «կայսրության նարատիվ»։
Լսումներին ելույթ ունեցան նաև Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համակարգող Լուսինե Հակոբյանը, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Հայկ Միրզոյանը, լրագրող-վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը և այլոք։ Նրանց թեզերը շատ չէին տարբերվում՝ «ռազմավարական կարևորություն», «ժողովրդի կարծիք», «քաղաքակրթական ընտրություն», «անվտանգային երաշխիք», «սովետական օկուպացիա», «քաղաքակրթական էվոլյուցիա», «անդառնալի ժողովրդավարություն», «ապօրինի ռուսական ներկայություն», «արևմուտքի հետ ներդաշնակեցում», «ինքնիշխանության անդառնալի կորուստ»։
Նիստը տևեց հինգ ժամ։