– Դատարանը 1-1.25 միլիոն ԱՄՆ դոլար գրավ է սահմանել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ մեղադրվող ոստիկան Դերեկ Շովինի համար։ Նրան երկրորդ կարգի սպանության (միտումնավոր, բայց ոչ կանխամտածված) մեղադրանք էր առաջադրվել։
– Այսօր Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի է ունեցել Ջորջ Ֆլոյդի հուղարկավորության արարողությունը։ Հիշատակի արարողությունները երեքն էին․ Մինեսոտայում՝ որտեղ սպանվել է Ֆլոյդը, Հյուսիսային Կարոլինայում՝ որտեղ ծնվել է, Հյուսթոնում՝ որտեղ ապրել է կյանքի մեծ մասը։
– Նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Ժողովրդավարական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը հանդիպել է Ջորջը Ֆլոյդի ընտանիքի անդամներին։ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել ոստիկանության ներկայացուցիչների հետ։
Ավելի վաղ Բայդենը քննադատաբար էր անդրադարձել Թրամփի՝ Ֆլոյդի մասին հայտարարություններին․ «Նախագահ Թրամփն ասել է, թե «Ֆլոյդը հիմա դրախտից նայում է ներքև և տեսնում, թե ինչ լավն է մեր երկիրը»։ Մենք խոսում ենք մարդու մասին, ով դաժանաբար սպանվել է, նրան սպանել է անիմաստ վայրագությունը, խոշոր հաշվով նրան սպանել է այս նախագահի օրոք քաղցկեղի մետաստազների նման երկրով տարածված անարդարությունը մի ժամանակահատվածում, երբ նախագահը փորձում է մեզ պառակտել ռասայի, կրոնի, ազգության սկզբունքով։
Ֆլոյդի վերջին խոսքերն էին՝ «ես չեմ կարող շնչել», և երբ մարդ հորինում և ուրիշ խոսքեր է դնում հանգուցյալի բերանը, դա այլևս արհամարհանք է․ ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ այդ մարդու մասին»,- ասել է Բայդենը։
– Դեմոկրատ կոնգրեսականները ոստիկանական բարեփոխումների օրինագիծ են առաջ քաշել, որով, մասնավորապես, նախատեսվում է բացառել խեղդելով բերման ենթարկելու պրակտիկան։ Առավել արմատական տրամադրված շարժումները կարծում են, որ նման ռեֆորմը բավարար չէ ոստիկանական ամենաթողությունների դեմ պայքարում և պահանջում են կրճատել ոստիկանության ֆինանսավորումն առհասարակ։
– Մինեապոլիսի ավագանու պնդմամբ, անհրաժեշտ է լուծարել ոստիկանության տեղական բաժանմունքն ու ստեղծել նորը։ Մինեապոլիսի քաղաքապետն այս կարծիքը չի կիսում։ Մինեապոլիսի քաղաքային ավագանու նախագահ Լիզա Բենդերի կարծիքով, ոստիկանության լուծարումը քաղաքի և ոստիկանության թունավոր հարաբերություններին վերջ տալու միակ ճանապարհն է։
– Ոստիկանական ամենաթողությունների և համակարգային ռասիզմի դեմ բողոքի ալիքը տեղափոխվել է Կանադա, Եվրոպա, Հարավային Ամերիկա, Ասիա և Ավստրալիա։ Ցույցերը հաճախ ավարտվում են ոստիկանության հետ բախումներով։
Ֆրանսիայում պահանջում են վերանայել 2016 թվականի հուլիսին Ադամա Տրաորեի մահվան հանգամանքները։ 24-ամյա սև երիտասարդը շածտոնական վարկածի համաձայն մահացել է սրտի կաթվածից։ Բժշկական փորձագիտությամբ պարզվել է, որ նրան խեղդել են։
Բողոքի և սոլիդարության ակցիաներ են Լոնդոնում, Բեռլինում, Համբուրգում, Դուբլինում, Պրահայում, Հռոմում, Բուդապեշտում, Վիեննայում, Մյունխենում։
Մի խումբ մարդիկ՝ հայաստանցիներ, ամերիկահայեր և ամերիկացիներ հունիսի 4-ին համերաշխության ակցիա են իրականացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ։