Լոնդոնի ստրկավաճառության հետ կապ ունեցող արձանները կհեռացվեն, փողոցները կանվանափոխվեն։ Այս մասին հայտարարել է քաղաքապետ Սադիք Խանը, նշելով, որ իր հրամանով ստեղծված հանձնաժողովը կգնահատի, թե ինչքանով են Լոնդոնի տեսարժան վայրերն արտացոլում բազմազգ բնակչությանը և քաղաքի պատմությանը, գրում է BBC-ն։
Բրիսթոլի բողոքի ակցիաների ընթացքում ցուցարարները տապալել էին ստրկավաճառ Էդվարդ Քոլսթոնի արձանը։ Այս դեպքից հետո քաղաքապետը նշել էր, որ չնայած Լոնդոնն աշխարհի ամենաբազմազգ քաղաքներից է, հուշարձանները, փողոցների անվանումներն ու հիշատակի տախտակները մեծամասամբ վերաբերում են վիկտորիանական Անգլիայի ժամանակներին։
Հունիսի 6-ին Լոնդոնում ցուցարարները գրաֆիթիներ էին պատկերել Ուինսթոն Չերչիլի արձանի վրա։ Չերչիլը պատմաբանների և ակտիվիստների կողմից բազմիցս մեղադրվել է ռասիստական հայացքների մեջ։ Քաղաքապետն ընդգծել է, որ Չերչիլի հուշարձանի տեղակայումը վերանայման ենթակա չէ, քանի որ նա մեծ ավանդ ունի հակաֆաշիստական պայքարի գործում, և կարևոր է, որ դպրոցականներն իմանան պատմական գործիչներին՝ իրենց թերություններով հանդերձ։
Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությանը հաջորդած ամերիկյան բազմամարդ ակցիաներին միացել էին նաև բրիտանացի ցուցարարները։ Բրիտանիայի մի շարք քաղաքներում զանգվածային ցույցներ են։ Բողոքի ակցիաները հաճախ ավարտվում են ոստիկանության հետ բախումներով։
Երեքշաբթի օրը Անտվերպենում ապամոնտաժվել է Բելգիայի թագավոր Լեոպոլդ Երկրորդի արձանը․ ցուցարարներն այն կարմիր էին ներկել ու այրել։
1865-1909 թվականներին Բելգիայում թագավորած Լեոպոլդը միապետության ճնշող վերահսկողությունն էր հաստատել Կոնգոյի վրա։ Բելգիայի այլ քաղաքներում, օրինակ՝ Բրյուսելում, Գենտում և Օստենդեում գտնվող Լեոպոլդի արձանները ևս ներկվել են։ Միապետի երկրով մեկ սփռված արձանները հեռացնելու արշավը վաղուց էր սկսվել, իսկ «Սև կյանքերը կարևոր են» բողոքի ակցիաներն էլ ավելի սրացրեցին պայքարը։
Անտվերպենի Էկերեն շրջանի քաղաքապետ Կոեն Փալինքսը, ով աջական «Նոր ֆլամանդական դաշինքի» անդամ է, հայտարարել է, որ հուշարձանը «մանրակրկիտ վերականգնման» է ուղարկվել և շուտով կտեղակայվի իր նույն տեղում կամ կտեղափոխվի որևէ թանգարան։