Ամերիկյան կինոակադեմիան ներկայացրել է «Օսկարի» մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հավակնություններ ունեցող ֆիլմերի համար սահմանված նոր պահանջները, այս մասին գրված է կինոակադեմիայի պաշտոնական կայքում։
Պահանջները դասակարգված են չորս կատեգորիաներում․ երկուսը վերաբերում են դերասանական կազմին, սցենարին և նկարահանող խմբին, ևս երկուսը՝ կինոարտադրությանը։
Դերասանական կազմն ու ֆիլմի սյուժեն
֊ գլխավոր դերերից կամ երկրորդ պլանի կարևորագույն կերպարների դերակատարներից նվազագույնը մեկը պետք է ունենա ասիական, աֆրոմերիկյան կամ լատինամերիկյան ծագում,
֊ երկրորդ պլանի դերերի գոնե մեկ երրորդը պետք է խաղան կանայք, ոչ սպիտակ մարդիկ, ԼԳԲՏՔ+ համայնքի ներկայացուցիչները կամ ֆիզիկական կամ հոգեբանական զարգացման առանձնահատկություններ ունեցող անձինք,
֊ ֆիլմի սյուժեի հիմնական գծերից որևէ մեկը պետք է կապված լինի բնակչության նշված շերտերից որևէ մեկի հետ։
Նկարահանող խումբը
֊ նկարահանող խմբի նվազագույնը երկու առանցքային ստեղծագործական պաշտոններ (օրինակ, օպերատոր, կոստյումների մոդելավորող, կոմպոզիտոր, պրոդյուսեր, ռեժիսոր) պետք է զբաղացնեն կանայք, ոչ սպիտակ մարդիկ, ԼԳԲՏՔ+ համայնքի ներկայացուցիչները կամ ֆիզիկական կամ հոգեբանական զարգացման առանձնահատկություններ ունեցող անձինք,
֊ նշված առանցքային պաշտոններից գոնե մեկը պետք է զբաղեցնի մարդ, ով ունի ասիական, լատինամերիկյան, մերձարևելյան/հյուսիսաֆրիկական, բնիկ ամերիկյան ծագում, կամ Ալյասկայի բնիկներից է, կամ բնիկ հավայացի է, կամ խաղաղօվկիանոսյան այլ կղզիների բնիկ ներկայացուցիչ է, կամ այլ ոչ բավարար ներկայացվածություն ունեցող ռասայական և էթնիկ խմբերի ներկայացուցիչ է,
֊ նկարահանող խմբի գոնե 6 տեխնիկական պաշտոններ պետք է զբաղվեն նշված խմբերի ներկայացուցիչների կողմից։
Կինոարտադրության ստանդարտում նկարագրվում է նշված խմբերի անձանց համար վճարվող պրակտիկայի կազմակերպումը, կրթության ապահովումը, ներկայացվածությունը գովազդի ոլորտի բարձրաստիճան պաշտոններում։
Ֆիլմը համարվում է առաջին երկու խմբերի ստանդարտներին համապատասխան, եթե բավարարում է կրիտերիաներից որևէ մեկին։ Այսինքն, առաջին խմբում բավարար է ապահովել ռասայական, էթնիկ և գենդերային բազմազանությունը երկրորդ պլանի դերերի մեկ երրորդի համար, իսկ երկրորդ խմբում՝ ապահովել նշված խմբերի անձանց ներգրավվածությունը առանցքային ստեղծագործական պաշտոններում։
Կինոարտադրության և լսարանի ընդլայնման վեռաբերյալ ստանդարտներին համապատասխանելու համար պետք է բավարարել սահմանված բոլոր չափանիշներին։
Նոր կանոններն ուժի մեջ են մտնելու 2024 թվականից։
Կինոակադեմիան հայտարարել է, որ նշված ստանդարտները սահմանվել են էկրաններին և նկարահանման պրոցեսում բնակչության տարբեր խմբերի հավասար ներկայացվածությանը խթանելու համար, որպեսզի ֆիլմերն ավելի մոտ լինեն կինոդիտողներին, ովքեր կարող են պատկանել հասարակության ամենատարբեր խմբերի։
Նախկինում ակադեմիան բազմիցս մեղադրվել է ռասիստական և սեքսիստական պահվածքի մեջ։ Քննադատները պնդում էին, որ կինոակադեմիայի մրցանակի հաղթողներին որոշող սպիտակ տղամարդիկ հաճախ անտեսում են կանանց և այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներին։