22 տարեկան հասակում Էնդի Մադադյանը դատարկաձեռն փախավ Իրանից, Լոս Անջելես տեղափոխվեց ու սկսեց կիթառ նվագել գիշերային ակումբներում։ Այժմ 63 տարեկան երգիչն աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ծառուղում՝ դառնալով իրանական առաջին արվեստագետը, ում անունը նշված կլինի ծառուղում։
«Պարսկական Բոնո» կամ «Պարսկական Էլվիս» մականունը ստացած իրանահայ ամերիկացի երաժիշտն այսօր Հոլիվուդյան փառքի ծառուղում իր աստղը ստացավ՝ Իրանի և Միացյալ Նահանգների միջև սրացած բախումներից կարճ ժամանակ անց։
«Բարդ է իրանական-ամերիկյան երգիչ լինելը․ ինչ անում եմ իմ ժողովրդի համար եմ անում՝ հայաստանցի ժողովրդի, իրանցի ժողովրդի, ամերիկյան ժողովրդի։ Ցավոք բոլորն ինչ որ բախումների ու հակամարտությունների մեջ են»։
Մադադյանը ծնվել ու մեծացել է Թեհրանի հայկական թաղամասում։ Ծնողների, տատիկի, քույրերի ու եղբայրների հետ մի սենյակում են ապրել, մշտական ջուր ու էլեկտրաէներգիա չեն ունեցել։ «Սեր ու երաժշտություն ունեինք»,- պատմում է Էնդին։
Դպրոցում մաթեմատիկայից լավ էր, մտածում էին՝ տնտեսագետ կդառնա, բայց ինքը երաժիշտ էր ուզում։ Հայրը ճանապարհների շինարարությունում աշխատելով կարողանում է գումար հավաքել 14 տարեկան Էնդիի համար կիթառ գնելու համար։
Ամերիկյան երաժշտություն շատ էր սիրում, երազում էր ԱՄՆ տեղափոխվել։ 1979 թվականին, սակայն, Նահանգներ տեղափոխվում է ոչ իր երազանքի հետևից․ հեղափոխությունից հետո շատերն էին ստիպված փախչել։
Սկզբում ուսանողական վիզայով ֆուտբոլ էր խաղում Կալիֆորնիայի համալսարանում, նվագում ու երգում էր գիշերային ակումբներում։
Ավելի ուշ պարսիկ երգիչ Կուրոս Շահմիրիի հետ սկսում են դուետով հանդես գալ, մի քանի ալբոմ են թողարկում։ Մադադյանը սկսում է աշխատել Պաքսիմա Զաքիպուրի հետ, ով գրում էր երգերի տեքստերը։ Իրանում նրանք հայտնի են դառնում որպես «Իրանական Էլթոն Ջոն և Բերնի Թոփին»։
ԱՄՆ֊ում Էնդին ճանաչում է ձեռք բերում հատկապես 2009 թվականին Բոն Ջովիի հետ համագործակցությունից հետո․ Իրանի ցույցերին իր սոլիդարությունը հայտնելու համար Բոն Ջովին երգում է Stand By Me երգը պարսկերենով։
Մայքլ Ջեքսոնի հայրը՝ Ջո Ջեքսոնը, 2016-ին ծանոթացնում է Մադադյանին ու իր դստերը՝ Լա Թոյա Ջեքսոնին, ովքեր համատեղ սինգլ են ձայնագրում պարսկերենով՝ «Tehran»։ Երգը Մադադյանի մյուս գործերի պես մեծ ճանաչում է ստանում Իրանում, չնայած Իրանի կառավարությունն առհասարակ արգելել էր նրա երաժշտության տարածումը երկրում։ Մարդիկ վատորակ ձայնագրություններ էին լսում։
Մադադյանն Իրանում չի եղել արդեն 41 տարի։ «Ես այնտեղ եմ մեծացել, շատ եմ սիրում՝ սիրուն մարդիկ են, սիրուն տեղեր, սիրուն մշակույթ»,- պատմում է Էնդին։ «Կուզենամ վերադառնալ, երբ ժողովրդավար երկիր դառնա, երբ իմ երաժշտությունը չարգելվի, հեռուստատեսությամբ ու ռադիոյով հեռարձակվի։ Երազում եմ, որ Ամերիկան ու Իրանը եղբայրական հարաբերություններ ունենան, որ կարողանանք ստեղծագործել երկու երկրներում, ապրել երկու երկրներում»։
Էնդի Մադադյանը բուսակեր է, իր բարեգործական գործունեությունը կենտրոնացած է կենդանիների իրավունքների վրա։ Հաճախ է նշում, որ խուսափում է քաղաքական ակտիվիզմից։ Հոլիվուդի փառքի ծառուղում իր աստղը ստանալիս խոսեց իրանական զինված ուժերի կողմից քաղաքացիական օդանավի անզգուշաբար կործանումից, նշելով, որ իր համար ծանր էր այդ մասին իմանալ, երբ պատրաստվում էր այս արարողությանը։