Ստրկատիրությունը Միացյալ Նահանգներում արգելվել է 1861-1865 թվականների Քաղաքացիական պատերազմից հետո։ Ինչո՞ւ են սևերը դեռ ճնշված։
Մինչև մեծ պատերազմը
Վերակառուցման շրջանից՝ այսինքն Հարավային նահանգների՝ Հյուսիսայինների կողմից օկուպացիայից հետո, 1880-ական թվականներին երկրի հարավը վերադարձվեց հարավցիներին։ Խտրական օրենքներ ընդունվեցին, որոնք հայտնի են Ջիմ Քրոուի օրենքներ անվանմամբ։ Այդ օրենքները գործել են մինչև 1960-ական թվականներ։
Սևերը զրկվեցին ձայնի իրավունքից, դատական պաշտպանությունից, կրթության հասանելիությունից և այլն․ նրանք նորից հայտնվեցին ստրուկի կարգավիճակում՝ անգամ առանց հստակ տիրոջ։
Ըմբոստները Լինչի դատաստանի էին ենթարկվում․ դա տարածում էր ստացել հատկապես ստրկատիրության չեղարկումից հետո, երբ ստրուկի սպանությունն այլևս չէր վնասում նրա սպիտակ տիրոջը։
Հենց այդ ժամանակ՝ 19-րդ դարի վերջերից մինչև 20-րդ դարի սկզբներ, հարավային նահանգներում Ստրկատերերի Կոնֆեդերացիայի գեներալների արձաններ սկսեցին կանգնացնել։ Դա զուտ գաղափարական քայլ էր, այդ հուշարձաններն այն ժամանակ էլ պատմական արժեք չէին ներկայացնում։
Հյուսիսային նահանգները խտրական լինելու առումով շատ չէին տարբերվում հարավայիններից։ Ռասայական խտրականության օրենքներ գործում էին գրեթե բոլոր նահանգներում։ Օրինակ, Կալիֆորնիայում սպիտակի և սևի ու սպիտակի և մոնղոլոիդ ռասայի ներկայացուցչի միջև ամուսնություններն արգելված էին մինչև 1948 թվականը։ Հարավում այդ սահմանափակումը գործել է մինչև 1967։ Սևերին արգելվում էր դատարանում սպիտակի դեմ վկայություն տալ, այսինքն՝ սպիտակներին դատի տալ էլ չէին կարող։ Կրթական հաստատությունները Կալիֆորնիայում սպիտակների և սևերի համար առանձին էին մինչև 1950-ականներ։ Հարավում իրավիճակը նույնն էր։ Դաշնային մակարդակում էլ պատկերը շատ չէր տարբերվում․ Առաջին և նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմներին Ամերիկան սեգրեգացված բանակով է մասնակցել։
Ռասաների, մի քիչ էլ՝ հրեաների մասին
Ռասաների մասին 20-րդ դարի պատկերացումները հիմիկվա պես չէին։ Այն ժամանակ համարվում էր, որ եվրոպացիները մի քանի ռասայի են բաժանվում․ նորդիկ, սլավոնական, իբերիական և այլն։ Հրեաներն ու ռոմաները տարբեր ռասաների էին պատկանում։
1920֊ականներին ԱՄՆ֊ում ընդունված օրենքների համաձայն, Միացյալ Նահանգներ ներգաղթել կարող էին միայն նորդիկ ռասայի ներկայացուցիչները։ Այս օրենքներն ընդունվել էին հիմնականում ասիացիների մուտքը սահմանափակելու համար, բայց հատկապես «օգտակար» եղան Հոլոքոսթի ժամանակ՝ Ամերիկայի սահմանները փակելով ապաստան փնտրող հրեաների համար։ Այդ կանոնները վերանայվել են ընդունումից միայն 40 տարի անց։
Մեծ գաղթն ու Քաղաքացիական իրավունքների շարժումը
Սևերի վիճակը սկսեց փոխվել Առաջին և հատկապես Երկրորդ Համաշխարհային պատերազմներից հետո․ պատերազմական իրավիճակներում երկրում աշխատուժի կարիք է առաջանում։ Սևերին զանգվածաբար կանչում էին Հյուսիսի և Արևմուտքի արդյունաբերական քաղաքներ (Great Migration)։ Այնտեղ սևերը սկսեցին համեմատաբար նորմալ գումարներ աշխատել և որոշակի անկախություն ձեռք բերել։ Նվիրատվություններն ու «հյուսիսային» սևերի ձայները մեծ դեր խաղացին 1950-1960-ականներին իրավահավասարության շարժման հաջողության մեջ։
Դա առհասարակ ամերիկյան քաղաքականության բնութագրական կանոններից է․ քաղաքական հայացքներ ունես՝ ներդրումներ արա դրանց առաջխաղացման համար։ Ի դեպ, սուֆրաժիստների հաջողությունը ևս շատ առումներով պայմանավորված էր այն փաստով, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կանայք սկսել էին աշխատել ոչ միայն տանը։ Նրանք գումար ունեին և կարողանում էին ներդրումներ կատարել իրենց քաղաքական թեկնածուների և կազմակերպությունների օգտին։ Կանանց ձայնի իրավունքի մասին Սահմանադրական փոփոխություններն ընդունվել են 1920 թվականին։
Այսպես, Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո սև քաղաքացիների ազդեցության շրջանակի աստիճանական աճ սկսվեց։ Նախագահ Թրումենը բանակի դեսեգրեգացիայի մասին հրաման ստորագրեց 1948 թվականին։ 1954-ին Գերագույն դատարանը պատմական որոշում կայացրեց․ միայն սպիտակների համար նախատեսված դպրոցներն ապօրինի ճանաչվեցին (Բրաունն ընդդեմ Կրթական հարթակի դատավարությունը)։ Պայքարը, սպառնալիքները, կտտանքներն ու ուղիղ սաբոտաժը, սակայն, շարունակվեցին ավելի քան տասը տարի։ Պարբերաբար սպիտակ ուսանողների ապստամբություններ էին գրանցվում, որոնք կարող էին անգամ սպանություններով ավարտվել։
Զուգահեռ պայքար էր գնում հանրային վայրերի՝ ռեստորանների, ավտոբուսների, կինոթատրոնների և այլ հաստատությունների դեսեգրեգացիայի դեմ։ Ամերիկայում բոլորին հայտնի է Ռոզա Պարկսի անունը, ով 1954 թվականին հրաժարվել էր ավտոբուսում ազատել «սպիտակների համար» նախատեսված նստատեղն ու տեղափոխվել «գունավորների համար» առանձնացված հատված։ Ռոզային ձերբակալեցին, իրավապաշտպանական նախաձեռնությունները հասարակական տրանսպորտի բոյկոտ հայտարարեցին ու հաղթեցին։ Հենց այդ բոյկոտի ժամանակ էլ հայտնի դարձավ ցուցարարների խոսնակ Մարտին Լյութեր Քինգը։ Հասարակական որոշ վայրերի սեգրեգացիան դեռ երկար պահպանվեց, իսկ միայն սպիտակների համար նախատեսված գոլֆի ակումբներ գործում են մինչ օրս։
Ամենածանրն ու արյունալին քվեարկության իրավունքի համար պայքարն էր։ Դեռևս 19-րդ դարում բոլոր Հարավային նահանգները խորամանկության էին դիմել՝ սև ընտրողների իրավունքները սահմանափակելու համար․ «Քվեարկության հարկ» (Poll Tax) էր սահմանվել, նաև պահանջվում էր լավ անգլերեն իմանալ և ծանոթ լինել օրենսդրական նորմերից։ Ընդ որում, հարկից և ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ այլ պահանջներից ազատված էին բոլոր նրանք, ովքեր մինչև Քաղաքացիական պատերազմն արդեն ընտրելու իրավունք ունեին, նաև իրենց սերունդները, այսինքն՝ գրեթե բոլոր սպիտակ քաղաքացիները։ Իսկ այն փոքրաթիվ սևերը, ովքեր որոշել էին հանձնել քննությունները, նաև նրանք, ովքեր օգնում էին սևերին պատրաստվել, հետապնդումների էին ենթարկվում Կու Կլուքս Կլանի և ոստիկանության կողմից։ Նրանց բոլոր քննություններից կտրում էին, այնպես, ինչպես խորհրդային բուհերում վարվում էին հրեաների հետ։ Քվեարկության հարկը չեղարկվել է 1964-1966 թվականներին, բայց այն վերականգնելու փորձեր արվում էին նաև հետագայում։
1964-ի ամռանը ավելի քան հազար կամավորներ արշավ սկսեցին աֆրոամերիկացիներին ընտրությունների մասնակցության համար գրանցելու համար (Freedom Summer)։ Այս բռնի պայքարն աստիճանաբար դաժանության էր վերածվում․ մասնակիցներին ձերբակալում ու ծեծում էին։ Երկիրը ցնցվել էր ակտիվիստներ Չենիի, Գուդմանի և Շվերների (Chaney, Goodman, and Schwerner) սպանությունից, ովքեր պատրաստվում էին իրավունքների թեմայով դասախոսություն իրականացնել Միսսիսիպիի եկեղեցիներից մեկում։ Նրանց Լինչի դատաստանի ենթարկեցին՝ տեղի ոստիկանության մասնակցությամբ։
Հաշվի առնելով այն, որ սևերն ամենուրեք իրավազուրկ, երկրորդ կարգի քաղաքացիներ էին համարվում, հեշտությամբ կարելի է պատկերացնել սպիտակ ոստիկանության վերաբերմունքը նրանց նկատմամբ։ 1960-ականներին, սակայն, աֆրոամերիկացիները սկսեցին դիմադրել։ Կալիֆորնիայում «Սև պանտերաների» կազմակերպությունը սկսեց հերթագայություն իրականացնել Օքլանդի փողոցներում․ օրինական զենք կրելով նրանք փորձում էին կանգնացնել ոստիկանական ամենաթողությունները։ Ի պատասխան՝ NRA ասոցացիան, որն այժմ բոլոր սահմանափակումներին դեմ է խոսում, նահանգապետ Ռոնալդ Ռեյգանի աջակցությամբ օրինագիծ ընդունեց, որն արգելում էր զենք կրել հասարակական վայրերում։ Այդ ժամանակ Կալիֆորնիայում հաստատվեցին զենքերի կիրառությունը սահմանափակող օրենքները (restrictive gun laws)։
60-ականներն ակտիվ իրադարձությունների ժամանակներ էին՝ թե խաղաղ, թե բռնի։ 1963 թվականին նախագահ Քենեդին իրավունքների մասին օրենք ընդունելու առաջարկ արեց։ Կարճ ժամանակ անց նրան սպանեցին։ Նույն թվականին Մարտին Լյութեր Քինգը կազմակերպեց «Երթ դեպի Վաշինգտոն» բազմամարդ ակցիան, որի շրջանակներում հանդես եկավ իր հանրահայտ «I have a dream» (Ես ունեմ երազանք) ելույթով։ Քաղաքացիական իրավունքների մասին օրինագիծն ընդունվեց մեկ տարի անց։ Այն արգելում էր խտրականությունն ըստ ռասայի, մաշկի գույնի, կրոնի, սեռի կամ ազգային պատկանելության։ Այսպես, սև քաղաքացիների պայքարը վերածվեց բոլորի իրավունքների համար մղվող պայքարի։
Խտրականության էկոնոմիկան
Իրավունքների մասին օրինագիծն արգելում էր աշխատավարձի խտրական բաշխումը, ինչը նպաստեց սևերի և սպիտակների եկամուտների տարբերության կտրուկ տարբերության աստիճանական նվազմանը։ Եթե 1940-ականներին սև աշխատղները կրկնակի պակաս էին վարձատրվում, ապա 1975-ին այդ տարբերությունը 25 տոկոսի էր հասել։ Սևերի շրջանում ծայրահեղ աղքատությունը, սակայն, դանդաղ էր վերանում։ Ինչո՞ւ։
Այդ տարիներին բորսայի խաղերը շատ քչերի արտոնությունն էր։ Կենսաթոշակային կուտակային 401(k) հիմնադրամները, որոնք այդպես էին անվանվել օրենսգրքի համապատասխան հոդվածի համարի պատվին, վերին իշխանությունների էկզոտիկան էին։ Մնացած աշխատողների կենսաթոշակը «ֆիքսված էր»՝ ըստ աշխատանքային փորձի։ Կուտակումների համար երկու հիմնական գործիք կար․ խնայողական հաշիվ կամ սեփական բնակարանի գնում։
50-60-ական թվականներին Ամերիկյան տնտեսությունը հաջող կերպով աճում էր։ Դրան զուգընթաց աճում էին մարդկանց աշխատավարձերը։ Բանկերն ու կառավարությունը հիփոթեքային ծառայությունների նոր տեսակներ էին առաջարկում, անշարժ գույքի գները կայուն ձևով շրջանցում էին գնաճը։ Սպիտակ աշխատողները սկսում էին քաղաքամերձ տներ գնել ու տեղափոխվել։ Իսկ սևե՞րը։
Իսկ սևերին վարկեր չէին տրամադրում, կամ տրամադրում էին փոքր վարկեր՝ մեծ տոկոսներով։ Դա վերահսկել հնարավոր չէր․ բանկերի որոշումները պաշտպանված էին բանկային գաղտնիությամբ։ Ավելին, տեղական կառավարությունն ու անգամ դաշնային գործակալությունները բանկերին հորդորում էին աֆրոամերիկացիներին բնակարանի գնման վարկեր տրամադրել միայն կոնկրետ թաղամասերում ու շրջաններում բնակարան գնելու համար։ Այդ պրակտիկան redlining անվանումն է ստացել, քանի որ այդ թաղամասերը խոսակցական բառապաշարում բնութագրվում էին որպես «կարմիր», այսինքն՝ ներդրումների և ապահովագրության վտանգավոր։ Ավելի նպաստավոր վայրերը նշվում էին կանաչ կամ դեղին գույներով։
Անգամ գումար ունենալու դեպքում աֆրամերիկացիները չէին կարող բնակարան ձեռք բերել կանաչ համարվող շրջաններում։ ԱՄՆ-ում այն ժամանակ և մինչև հիմա դա այսպես էր աշխատում։ Երբ կառուցապատողը նոր շրջան կամ թաղամաս կառուցելու նախագիծ է պլանավորում, նա այնտեղ հատուկ կորպորացիա (subdivision) էր ստեղծում ու գրանցում դրա կանոնադրությունը (covenant)։ Այդ կանոնադրությունը բնակարանի կամ տան գնման մաս է․ գնորդները պարտավորվում են այն ստորագրել ու հետևել դա կետերին։ Հաճախ այսպիսի կետ էր լինում «չվաճառել և վարձակալության համար չտրամադրել ոչ սպիտակների»։ Արգելված մարդկանց ցանկում հաճախ ներառում էին նաև հրեաներին ու «նախկին Թուրքական կայսրությունից» եկածներին։
Այդպիսի արգելքների արգելքի արշավը բուռն կերպով զարանում էր 60-ականներին։ Բնակարանատերերին իհարկե դուր էր գալիս նախկին կարգը։ 1966-ին նահանգապետի թեկնածու Ռոնալդ Ռեյգանը իր նախընտրական արշավի հարթակում գրել էր «Եթե անհատն իր բնակարանը վաճառելիս կամ վարձակալության հանձնելիս ցանկանում է խտրական լինել սևերի կամ այլ անձանց նկատմամբ՝ դա իր իրավունքն է» (“If an individual wants to discriminate against Negroes or others in selling or renting his house, it is his right to do so”):
Այսպիսի քաղաքականության ազդեցությունը հասկանալու համար պատկերացրեք «Մոնոպոլիա» եք խաղում։ Ձեր հակառակորդին թույլատրվում է ցանկացած դաշտ գնել՝ կանխիկով կամ վարկով, իսկ ձեզ՝ միայն որոշ դաշտեր և միայն կանխիկով։ Ինչքա՞ն կկարողանաք հավասարակշռություն պահել։ Զարմանալի չէ, որ սևերի և սպիտակների ունեցվածքի (wealth) հարաբերությունը թե՛ 1960-ականներին և թե այսօր շուրջ 1×10-ի է։
1968 թվականին Մարտին Լյութեր Քինգի սպանությունն ավարտվեց զանգվածային ցույցերով։ Հասարակությանը հանգստացնելու համար մեկ շաբաթ անց ընդունվեց Fair Housing Act֊ը, որն արգելում էր խտրական վերաբերմունքը վարկեր տրամադրելիս կամ բնակարանը վարձակալության հանձնելիս։ Օրենքն առօրյա կյանքում սկսեց գործել միայն 70-ականների կեսերին, երբ բանկերին պարտավորեցրեցին բացահայտել բնակարանների ապառիկի գործարքները (Home Mortgage Disclosure Act, 1975)։ Բնակարանների վաճառքով զբաղվող կորպորացիաներից ևս ժամանակ պահանջվեց կանոնադրությունների փոփոխման համար։ Նրանք իրականում չէին էլ շտապում։ Բնակարաններերի գնման ու վարձակալության ոլորտի հետ կապված խտրականությունները շարունակվեցին գրեթե ամբողջ 70-ական թվականները։ Հին բացասական գործոններին ավելացան նորերը։
70-ականների աղետը
1973 թվականին աշխարհում նավթային ճգնաժամ սկսվեց, նավթի գները մի քանի անգամ թանկացան։ Ամերիկյան տնտեսությունը անկման փուլ մտավ, գնաճը 10-12% էր կազմում։ Ինֆլյացիան կուլ տվեց խնայողություններն ու ավանդները, որոնք պահվում էին կուտակային ծրագրերում։ Միաժամանակ կտրուկ բարձրացավ «անվտանգ ակտիվների», նաև՝ անշարժ գույքի գները։ Այս ամենի արդյունքում սև բնակչությունն էլ ավելի կտրվեց սեփական բնակարանն ունենալու հույսին։
Այդ շրջանում իրական տեկտոնիկ տեղաշարժերը միանգամայն այլ հարթության վրա էին։ Հայտնի է, որ տրանզիստորը հայտնագործվել է 1947 թվականին, բայց բավականին երկար ժամանակ դրա արտադրությունը բարդ ու ոչ հուսալի էր համարվում։ 1960-ականների վերջում տրանզիստորներն արդեն էջան ու մատչելի էին, երկրրորդ պլան էին մղում լամպային սարքավորումները։ Էլեկտրոնային պտտադռնակներ, ինքնաշխատ վերելակներ, բանկոմատներ, էլեկտրոնային դրամարկղային մեքենաներ, ավտոմատացված փոխակրիչներ․ այս ամենը մեր կյանքում հայտնվեցին 70-ական թվականներին։ Այս սարքավորումները հսկայական թվով ցածր որակավորման աշխատատեղեր վերացրեցին։ Ավելի լավ կրթություն ունեցող մարդկան հաջողվեց հարմարվել նոր պայմաններին, ինչն ավելի բարդ էր աղքատների, հատկապես՝ սևերի համար։
Freakonomics֊ի հեղինակները կարծում են, որ ճգնաժամի պատճառներից էր նաև նույն ժամանակներում կրեկ֊հերոինի հայտնագործումն ու դրան հաջորդած թմրանյութային կախվածության համաճարակն ու գանգստերական պատերազմները։
Թե սև բնակչությունը և թե ամերիկյան տնտեսությունը 70-ականների վերջին հասան բավականին խոցելի վիճակում։ 1981 թվականին նախագահի պաշտոնում ընտրված Ռոնալդ Ռեյգանը պնդում էր, որ բոլոր վատ բաների պատճառը ուռճացված դաշնային ծրագրերն ու չափազանց բարձր հարկերն են․ երկուսն էլ կրճատվեցին։ Կտրուկ նվազեցին ակցիաների, դիվիդենտների, ներդրումների և ժառանգության հարկերը։ Կրճատվեցին բոլոր տեսակի սոցիալական ծրագրերը, ինչն իհարկե մեծ հարված էր աղքատ բնակչության և հատկապես սևերի համար։
Հետարդյունաբերական ընկճախտ
Տնտեսությունն աստիճանաբար համապատասխանեցվում էր նոր իրականությանը։ Ծախսատար մեքենաներն ու սարքավորումներն այլևս գործածության մեջ չէին։ Երկիրը նորից զարգացման ուղու վրա էր։
Առաջընթացն ու համակարգչային հեղափոխությունը ստեղծում էին պայմաններ, երբ հաջողության հասնելու միակ ուղին կրթությունն է։ Բարձրագույն կրթական հաստատությունների պահանջարկը կտրուկ մեծացել էր, գները ևս։ Եթե 70-ականներին և դրանից առաջ ուսման վարձերի գները համեմատական էին գնաճին, ապա 1980-ականներին կրթության համար անհրաժեշտ վարձավճարների գումարի աճը մի քանի անգամ գերազանցում էր ինֆլյացիան։
Սպիտակներն իրենց երեխաների կրթության համար վճարում էին սեփական խնայողություններից կամ վարկեր էին վերցնում անշարժ գույքի գրավով։ Սևերն այդպիսի հնարավորություններ գրեթե չունեին․ նախևառաջ, խտրականությունների պատճառով նրանք գրեթե սեփականություն չունեին, իսկ եթե ունեին էլ, ապա redlining֊ի պատճառով այդ գույքն էժան թաղամասերում էր։
Այսօր էլ միջին սևը շուրջ 10 անգամ աղքատ է միջին սպիտակից։
Այսպիսի իրավիճակի պատճառով սև հասարակության շրջանում «նվազող մոբիլություն» է նկատվում։ Սա նշանակում է, որ սև երեխաների՝ իրենց ծնողներից աղքատ լինելու շանսերն ավելի մեծ են, քան հարստանալու և ավելի լավ կենսամակարդակ ունենալու շանսերը։
Լրացում․ աղքատների էլ ավելի աղքատանալու խնդիրը ոչ միան սևերին է վերաբերում: Ինչ որ իմաստով մենք գործ ունենք «արիստոկրատիայի» և «մնացածի» նոր բաժանման հետ, ինչպես այդ մասին գրում է The Atlantic ամսագիրը։ Այդ գործընթացը մասամբ առաջադրվում է շուկայական մեխանիզմների շնորհիվ։
Մայքլ Սիմբիրսկի
աղբյուր՝ ֆեյսբուք