Հայրենիք, քնքուշ հրեշ, նոթեր և զուգահեռ պատմություններ Կաննից
Կինոքննադատ Ալեքսանդր Մելյանը դիտել է Կաննի փառատոնի մրցութային ծրագրի բոլոր 22 ֆիլմերը։ Գրախոսությունները կհրապարակենք հինգ մասով։ Ֆիլմերից որոշները շուտով կհասնեն նաև Հայաստան։ Դրանք հնարավոր կլինի դիտել «Ոսկե ծիրանի» ժամանակ՝ հուլիսի 12-19, Երևան։
Մաս առաջին

Հայրենիք
Fatherland
Պավել Պավլիկովսկի
Լեհաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա
Թոմաս Մանը (Հանս Ցիխլեր) ճամփորդում է զրո թվականի Գերմանիայով, վերապրում որդու ինքնասպանության լուրը, ձախողում բևեռացված աշխարհների միջև երկխոսություն հաստատելու ինքնակոչ առաքելությունը և խմում հայկական կոնյակ։
Պավել Պավլիկովսկին հատավատարիմ է Իդայի (2013) և Սառը պատերազմի (2018) էսթետիկային՝ սևուսպիտակ, «քառակուսի» լակոնիզմ, ինչպես ընդունված էր հիսունականներին: Դեպի «Աշխարհի սկիզբ» ուղևորվող Մանը նույն պրոֆեսոր Բորգն է Բերգմանի Մորու բացատից: Իդենտիկ են նույնիսկ ծերուկների ձայնազուրկ մղձավանջները:
Առանձին արժե հիշատակել Թոմասի դստերը՝ Էրիկա Մանին մարմնավորած Սանդրա Հյուլերին, որն այս տարի իսկապես ամենուրեք է: Կաննում՝ Հայրենիքը, Բեռլինում՝ Ռոզեն, որի համար դերասանական Արծաթե արջ ստացավ, իսկ համաշխարհային կինովարձույթում ՝ «Ավե Մարիա» նախագիծը, որի բոքս օֆիս հասույթն արդեն գերազանցել է 680 միլիոն դոլարը։ Հյուլերը խաղում է նաև Ալեխանդրո Գոնսալո Ինյարիտույի Digger ֆիլմում, որը հավանաբար կընդգրկվի Վենետիկի կինոփառատոնի ծրագրում: Կանխատեսվում է, որ դերսանուհին միաժամանակ չորս նոմինացիա կարող է ունենալ գալիք Օսկարին։
Բայց վերադառնանք Հայրենիք։ Ո՞ւմ կընտրի Մանը՝ Միկի Մաուսի՞ն, թե՞ Ստալինին: Մանրակերտ դրվագը մի քանի վայրկյանում «վերապատմում է» ամբողջ ֆիլմը։ Մեքենայով հերթական անգամ միջգերմանական սահմանն անցնելիս նա թերթում է ռադիոյի ալիքները․ եթերում «Ամերիկայի ձայնն» է, հետո «սովետական խմբերգ»: Մանը անջատում է ռադիոն. ակների աղմուկ, իջեցվող դագաղի լռություն: Ամենավերջում Բախի երաժշտությունն է: Հին եկեղեցու փլատակներում վնասված երգեհոնը նվագում է «Jesus bleibet meine Freude»-ն, և ֆիլմը հանգուցալուծվում է կատարսիսային նոտայով։

Նագիի նոթեր
Nagi Notes
Կոջի Ֆուկադա
Ճապոնիա
Նագիի նոթերը Յասուձիրու-Օձու-ական կինոյի օրինակ է՝ զսպված զգացմունքներ, անընդհատ ինքնագրաքննություն, կանոնակարգերի տակ թաքնված հույզեր: Տոկիոյից եկած ճարտարապետն այցելում է Նագի գյուղաքաղաքում ապրող քանդակագործ ընկերուհուն՝ նրա նոր գործի բնորդը լինելու համար: Ֆուկադան մտորում է արվեստի առաքելության մասին: Կարևոր է կամերա օբսքուրայի տեսարանը․ երբ հերոսները նայում են խցիկի մեջ, ամեն ինչ տակնուվրա է լինում։ Ճշմարտությունը տեսնելու համար պետք է աշխարհին նաև գլխիվայր նայել:
Ռադիոյով և հեռուստացույցով լուրեր են ռուս-ուկրաինական պատերազմի մասին, ինչպես Կաուրիսմյակիի վերջին ֆիլմում: Թվում է, թե պատերազմը հեռու է, թեպետ ագրեսորը հենց հարևան երկիրն է։ Եվ երբ Նագիի մոտակայքում զորավարժություններ են սկսվում, ֆիլմի ամենահանդարտ տեսարանն անգամ ներուժ է ստանում «պայթելու»:

Կնոջ կյանքը
A Woman’s Life
Շառլի Բուրժուա-Տակ
Ֆրանսիա, Բելգիա
Շառրլի Բուրժուա-Տակի նոր ֆիլմի բովանդակոթյունը համապատասխանում է նրա խոսուն ազգանվանը: Աշխատանքի և ընտանեկան խնդիրների մեջ խրված 50-ամյա բժշկուհին գրեթե չունի անձնական կյանք: Նա վերագնտում է ինքն իրեն գրող Ֆրիդայի հետ հանդիպման շնորհիվ: Կնոջ կյանքը լեսբիական սիրո պատմություն է՝ ռեժիսորի նախորդ (Սիրահարված Անայիսը) ֆիլմի պես։ Բուրժուա-Տակը գիտի, թե որն է իր թիրախային լսարանը՝ բարձր միջին խավի կանայք:
Կնոջ կյանքը հետևում է կինոստանդարտներին և նոր բան չի հորինում: Սա եվրո-որակի տիպային ֆիլմերից է, որոնք տարեցտարի տեղ են գտնում Կաննի հիմնական մրցույթում ֆրանսիական քվոտայի շնորհիվ:

Զուգահեռ պատմություններ
Parallel Tales
Ասգար Ֆարհադի
Ֆրանսիա, Բելգիա, Իտալիա, ԱՄՆ, Սաուդյան Արաբիա
Հայրենի Իրանից դուրս Ֆարհադին չի կարողանում լավ կինո նկարել։ Կամ ուղղակի այլևս չի կարողանում լավ կինո նկարել։
Ռեալիզմի ու զուգադիպականության բալանսը ռեժիսորը գտել էր Էլիի պատմությունը (2009) և Նադիրի ու Սիմինի ամուսնալուծությունը (2011) ֆիլմերում: Հետագա գործերում հավասարակշռությունը աստիճանաբար խախտվում է, մեծ քաշ են ստանում արհեստականն ու ձևականը:
Զուգահեռ պատմությունները Քշիշտոֆ Կիշլովսկու ու նրա բազմամյա համասցենարիստ Քշիշտով Պեսևիչի Սիրո մասին կարճ ֆիլմի ազատ ռիմեյք է՝ կատարյալ հիմք կասկածի, ստի և հորինվածքի ֆարհադիական նոր կծիկ-լաբիրինթոսի համար: Արդյունքը մակերեսային է և ժամանակավրեպ: Ֆրանսիացի դերասանների աստղաբույլը՝ Իզաբել Յուպեր, Վենսան Կասել, Վիրժինի Էֆիրա, Կատրին Դենյով, Ֆարհադին չի փրկում, այլ միայն սրում է «կապուստնիկի» էֆեկտը:
Շատ ավելի դրամատիկ են իրական կյանքում պատահող զուգադիպությունը: Քշիշտոֆ Պեսևիչը մահացավ 2026 թվականի մայիսի 14-ին՝ Ֆարհադիի ֆիլմի պրեմիերայի օրը:

Քնքուշ հրեշ
Gentle Monster
Մարի Կրոյցեր
Ավստրիա, Գերմանիա, Ֆրանսիա, Շվեդիա
Լեա Սեյդուի ու Լորենս Ռուպի մարմնավորած ամուսինները ապրում են աղմկոտ մեգապոլիսներից հեռու՝ բնության գրկում գտնվող առանձնատանը: Կինը՝ ֆրանսիացի երաժիշտ, տղամարդը՝ ավստրիացի ռեժիսոր, միասին դաստիարակում են մանկահասակ որդուն: Ամուսնու երբեմն արտահայտվող խուճապային գրոհները չհաշված՝ դրախտային իդիլիա: Բայց ներդաշնակ կյանքը փլում է մեկ ակնթարթում, երբ վաղ առավոտյան նրանց այցելում է ոստիկանական ջոկատը: Ոչ, սա նեթֆլիքսի Adolescence-ը չի, ուժայիններն այստեղ երեխայի հետևից չեն եկել, այլ նրա հայրիկի, որը, պարզվում է, մանկապիղծների դարքնեթ-ֆորումի ակտիվ անդամ է:
Այդ պահից ֆիլմը սկսում է կենտրոնալ Լեա Սեյդույի կերպարի վրա, որն անցնում է վշտի տարբեր փուլերով։ Անընդհատ տատանվելով, այս ու այն կողմ ընկնելով, ամեն ինչ կասկածի տակ դնելով՝ նա փորձում հասկանալ, որքան մեծ է ամուսնու մեղավորության աստիճանը։ Սերը կոճակ չունի, որ ուղղակի անջատես: Միակ բանը, որ մնում է անել՝ կողպել դուռը ամենահարազատ մարդուց պատսպարվելու համար:
Քնքուշ հրեշը նաև արտաֆիլմային պատմություն ունի: 2022 թվականին ռեժիսոր Մարի Կրոյցերը նկարեց Կորսաժ պատմական դրաման, որում Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ին մարմնավորում էր դերասան Ֆլորիան Թայխտմայստերը։ 2023-ի սեպտեմբերի 5-ին Թայխտմայստերը մեղավոր ճանաչվեց և Վիեննայի շրջանային դատարանի կողմից դատապարտվեց երկու տարվա պայմանական ազատազրկման երեխաների նկատմամբ սեռական բռնություն պարունակող ավելի քան 76,000 ֆայլեր պահելու և մշակելու համար։
Հարցազրույցներում Մարի Կրոյցերը նշում էր, որ ասեկոսեների մասին իմացել է, երբ նկարահանումներն արդեն գրեթե ավարտված էին, ու քանի դեռ դատարանի կողմից հաստատված ապացույցներ չկային, չէր կարող հեռացնել անձնակազմի անդամին՝ հիմնվելով զուտ խոսակցությունների վրա: Կրոյցերին այն ժամանակ մեղադրում էին սեփական ֆեմինիստական հայացքներին հակասելու մեջ։ Ու թեև Քնքուշ հրեշի գաղափարը նա ավելի շուտ էր մտածել, ուղղակի անհնար է անտեսել կապն իրական դեպքերի և ֆիլմի բովանդակության միջև: