Home / Առողջապահություն / Գյումրու հիվանդանոցում մարզպետի որոշման դեմ ստորագրահավաք է

Գյումրու հիվանդանոցում մարզպետի որոշման դեմ ստորագրահավաք է

Հունվարի 14֊ին տեղի է ունեցել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Պաշտոնին հավակնող երեք թեկնածուներից մեկը երկար տարիներ տնօրենի պաշտոնը զբաղեցրած դաշնակցական Աշոտ Կուրղինյանն էր, մյուսը՝ հիվանդանոցի վնասվացքաբան Ժորժիկ Սերոբյանը, երրորդը՝ Գյումրի բժշկական կենտրոնում վիրաբույժ աշխատող Հրաչ Մարտիրոսյանն է։

Հիվանդանոցի աշխատակից Լիլիթ Մկրտչյանից տեղեկացանք, որ կայացած մրցույթում Ժորժիկ Սերոբյանը իր միավորներով զիջել է Աշոտ Կուրղինյանին։ Առաջին փուլում Կուրղինյանը հավաքել էր 50 միավոր, իսկ Ժորժիկ Սերոբյանը՝ 48։ Բանավոր փուլը երկու թեկնածուներն էլ հաղթահարել են՝ ճիշտ պատասխանելով 5 հարցերին։ Վերջում երկուսն էլ ներկայացրել են հիվանդանոցի զարգացման ծրագիր։ Այս փուլում Ժորժիկ Սերոբյանը ստացել է 6 կողմ, 1 դեմ ձայն, իսկ Աշոտ Կուրղինյանը՝ 7 կողմ։

Սակայն այսօր՝ հունվարի 17-ին, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշմամբ տնօրեն է նշանակվել Ժորժիկ Սերոբյանը։ Որոշման վերաբերյալ մարզպետարանի կողմից ոչ մի բացատրություն չի տրվել:

Հիվանդանոցի աշխատակից Լիլիթը կարծում է, որ պատճառը Ժորժիկ Սերոբյանի և Տիգրան Պետրոսյանի ընկերական/բարեկամական հարաբերություններն են։ Նա նաև նշում է, որ հիվանդանոցի աշխատակիցների մեծ մասը դեմ է այս որոշմանը և այս պահին իրականացնում են որոշմանը դեմ ստորագրահավաք։

Աշոտ Կուրղինյանը այսօր իր հրավիրած մամուլի ասուլիսին մարզպետի որոշումը որակել է որպես կոռուպցիայի և հովանավորչության դրսևորում։

Մոտ երկու ժամ առաջ Շիրակի մարզպետը հայտնել է, որ կպարզաբանի իրավիճակը հունվարի 18-ին։ «Լրագրող ընկերներ ջան, քանի որ առավոտից անընդհատ զանգում եք «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի տնօրենի նշանակման մասով տեղեկատվություն ստանալու համար, վաղը՝ հունվարի 18-ին ժամը 10․30 Շիրակի մարզպետը բրիֆինգ կանցկացնի և կպատասխանի բոլոր հետաքրքրող հարցերին», – գրել է նա ֆեյսբուքում։