Home / Բանտ / Բռնաբարությունների մեջ մեղադրվող հոլիվուդյան պրոդյուսերը կազատազրկվի 23 տարով

Բռնաբարությունների մեջ մեղադրվող հոլիվուդյան պրոդյուսերը կազատազրկվի 23 տարով

Մինչև վերջերս Հոլիվուդի ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ Հարվի Վայնշտայնը, դատապարտվել է 23 տարվա ազատազրկման։

Ավելի քան 80 կանայք նրան մեղադրել են սեռական բնույթի ոտնձգություների մեջ։ Հենց այդ մեղադրանքներից էլ սկսվեց #MeToo միջազգային արշավը։

67֊ամյա կինոպրոդյուսերը հայտնի դարձավ 90-ականներին, երբ նրան պատկանող Miramax ընկերությունը ներխուժեց Հոլիվուդ ու կասկածի տակ դրեց խոշոր ստուդիաները գերակայությունը։

Miramax֊ը, որը Վայնշտայնը հիմնադրել էր եղբոր՝ Բոբի հետ, մի ամբողջ շարք վառ ու հաջողված անկախ ֆիլմեր թողարկec։ Այդ թվում են «Քրեական ընթերցվածքը», «Սեքս, սուտ, վիդեո»֊ն ու «Սիրահարված Շեքսպիրը», որը 1997 թվականին «Օսկար» ստացավ յոթ անվանակարգերում, ներառյալ՝ լավագույն ֆիլմի մրցանակը։

Vocativ ընկերությունը 2015 թվականին հետազոտություն էր արել, որի համաձայն «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ Հարվի Վայնշտայնի անունը հնչել է 25 անգամ։ Այդպիսով, Վայնշտայնը Աստծո հետ կիսում էր հիշատակումների քանակի երկրորդ հորիզոնականը։ Առաջին տեղում Սթիվեն Սփիլբերգն էր։

Ինչի՞ց սկսեց անկումը

Վայնշտայնին սկսեցին մեղադրել 2017 թվականի հոկտեմբերից։ New York Times թերթում և New Yorker ամսագրում հրապարակումներ հայտնվեցին պրոդյուսերի կողմից սեռական ոտնձգությունների տասնյակ դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել մի քանի տասնամյակների ընթացքում։

Պրոդյուսերին մեղադրող առաջին դերասանուհիներից էին Ռոուզ Մակգոուենն ու Էշլի Ջադը։

Նրանք պնդում են, որ Վայնշտայնն իրենց ստիպում էր մերսել իրեն, իրենց ներկայությամբ մերկ էր քայլում ու խոստանում էր օգնել դերասանի հիանալի կարիերա ստեղծել՝ սեռական բնույթի ծառայությունների դիմաց։

New York Times-ի ու New Yorker-ի հրապարակումներին հաջորդեց նոր մեղադրանքների տարափը։ Վայնշտայնին մեղադրած ավելի քան ութսուն կանանց թվում են Անջելինա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն, Ումա Թուրմանն ու Սալմա Հայեքը։ Բացի դերասանուհիներից, պրոդյուսերին մեղադրել են նաև ընկերության այլ աշխատակիցներ, օրինակ, նրա անձնական օգնական Լիսա Ռոուզը։

Վայնշտայնն այդ ժամանակ ներողություն խնդրեց «կանանց պատճառած ցավի համար», բայց հերքեց բռնաբարության մեղադրանքները։

Դատավարությունը Նյու Յորքում

Մեղադրանքների առաջին ալիքից երկու տարի անց՝ 2020 թվականի փետրվարին, Նյու Յորքի ատենակալների դատարանը վճռեց, որ Հարվի Վայնշտայնը մեղավոր է 2013-ին սկսնակ դերասանուհի Ջեսիկա Մաննի բռնաբարության ու 2006-ին հեռուստանախագծերից մեկի շրջանակներում Վայնշտայնի օգնական Միմի Հալեիի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։

Վայնշտայնը մեղադրանքները չի ընդունում։ Պաշտպանող կողմը պնդում է, որ կանայք ինքնակամ էին հարաբերություններ ունենում պրոդյուսերի հետ՝ կարիերայի հետ կապված աջակցության ակնկալիքով։

Առաջադրված ամենալուրջ մեղադրանքներում՝ առաջին աստիճանի բռնաբարություն և ծանրացնող հանգամանքներով բռնաբարություն, Վայնշտայնն արդարացվել է։

Դատավորի որոշմամբ, Վայնշտայնին պետք է անմիջապես բանտ ուղարկեին, բայց նրա խնդրանքով թույլատրեցին հետաձգել ազատազրկումը։ այդ ընթացքում նա սրտի վիրահատություն տարավ, որից հետո տեղափոխվեց Ռայքերս Այլենդի քրեակատարողական հիմնարկ։

Հետևանքները

  • 2017-ի հոկտեմբերին Վայնշտայնի կինը՝ Ջորջինա Չեփմանը, հայտարարեց ամուսնալուծության մասին։
  • Սկանդալի հետ կապված #MeToo շարժման նոր ալիք սկսվեց, երբ դերասանուհի Ալիսա Միլանոն թվիթերում կոչ արեց իր թվիթին ի պատասխան գրել “me too”, եթե սեռական բռնության են ենթարկվել։
  • Նույն ամսվա մեջ «Օսկարի» կազմակերպիչները քվեարկեցին Վայնշտային կինոակադեմիայից հեռացնելու օգտին։
  • Վայնշտայնին հեռացրեցին Weinstein Company֊ից, որն իրենք եղբոր հետ հիմնել էին Miramax֊ից հեռանալուց հետո։
  • 2018-ի մարտին Weinstein Company֊ն սնանկ հայտարարվեց։

Հետո՞

Վայնշտայնի համար սա երևի վերջին գործը չի լինի։ Եվս մեկ դատավարություն սպասվում է Լոս Անջելեսում՝ 2013 թվականին երկու օրվա ընթացքում երկու տարբեր կանանց բռնաբառության մեղադրանքով։ Կալիֆորնիայի դատախազությունում քննվում են մի քանի գործեր ևս։

2019 թվականի դեկտեմբերին պրոդյուսերի փաստաբանները հայտնեցին, որ իրենց հաջողվել է համաձայնության գալ մեղադրանքներ առաջադրած շուրջ երեսուն կանանց հետ՝ ընդհանուր առմամբ 25 մլն դոլար գումարի դիմաց մեղադրանքներից հրաժարվելու մասին։ Այդ կանանցից չորսն ի վերջո հրաժարվեցին գործարքից։

Վայնշտայնին մեղադրել են ավելի քան 80 կանայք, բայց մեղադրանքների մեծամասնությունը դատարան չի հասնի՝ վաղեմության ժամկետի պատճառով։