Մինեապոլիսում աֆրոամներիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը ոստիկանության կողմից դարձել է վերջին տարիներին Միացյալ Նահանգներում ռասզմի ու ոստիկանական ամենաթողությունների դեմ ամենազանգվածայի բողոքի ակցիաներից մեկի պատճառը։ Խռովություններն ու անկարգությունները հասել են նաև ԱՄՆ այլ քաղաքներ։ Ցույցերի ճնշման համար ներգրավվել են Ազգային գվարդիայի ստորաբաժանումները։
ԱՄՆ֊ում 20-րդ դարի սկզբից մինչ օրս ռասայական հիմքով հանցագործությունները և դրանց հաջորդող հանրային խռովությունների երկար պատմություն ունեն։ Սկսենք 20-րդ դարի սկզբից։
Զանգվածային անկարգություններ Չիկագոյում (1919, հուլիսի 27-ից օգոսոտոսի 3)
Պատճառը սև դեռահաս Յուջին Ուիլյամսի սպանությունն էր, ով քաղաքային լողափում լողալիս խախտել էր ռասայական սեգրեգացիայի ռեժիմը։ Ոստիկանությունը մեղավորներին չէր ձերբակալել, ինչը վրդովմունք էր առաջացրել տեղի սև բնակչության շրջանում։ Անկարգությունների արդյունքում 38 հոգի մահացել էր, 537-ը՝ վիրավորել։ Հազարից ավելի սևեր հրդեհների պատճառով զրկվել էին բնակության վայրից։ Բախումները դադարեցին, երբ քաղաք մտավ Ազգային Գվարդիան (6 հազար զինծառայող)։ Բողոքի ակցիայի 17 սև կազմակերպիչներ կախաղան բարձրացվեցին։
Թալսայի կոտորածը (1921, մայիսի 30-ից հունիսի 1)
Պատճառը սպիտակ աղջկա վրա հարձակման մեջ մեղադրվող 19-ամյա սև երիտասարդի՝ Դիկ Ռոուլենդի ձերբակալությունն էր։ Վախենալով, որ տղային կարող են Լինչի դատաստանի ենթարկել, տեղի սև բնակիչները հսկողության տակ էին վերցրել բանտը։ Սևերի և զինված սպիտակների միջև հրաձգությունը, որին մասնակցում էին նաև ռասիստական ահաբեկչական խմբավորման՝ Կու-կլուքս-կլանի անդամները, վերածվեց սևական թաղամասերի ջարդերի․ գետնին հավասարեցվեց գրեթե ողջ Գրինվուդ թաղամասը։ 350 մարդ սպանվեց, շուրջ 800-ը՝ հայտնվեցին հիվանդանոցներում, 6 հազարից ավելի սևեր կալանավորվեցին։ Անկարգությունների ընթացքում այրվեցին ավելի քան 1200 տներ։
Զանգվածային անկարգություններ Միսսիսիպիում (1962, սեպտեմբերի 30)
Սև Ջեյմս Մերեդիթը փորձում էր Միսսիսիպիի համալսարան ընդունվել։ Չնայած ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին թույլտվություն էր տրամադրել, Միսսիսիպիի նահանգային իշխանությունները հրաժարվել էին ի կատար ածել նախագահի որոշումը։ Մերեդիթի՝ համալսարան մտնելու փորձը զայրացրել էր նաև տեղի սպիտակ բնակիչներին։ Սևերի վրա հարձակումների մեծ ալիք էր բարձրացել։ Նախագահի որոշմամբ, նահանգում հայտարարվել էր արտակարգ դրություն, շուրջ 30 հազար զինծառայող էր մտել քաղաք։ 14 ժամ տևած անկարգությունների ընթացքում երկու հոգի մահացել էր, ավելի քան 300 հոգի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։
Ուոթսի ապստամբությունը (1965, օգոստոսի 11-17)
Լոս Անջելեսի շրջաններից մեկում պարեկային սպայի կողմից 21-ամյա սև երիտասարդի՝ Մարքտ Ֆրայի ու նրա ընտանիքի ձերբակալությունը տեղի սև բնակիչների շրջանում վրդովմունք էր առաջացրել։ Զանգվածային անկարգություններ էին սկսվել․ բախումներ սևերի ու ոստիկանների միջև, հարձակումներ մեքենաների վրա, խանութների թալան, հրդեհներ։ 34 մարդ մահացել էր, ավելի քան 1000-ը՝ վիրավորվել, շուրջ 3000 հոգի՝ բերման ենթարկվել։
Դետրոյթի ըմբոստությունը (1967, հուլիսի 23-27)
Պատճառը ոստիկանության ստուգայցն էր (ռեյդ), սևական բարի փակումն ու որոշ սև հաճախորդների ձերբակալությունը։ Ոստիկանության հետ բախումները վերածվեցին զանգվածային անկարգությունների։ Ապստամբությունը ցրելու համար պարետային ժամ հայտարարվեց, ներգրավվեցին Ազգային գվարդիան և որոշ զինվորական ստորաբաժանումներ։ Տարբեր հաշվարկներով՝ անկարգություններին մասնակցել է մոտ 10 հազար մարդ, 43 հոգի զոհվել է, 460-ը՝ վիրավորվել, 720 հոգի ձերբակալվել է։ Քանդվել է ավելի քան 2 հազար շինություն։
Անկարգություններ Մարտին Լյութեր Քինգի սպանությունից հետո (1968, ապրիլի 4-8)
Հանուն սևերի քաղաքացիական իրավունքների շարժման առաջնորդ, ոչ բռնի պայքարի ջատագով Մարտին Լյութեր Քինգի սպանությունը զանգվածային անկարգություններ էր հրահրել ամբողջ երկրում։ Ավելի քան 100 քաղաքներում անհնազանդության ցույցեր էին։ Ոստիկանությանը չէր հաջողվում կանգնեցնել դրանք։ Իշխանությունները փողոց էին հանել նաև դաշնային զորքերը։ Մի քանի տասնյակ քաղաքներում արտակարգ դրություն էր հայտարարվել։ Միայն Վաշինգտոնում 1000-ից ավելի շինություններ են այրվել։ Տարբեր հաշվարկներով՝ բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 20 հազար հոգի։
Վունդեդ-Նիի միջադեպը (1973, փետրվարի 27-ից մայիսի 8)
1973 թվականի փետրվարի 27-ին բնիկ ամերիկացիների իրավունքների պաշտպանության շարժման ակտիվիստները գրավել էին Հարավային Դակոտայի Վունդեդ-Նի բնակավայրը և հայտարարել անկախ պետություն։ Բնակիչներին գերի վերցրած ապստամբները մի շարք պահանջներ էին ներկայացրել։ Ոստիկանության և ապստամբների փոխհրաձգությունների ընթացքում ապստամբներից երկուսը սպանվել են, 13 բնիկ ամերիկացի և 2 ոստիկան՝ վիրավորվել։ 71 օր հետո հակամարտությունն ավարտվել է երկկողմանի համաձայնությամբ։
Լոս Անջելեսի ապստամբությունը (1992, ապրիլի 29-ից մայիսի 4)
Պատճառը ատենակալների դատարանի կողմից չորս սպիտակ ոստիկանների արդարացումն էր․ ոստիկանները դաժան ծեծի էին ենթարկել սև Ռոդնի Քինգին՝ բերման ենթարկելիս դիմադրություն ցույց տալու համար։ Արդարացնող դատավճռի դեմ բողոքի ակցիաներն արագորեն վերածվեցին ջարդերի ու հարձակումների, որոնց արդյունքում ավելի քան 50 մարդ մահացավ, շուրջ 1100 շինություն այրվեց։ Նահանգային ոստիկանությունից բացի, ցուցարարներին զսպելու գործում ներգրավված էին նաև զինված ուժերի ստորաբաժանումները։
Զանգվածային անկարգություններ Ցինցինատիում (2001, ապրիլի 7-12)
Ջարդերը սկսվեցին սպիտակ ոստիկանի կողմից 19-ամյա սև երիտասարդ Տիմոտի Թոմասի սպանությունից։ Քաղաքի պատմական կենտրոնում շուկա էին հրդեհել, ցուցարարները խմբերով հարձակվում էին խանութների ու գրասենյակների վրա։ Ապրիլի 12-ին քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվում ու պարետային ժամ սահմանվում, ինչից հետո անկարգությունների ալիքը սկսում է հանդարտվել։ Խռովությունների արդյունքում վիրավորվել է ավելի քան 60 քաղաքացի։
Անկարգություններ Ֆերգյուսոնում (2014, օգոստոսի 9-ից դեկտեմբերի 2)
Պատճառը ոստիկան Դարել Ուիլսոնի կողմից 18-ամյա անզեն երիտասարդ Մայքլ Բրաունի սպանությունն էր ձերբակալության փորձի ժամանակ։ Սոցիալական ցանցերում սկսված բողոքի ալիքին հաջորդած զանգվածային ցույցերի մասնակիցները հիմնականում աֆրոամերիկյան համայնքի ներկայացուցիչներ էին։ Իրավիճակը հատկապես սրվել էր նոյեմբերի 24-ին, երբ ատենակալների դատարանը հրաժարվել էր մեղավոր ճանաչել սպանությունը գործած ոստիկանին։ Նույն թվականի դեկտեմբերի 20-ին աֆրոամերիկացի Իսմաիլ Բրինսլին որպես վրեժխնդրություն Բրուկլինում երկու ոստիկանի էր սպանել։ Անկարգությունների արդյունքում 10 քաղաքացի տուժել էր, ևս 300-ը՝ բերման ենթարկվել։
Անկարգություններ Բալտիմորում (2015, ապրիլի 25-ից մայիսի 3)
Հետագայում անկարգությունների վերածված բողոքի ակցիաների պատճառը 26-ամյա աֆրոամերիկացի Ֆրեդի Գրեյի մահն էր․ երիտասարդը մահացել էր ձերբակալության ժամանակ ոստիկանի կողմից պատճառված ծանր մարմնական վնասվածքների արդյունքում։ Անկարգությունների ճնշման նպատակով Բալտիմորում պարետային ժամ էր հայտարարվել, քաղաք էին մտել Ազգային Գվարդիայի ուժերը։ Ցույցերը, սակայն, հասել էին նաև այլ քաղաքներ։ Գրեյի ձերբակալությանը մասնակցած վեց ոստիկաններին մայիսի 1-ին մեղադրանք առաջադրվեց։ Անկարգությունների արդյունքում տուժել է ավելի քան 100 ոստիկան, ցուցարարներից 200-ը բերման են ենթարկվել։
Խռովություններ Շառլոթ քաղաքում (2016, սեպտեմբեր)
Բողոքի ակցիաները սկսվեցին ոստիկանության կողմից 43-ամյա սև տղամարդու՝ Քեյթ Լամոնտ Սքոթի սպանությունից հետո։ Ոստիկանները կարծել էին, որ նա զինված է։ Հարազատների պնդմամբ, Սքոթի ձեռքում գիրք է եղել։ Բողոքի ակցիաների ու խռովությունների արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 12 ոստիկաններ։ Սեպտեմբերի 21-ին քաղաք է մտել Ազգային գվարդիան։ Անկարգությունների ավելի քան 40 մասնակիցներ բերման են ենթարկվել։
«Միավորված աջերի» երթը (2017, օգոստոսի 11-12)
Ամերիկյան ծայրահեղ աջերի քաղաքական ակցիան անց էր կացվում Վիրջինիա նահանգի Շարլոթսվիլ քաղաքում։ Պատճառը քաղաքային իշխանությունների որոշումն էր՝ ապամոնտաժել գեներալ Ռոբերտ Լիի արձանը։ Երթի մասնակիցները ռասիստական և հակահրեական կարգախոսներ էին վանկարկում, հրազենային զենքեր ունեին, կոնֆեդերացիայի դրոշներ, սվաստիկաներ։ Ակցիան ուղեկցվում էր կանթեղների երթով։ Ավարտվեց ոստիկանության հետ բախումներով։ Անկարգությունների արդյունքում մահացել է մեկ քաղաքացի, շուրջ 40 մարդ վիրավորվել է։ Եվս երկուսը մահացել են ոստիկանական ուղղաթիռի վթարի արդյունքում։
Անկարգություններ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո (2020, մայիսից)
Մայիսի 25-ին Մինեապոլիսում ձերբակալության ժամանակ սպանվել է սև ամերիկացի Ջորջ Ֆլոյդը։ Ֆլոյդի ձերբակալության վերջին րոպեների կադրերը մեծ հանրային ռեզոնանս առաջացրեցին։ Սպանության հենց հաջորդ օրվանից բողոքի ակցիաներ սկսվեցին՝ «Սև կյանքերը կարևոր են» (Black Lives Matter) կարգախոսով։ Բողոքի ակցիաներն ուղեկցվում են ոստիկանների հետ բախումներով։