Ավստիացի ռեժիսոր Ուլրիխ Զայդլը նկարահանել է ժամանակակից եվրոպացի տղամարդկանց մասին իր երկերգության շարունակությունը։ Շարքը մեկնարկել էր «Ռիմինի» ֆիլմով՝ մոտ մեկ տարի առաջ։ Զայդլի երկրորդ ֆիլմը հանել են միջազգային փառատոններից։ Այն զրկվել է նաև լայն կինովարձույթից։ «Սպարտայում» նկարահանված երեխաների ծնողները հայտարարել են՝ տեղյակ չեն եղել, որ ֆիլմի գլխավոր հերոսը պեդոֆիլիկ մտքեր ունի։ Ռեժիսորը հերքել է այս մեղադրանքները։ Կինոհարթակներն, այնուամենայնիվ, նախօրոք հաստատված ցուցադրությունները չեղարկել են։
Թե՞ ինչի մասին է նոր «Սպարտան»՝ պատմել է կինոքննադատ Անտոն Դոլինը․
Տիտղոսակիր ավստիացի ռեժիսոր Ուլրիխ Զայդլին մեղադրել են աղքատ երեխաների անբարեխիղճ շահագործման մեջ։
Նախապատմությունը հետևյալն է․ ավելի քան մեկ տարի առաջ՝ Բեռլինալեում, Զայդլը ներկայացել է իր «Ռիմինի» կինոնկարը և տեղում ազդարարել երկերգության երկրորդ գլուխը։
«Ռիմինին» պատմում է միջին տարիքի նախկին երգչի մասին, որը ձյունապատ իտալական կուրորտում «ծառայություններ» է մատուցում տարեկից կին զբոսաշրջիկներին։ «Սպարտան» ներկայացնում է նրա եղբոր՝ ռումինական գյուղում ձյուդոյի պատանեկան դպրոց բացելու պատմությունը։ Ֆիլմերը կապվում են ոչ միայն հերոսների ազգակցությամբ, այլև հոր ընդհանուր կերպարով։ Տարեց հայրը՝ սենտիմենտալ նախկին նացիստ, որը Շուբերտ է սիրում, կյանքի վերջին օրերն անցկացնում է ծերանոցում, որտեղ նրան այցելում են եղբայրները (այդ տեսակցությունները շրջագծում են ընդհանուր ֆաբուլան)։
Հորը մարմնավորում է գերմանական կինոյի վետերան Հանս-Միխայել Ռեբերգը (Զայդլի երկերգությունը Ռեբերգի վերջին ֆիլմը դարձավ, կինոնկարները նվիրված են նրա հիշատակին)։
«Սպարտայի» պրեմիերային սպասում էին Տորոնտոյում։ Վերջին պահին ֆիլմը հեռացվել է ծրագրից։ Պատճառը գերմանական Der Spiegel պարբերականի հետաքննությունն էր․ ֆիլմում նկարահանված երեխաների ծնողները հայտարարել էին, որ ռեժիսորը անբարեխղճորեն շահագործել է անչափահաս դերասաններին և որ նրանք նկարահանումների ժամանակ չեն իմացել, որ ձյուդոյի մարզիչը, ըստ սյուժեի, պեդոֆիլ է։
Չնայած երեխաների մասնակցությամբ սեքսուալ տեսարաններ ֆիլմում չկան, ծնողներն իրենց խաբված են համարել։ Թերթը հիշել է նաև նկարահանումների ժամանակ տեղի ունեցած միջադեպերը՝ երեխաներին տեղափոխող մեքենան վթարվել էր, դեռահաս դերասանը մի անգամ ալկոհոլ էր օգտագործել․․․
Զայդլը այս մեղադրանքները կտրականապես հերքել է։
«<․․․>«Սպարտայի» նկարահանումները տևել են ավելի քան մեկ տարի<.․․> Ավելորդ է ասել, որ ես երբեք երեխաներին (կամ դերասաններից որևէ մեկին) չեմ դրդել տեսախցիկի առջև անել բաներ, որոնք նրանք [կամ նրանց ծնողները] չէին ցանկանում <.․․> Ի տարբերություն Spiegel-ի պնդումների՝ նկարահանումներից առաջ բազմաթիվ տետ-ա-տետ զրույցներում (թարգմանչի օգնությամբ) ես ներկայացրել եմ ծնողներին ֆիլմի բոլոր էական տարրերը, այդ թվում՝ ավստրիացի Էվալդի, գլխավոր հերոսի, երկակիությունն ու երեխաների հետ նրա հարաբերությունները։
<․․․>Ինձ հետաքրքրում է՝ այդ ինչ գիտեն SPIEGEL-ի լրագրողները «Սպարտայի» մասին և ինչ են նրանք ասել ծնողներին: Նրանք մեզանից սցենարի օրինակ չեն խնդրել<․․․> Չեն էլ դիմել՝ ֆիլմը նախօրոք դիտելու համար։ Նրանք կարող էին միայն թերի տեղեկատվություն փոխանցել ռումինացի ծնողներին։ Արդյո՞ք ծնողներին վախեցրել են, որ ֆիլմը կարող է պարունակել պեդոֆիլիկ սեռական տեսարաններ: Չկա՛ն նման տեսարաններ: Ոչ մի երեխա երբևէ չի նկարահանվել մերկ կամ սեքսուալ վիճակում, դիրքում կամ կոնտեքստում: Երբե՛ք իմ նպատակը չեն եղել նման տեսարանները, և այդպիսիք չեն նկարվել: Նկարահանումների ժամանակ մենք երբե՛ք չենք հատել էթիկայի և բարոյականության սահմանները<․․․>։
<․․․> Իմ գործերում ես միշտ ձգտել եմ հասկանալ մեր մտքերի և գործողությունների միջև եղած հակասությունները, որոնք մարդու էությունն են։ Գիտեմ, որ իմ աշխարհայացքը՝ որպես արվեստագետ, ․․․բացահայտ հակասության մեջ է այսօրվա zeitgeist-ի [ժամանակի ոգու] հետ<․․> Իմ բոլոր ֆիլմերը, իմ աշխատանքը ճնշվածների ու ընկածների, լուսանցքայնացվածների ու վտարվածների նկատմամբ կարեկցանքի կոչ է։ Բարոյապես հալածելու փոխարեն ես պահանջո’ւմ եմ, որ նրանք դիտարկվեն որպես բարդ և նույնիսկ հակասական մարդկային էակներ», – գրել է ռեժիսորը։
Չնայած դատական գործընթաց կամ փոխհատուցման պահանջ չի եղել, խոշոր փառատոնները ֆիլմի ցուցադրությունը չեղարկել են։ «Սպարտան» հայտնվել է Սան Սեբաստիանում, հեղինակը պրեմիերային չի եկել, մրցանակներ չեն եղել։ Այժմ կինոնկարը ցուցադրվում է հատուկենտ ու եզակի ցուցահերթերում՝ գրեթե անտեսված։
Զայդլը դիլոգիայի երկու ֆիլմերը փորձել է միավորել «Արատավոր խաղեր» ընդհանուր վերնագրի ներքո, բայց նույնիսկ դա չի օգնել հաղթահարել ձախողումը և ընկալվել է ավելի շուտ որպես հեղինակային տարարարք, քան հաջողված ռեբրենդինգ։
Թե՛ Ավստրիայի պետական հաստատությունները, որոնք ֆինանսավորել են ֆիլմերի արտադրությունը, և թե՛ փառատոնների մեծ մասի ներկայացուցիչները, այնուամենայնիվ, սատարել են ռեժիսորին՝ հիշեցնելով անմեղության կանխավարկածի մասին և շեշտելով մամուլում շրջանառվող անապացույց մեղադրանքների անթույլատրելիությունը։ Միևնույնն է՝ «Սպարտայի» պոտենցիալ հանդիսատեսը, որն առանց այդ էլ կաշկանդված է ռադիկալ ռեժիսորի երկդիմի համբավով և սպեցիֆիկ թեմայով, առավելագույնս կրճատվել է։
Զայդլի վարպետությունը՝ սադրել հանդիսատեսին և զրկել նրան կոմֆորտից մինիմալ միջոցներով, «Սպարտայում» հասել է իր վերջնակետին։ Սա նրա ամենամաքուր և միևնույն ժամանակ ամենասահմանային և ռիսկային ֆիլմերից է՝ այնպես, ինչպես պոետիկ «Հույսը», որով ավարտվում էր նրա «Դրախտ» եռերգությունը։
Ավստիացի դերասան Գեորգ Ֆրիդրիխը, որի տաղանդը Զայդլը բացահայտել էր դեռևս «Ներմուծում/Արտահանում» դրամայում, «Սպարտայում» մարմնավորում է Էվալդին՝ աչքի չընկնող, ցածրաձայն մի տղամարդ, որ ապրում և աշխատում է Ռումինիայում։ Էվալդի կինը (Ֆլորենտինա Էլենա Պոպ) անկեղծորեն հրապուրված է նրա համեստ հմայքով, բայց ամուսնուն հուզելու և փոխադարձ ռեակցիա առաջացնելու նրա բոլոր փորձերը պսակվում են անհաջողությամբ։ Էվալդին ավելի շատ հետաքրքրում են կնոջ զարմիկների կամ բակում հանդիպած անծանոթ պատանիների հետ անմեղ խաղերը․ երեխաները առանց ետին մտքի իրենց մանկական ծեսերի մեջ են ներգրավում անծանոթ, բայց բոլորովին ոչ ագրեսիվ տղամարդուն։
Ընտանեկան կյանքից հյուծված՝ Էվալդը լքում է քաղաքը և տեղափոխվում գյուղ, որտեղ տեղական իշխանությունների թույլտվությամբ սկսում է բարեկարգել լքված դպրոցի շենքը։ Այնտեղ նա բացում է «Սպարտան»՝ ձյուդոյի խմբակ տղաների համար։ Ծնողներից ոմանք երջանիկ են, մյուսները՝ կասկածներով լի։ Ինչպես և հանդիսատեսը, որը բռնության տեսարանների է սպասում։
Էվալդի աշակերտներից մեկը համեստ Օկտավիանոսն է (Օկտավիանոս-Նիկոլաե Կոչիշ)՝ Տադզիոյի զայդլերյան տարբերակը, որին նեղում է հարբեցող հայրը։ Բարեհամբյուր օտարականի շրջապատում երեխան ակնհայտորեն իրեն ավելի լավ է զգում, չնայած ուսուցիչը ռումիներեն բառ անգամ չգիտի։ Հայրը հարկադրում է Օկտավիանոսին օղի խմել և նայել, ինչպես են սպանում իր սիրած ճագարին․ նա ստիպում է, որ դա անի ավագ որդին։ Իսկ Էվալդը մինչև ներքնազգեստ հանվացնում է երեխաներին, գլխներին հագցնում հին հունական բուտաֆորական սաղավարտներ, աստվածների և հերոսների անուններ տալիս։ Օկտավիանոսին նա անվանում է Ֆիդես՝ հավատարմության աստվածուհու պատվին։ Երեխաներին նաև պայմանական գաղտաբառ է սովորեցնում՝ իր տնաբույս ուտոպիա մուտք գործելու համար՝ «Մոլոն լաբե», «արի՛ ու վերցրո՛ւ»․ պարսակական դեսպանին, ըստ առասպելի, այսպես էր պատասխանում Սպարտայի թագավոր Լեոնիդը։
Ռումինական գյուղի բնակիչներին անհամամետ ավելի հեշտ է պատասխանել ամաչկոտ Էվալդին, քան պարսիկներին՝ հաղթել անկոտրում սպարտացիներին։ Կարիք չկա նույնիսկ ապացուցելու, որ օտարերկրացին պլանավորում է պղծել իրենց երեխաներին։
Փաստն ինքնին բավարար է․ առանց թույլտվության և մտադրությունները բացատրելու՝ նա հավակնում է դաստիարակել ուրիշի զավակներին, իսկ նման բանի համար ամենաքիչը քիթ-մռթին են ստանում։
Էվալդին չեն փրկի անգամ նրա ներքին կանոնները․ երեխաներին նա միայն լուսանկարում է, հազվադեպ՝ զգուշավոր կպնում։ Ուսուցիչը կվտարվի, պարսավանքի կենթարկվի և կմնա տրագիկ մենության մեջ։
Էվալդի գծային և կսկծալի պարզ պատմությունը իմաստավորվում է դիլոգիայի մեջ։ Միասին՝ «Ռիմինին» և «Սպարտան», ստորագրում են դատավճիռը ժամանակակից եվրոպացի տղամարդու, որը ծվատվել է անզսպելի բնազդի և անհաղթահարելի արգելքների հակասությունից։ Ելքը պարզ է՝ մոռացկոտություն և մահ։
Բարեգթությամբ, որի կարիքն ակնհայտորեն ունեն նաև նրան մեղադրողները, ավստիացի ռեժիսորը նայում իր շփոթված հերոսներին։ Նրանք պատկանում են անցյալին, որի բեռը իրենց ուսերին է մնացել և որից հնարավոր չէ ազատվել՝ ճիշտ այնպես, ինչպես Ռիչի Բրավոն՝ «Ռիմինիի» գլխավոր հերոսը, չի կարողանում հրաժարվել փոկի կաշվից իր ծիծաղելի և տպավորիչ մուշտակից։ Ապագան, իհարկե, չի սպասում ո՛չ Ռիչիին, ո՛չ էլ Էվալդին․․․