Մի խումբ մարդիկ՝ հայաստանցիներ, ամերիկահայեր և ամերիկացիներ, այսօր՝ ժամը 16։30-ին, հավաքվել էին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ՝ համերաշխություն հայտնելու Միացյալ նահանգներում համակարգային ռասիզմի և ոստիկանական ամենաթողության դեմ մասսայական ցույցերին։
«Առանց արդարության չկա խաղաղություն», «Black lives matter» (Սև կյանքերը կարևոր են), «ACAB» (All Cops Are Bastards` Բոլոր ոստիկանները սրիկա են), «Armenians for black justice» (Հայերը հանուն սև(ական) արդարության), «Abolish police» (Վերացնե՛լ ոստիկանությունը) պաստառներով ցուցարարները կանգնել էին Դեսպանատան դիմացի մայթում՝ Ադմիրալ Իսակովի արձանին հարակից տարածքում՝ շարքով, դիմակներով, ձեռնոցներով։ Դեսպանատան մոտ գնալ չհաջողվեց․ դեսպանատան «անվտանգությունն» ապահովող ոստիկանները արգելում էին մոտենալ դարպասներին, նկարել շենքը, կանգնել հարակից տարածքներում։
Մայիսի 25-ին ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում չորս սպիտակ ոստիկանների կողմից սպանվել է աֆրոամերիկացի, 46-ամյա Ջորջ Ֆլոյդը։ Ոստիկաններից մեկը՝ Դերեկ Շովինը, ծունկը դրել էր Ֆլոյդի կոկորդին և սեղմել գետնին 8 րոպե 46 վայրկյան, վերջին 2 րոպե 53 վայրկանում Ֆլոյդը կորցրել է գիտակցությունը։ Դեպքը տեսանկարահանել են ականատես անցորդները, որոնց սթափվելու կոչերին ոստիկանները շարունակել են մնալ անհաղորդ։ Ոստիկանների պնդումներին հակառակ, տեսանյութերում երևում է, որ Ֆլոյդը դիմադրություն ցույց չի տվել, իսկ գետնին գամված կրկնել է միայն «ես խեղդվում եմ»։
Դեպքի հաջորդ օրը՝ մայիսի 26-ին, Մինեսոտայում խաղաղ ցույցեր են սկսվել։ Զանգվածային ցույցեր են բռնկվել նաև ԱՄՆ այլ քաղաքներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Չիկագոյում, Ատլանտայում, Վաշինգտոնում, Լուիզիանայում։
Չնայած համաճարակային սահմանափակումներին, բողոցի ցույցերը օրեցօր թափ են առնում։ Մարդիկ բողոքում են ոստիկանական ամենաթողությունների և ուժային մարմինների ռասիստական պահվածքի դեմ։ Բողոքի ակցիաները հիմնականում ավարտվում են ոստիկանության հետ դաժան բախումներով։
Ցույցերի ընթացքում նաև բռնի ըմբոստության դեպքեր են լինում։ Վառվում և ավիրվում են ոստիկանական մասնաշենքեր, մասնավոր խանութներ, սրճարաններ, բանկեր։ Կան տասնյակից ավել զոհեր, մոտ 5 հազար հոգի ձերբակալվել է, ավելի քան 40 քաղաքներում, նաև մայրաքաղաք Վաշինգտոնում և երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում` Լոս Անջելեսում, պարետային ժամ է հայտարարվել (որը հիմնականում ցուցարարների կողմից անտեսվում է), 15 նահանգներում փողոց են դուրս բերվել Ազգային գվարդիայի ստորաբաժանումները: Նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է նահանգապետերին, որ Ազգային գվարդիան փողոց չհանելու դեպքում՝ կօգտագործի բանակը։
Չորս նախկին նախագահները, նաև՝ Պենտագոնի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ քննադատել են Թրափին՝ ամերիկյան հասարակությունը պառակտելու և լարվածությունը սրելու մեջ։ Բազմահազար բողոքի ցույցերի ֆոնին Թրամփը շարունակաբար հանդես է գալիս ռասիստական և ռազմատենչ հայտարարություններով, որոնց արձագանքել է նույնիսկ Թվիթեր սոցցանցի ադմինիստրացիան։