Անցյալ շաբաթ լրացավ ավստրիացի ռեժիսոր Միխայել Հանեկեի 80 ամյակը։ Նրա ֆիլմագրության կենտրոնական թեմաներից մեկը էկրանին պատկերվող բռնությունն է և թե որքան արագ է հեռուստադիտողը դադարում առանձնահատուկ բան տեսնել դրա մեջ։ Հանեկեն բռնության էսթետիզացման ամենահայտնի ու համառ քննադատներից է։ Նա հակադրում է իրեն, օրինակ, Քվենտին Տարանտինոյին, որի ֆիլմերում արյունը հաճախ թափվում է ծիծաղի համար։
Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ ամեն օր ականատես ենք լինում վատ լուրերի և ինքներս կորցնում ենք մեր զգայունությունը դրանց հանդեպ։ Եկեք հասկանանք՝ ինչ է առաջարկում Հանեկեն իր ֆիլմերով։
Հանեկեն իր ֆիլմերում ցույց է տալիս՝ ինչպես են, օրինակ, Բոսնիայի կոնֆլիկտի մասին լուրերի քրոնիկոնը, արյունոտ մարտաֆիլմը կամ կենդանահերձման տեսարանները դառնում մեր առօրյա կյանքի մի մասը։ Հանեկեի աշխարհում մարդը ոչ այլ ինչ է, քան օբյեկտ՝ ինտերիերի մի մաս։ Սպանությունը խաղ է՝ դրդված ձանձրույթից։ Հերոսի ապրելու վայրը, չնայած որ լցված է առօրյա եռուզերով, չի թվում բնակեցված։ Միայն անտարբեր մեդիումն է՝ էկրանը, հետևում բացակայող կյանքին։ Այս առումով հատկանշական է Հանեկեի առաջին ֆիլմերը միավորող տրիլոգիայի անվանումը՝ «Սառցակալման եռապատում»:
«Յոթերորդ մայրցամաք», 1989թ․
«Յոթերորդ մայրցամաքը» Հանեկեի առաջին ֆիլմն է, որը նա նկարել է 47 տարեկանում։
Հեղինակի ոճն անմիջապես ընդգծվում է նրա դեբյուտում․ օպերատորական օբյեկտիվի սառը ու հեռացված հայացքի մեջ հերոսների մոնոտոն շարժումներ, երկար ստատիկ կադրեր, հենց նոր փակված դռան վրա անշարժացող տեսախցիկ կամ կադրի հանկարծակի ավարտ դատարկ միջանցքի վրա։ Հանեկեն որսում է ժամանակակից բուրժուական կենցաղի բթեցնող մթնոլորտը, որում սարսափեցնող դաժանությունը միաձուլվում է կույր ավտոմատիզմի հետ։
Եվրոպացի բուրժուան, մինչև կոկորդը դեպրեսիայի մեջ ընկղմված, իր խավարի միջով անտարբեր քարշ է գալիս դեպի մահը։
Այս ֆիլմում մենք հետևում ենք մի բուրժուական ավտսրիացի ընտանիքի առօրյա կյանքին։ Հետևում ենք՝ ինչպես են նրանք ատամները լվանում, գնումներ անում սուպերմարկետում, լսում ենք պատառաքաղի ամանին քսվելու ձայնը, երբ նրանք ճաշում են, տեսնում ենք, որ նրանց բնակարանը կահավորված է ճաշակով, իսկ սառնարանը լի է ապրանքներով։ Եվ նույնչափ առօրեական, որքան նախաճաշին եգիպտացորենի փաթիլներ են ուտում, հերոսները որոշում են ինքնասպան լինել։
Նշանակված օրը ամուսինը, կինը և նրանց դուստրը տոնական ընթրիք են կազմակերպում, իսկ հետո ավերում են իրենց բնակարանը, ոչնչացնում են ամեն ինչ՝ ներառյալ ձկներով ակվարիումը, իսկ խնայողությունները լցնում զուգարանը․ այս ամբողջ տեսարանը տևում է շուրջ կես ժամ։ Հետո նրանք ինքնասպան են լինում։
Խորհրդանշական ու սարսափեցնող է վերջին կադրը․ ամուսինը թմրած ու գունատ շրթունքներով նայում է ավերածություններից փրկված միակ առարկային՝ հեռուստացույցին, որի մեջ խշշում է սպիտակ աղմուկը։
Միգուցե հենց հեռուստատեսային տարածությունն է յոթերորդ մայրցամաքը, թերևս ամենաբնակեցվածը աշխարհում։
Ռեժիսորը պատմում է, որ երբ ֆիլմն ընգրկվեց Կաննի կինոփառատոնում, նա զգուշացրեց իր պրոդյուսերին, որ «երկու տեսարան կա, որ տխրեցնելու է հանդիսատեսին»։ Առաջինը՝ ձկներով ակվարիումի ոչնչացումը, երկրորդը՝ փողերը զուգարանի մեջ լցնելու ու ջուրը քաշելու տեսարանները։ «Հենց այդպես էլ եղավ։ Մարդիկ դուրս էին գալիս կինոթատրոնից՝ դուռը շրխկացնելով։ Ավելի քիչ ցնցող էր այն տեսարանը, երբ ծնողները սպանում էին իրենք իրենց ու դստերը, քան երբ ոչնչացնում էին իրենց խնայողությունները», – պատմում է Հանեկեն։
Ֆիլմի սյուժեն հիմնված է Ավստրիայում մի ընտանիքի ինքնասպանության իրական դեպքի վրա, որը ռեժիսորը կարդացել է թերթում։
«Բեննիի վիդեոն», 1992թ․
Հանեկեն ատում է հեռուստատեսությունը, որին նվիրել է իր կյանքի երկու տասնամյակը։ Գրեթե Հայդեգերի պես Հանեկեն խորհում է մարդու իր իսկությունը կորցնելու մասին․ «Մի ֆերմեր ապրում էր լեռնային գյուղում՝ հեռուստատեսությունից առաջ, համացանցից առաջ: Նա գիտեր իր գյուղը, գիտեր իր սարերը, ճանաչում էր իր հարևաններին, որովհետև այցելել էր նրանց։ Իսկ հիմա նույն ֆերմերը համակարգիչ ու հեռուստացույց ունի, հավատում է, որ ամենաքիչը՝ հասկանում է ամբողջ աշխարհը։ Բայց իրականում, նա չգիտի ավելին, քան նախկինում գիտեր, քանի որ իմացությունը միայն անձնական փորձ է պահանջում։ Հակառակ դեպքում դա ոչ թե իմացություն է, այլ համոզմունք սեփական իմացության մեջ, և այդ համոզմունքը վտանգավոր է։ Օրինակ, ես վստահ եմ, որ ինչ-որ բան գիտեմ Աֆղանստանի մասին, բայց այն ամենը, ինչ գիտեմ հեռուստացույցից է։ Իսկ, իրականում ես ոչինչ չգիտեմ»:
«Բեննիի վիդեոն» ֆիլմում դպրոցականի ծնողները միայն մի պահ են ապշում, երբ տղան կադրեր է ցուցադրում, որտեղ սպանդանոցի ատրճանակով իր հասակակից մի աղջկա է սպանում։ Ծնողները միանգամից որոշում են կոծկել սպանության հետքերը և ուղարկել որդուն Եգիպտոս հանգստանալու։ Երբ բոլոր ապացույցները ոչնչացվում են, Բեննին վերադառնում է տուն և որոշում խոստովանել իր մեղքը ոստիկանությունում։ Ոստիկաններին նա ցույց է տալիս նույն կադրերը և ասում, որ ծնողներն են սպանել աղջկան։ Ինչից հետո անտարբեր հետևում է՝ ինչպես են ձերբակալում ծնողներին։
«Ինչու՞ արեցիր դա», – հարցնում է հայրը Բեննիին։ «Ուզում էի նայել», – պատասխանում է նա։ Հեռուստադիտողը նույնպես դիտում է սպանությունը, ընդորում երկու անգամ՝ առաջին անգամ իրական ժամանակում, երկրորդ անգամ՝ տեսագրության մեջ։
Բեննին, ով ակնհայտորեն քչախոս է ու էմոցիաներից զուրկ, սովոր է ստանալ այն ամենը ինչ ցանկանում է։ Նրա սենյակը լցված է վիդեոկասետներով, էլեկտրոնիկայով, իսկ կենտրոնում նույն այն զգոն աչքն է՝ հեռուստացույցը, որ տիպիկ է Հանեկեի ֆիլմերի ինտերիերին։ Ֆիլմի սկզբում, հերոսը անընդհատ դիտում է իր ծնողների ֆերմայում նկարված խոզի սպանդի վավերագրական կադրերը։
Հարցին, թե ինչու այդպես վարվեց, Բեննին պատասխանում է՝ «որովհետև», այսինքն՝ առանց որևէ պատճառի։ Հանեկեն այն ռեժիսորն է, ում հաջողվել է կինոյում ցույց տալ բռնություն՝ դրդված «բան չկա անելուց»։
«71 դրվագ ժամանակագրական պատահականությունից», 1994թ․
Անբացատրելի ագրեսիայի համար մի փոքր մոտիվացիա Հանեկեն տալիս է իր «71 դրվագ ժամանակագրական պատահականությունից» ֆիլմի հերոսին։
Այս ֆիլմը դիտելը նման է սոցցանցերում անվերջ սքրոլ անելուն․ Վիեննայի ոչ ամենաերջանիկ բնակիչների կյանքի մելանխոլիկ և նևրոտիկ տեսարանները խառը մոնտաժվում են Սարաևոյի կոնֆլիկտի մասին ռեպորտաժով, գովազդով, Մայքլ Ջեքսոնի անձնական կյանքի մասին բամբասանքներով և անօթևան փախստական տղայի թափառումներով: Այս պատմվածքի մեջ հյուսված է նաև չարացած ու հոգնած ուսանողի սյուժետային գիծը։ Մի օր նա ատրճանակ է գնում, մտնում է բանկ և կարծես բթացած հայացքով կրակում այնտեղ գտնվող մարդկանց։
«71 դրվագ ժամանակագրական պատահականությունից» ֆիլմը, ինչպես «Յոթերորդ մայրցամաքը», ոգեշնչված է լուրերից։ Սուրբ Ծննդի նախօրեին երիտասարդ ավստրիացի մի ուսանող սպանել էր բանկում գտնվող մարդկանց, իսկ հետո ինքնասպան եղել սեփական մեքենայում։ Ոստիկանությունը այդպես էլ չէր պարզել կատարվածի դրդապատճառները։ Հանեկեն լուրերը դարձնում է ֆիլմի գլխավոր կապող տարրը․ այն սկսվում է լուրերի երեկոյան թողարկումով և դրանով էլ ավարտվում։
Ամենասարսափելի տեսարաններից է հոգեվարքի նման պինգ-պոնգի խաղը, երբ ուժասպառ ուսանողը ջղաձգվելով հետ է խփում սարքից անդադար դուրս թռչող գնդակները։ Քիչ անց նա չի կարողանում դիմադրել, հանձնվում է։ Փոխաբերությունն ակնհայտ է։ Այսպես է իրեն զգում անվերջանալի վատ լուրերով հարձակման ենթարկված մարդը։
Հանեկեն չի փորձում վախեցնել իր հանդիսատեսին։ Նրա աշխատանքներն ընդամենը օգտագործում են վախը որպես մտորելու վառելիք։ Այն մետաֆիզիկական վախ է, որն իսկապես ազատագրում է մարդուն։ Ցույց տալ մարդուն անդունդի խորությունը, որի մեջ նա կարող է ընկնել․ սա է ավստրիացի ռեժիսորի առաջադրանքը։