Home / Ոստիկանություն / Մինեապոլիսում անց է կացվել Ջորջ Ֆլոյդի հիշատակի առաջին արարողությունը

Մինեապոլիսում անց է կացվել Ջորջ Ֆլոյդի հիշատակի առաջին արարողությունը

Երեկ Մինեապոսլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հիշատակի առաջին արարողությունն իրականացվեց։

Հիշեցնենք, որ ԱՄՆ տարբեր նահանգներում օրեր շարունակ բացմահազարանոց բողոքի ցույցեր են ընթանում ոստիկանական ամենաթողության և համակարգային ռասիզմի դեմ։ Ցույցերը սկսվել են մայիսի 25-ին՝ Մինեապոլիս քաղաքում չորս սպիտակ ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։ Ցուցարարները պահանջում են պատասխանատվության ենթարկել Ֆլոյդին սպանած ոստիկաններին, վերացնել ոստիկանական ռասիզմը, կրճատել ոստիկանության ֆինանսավորումն ու զինաթափել այն։ 

Եկեղեցական ծառայությունը վարում էր մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ հոգևոր հովիվ Ալ Շարփթոնը: Արարողությանը մասնակցում էր նաև հոգևոր հովիվ և իրավապաշտպան Ջեսսի Ջեքսոնը, դեմոկրատ սենատոր Էմի Կլոբուշարը, Կոնգրեսի որոշ ներկայացուցիչներ, դերասաններ, երաժիշտներ։

https://twitter.com/OlivierJorba/status/1268611109147336705?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1268611109147336705&ref_url=https%3A%2F%2Fwww.ekhokavkaza.com%2Fz%2F2759

Հիշատակի արարողությունները երեքն են լինելու․ Մինեսոտայում՝ որտեղ մահացել է, Հյուսիսային Կարոլինայում՝ որտեղ ծնվել է, Հյուսթոնում (Տեխաս նահանգ)՝ որտեղ ապրել է կյանքի մեծ մասը։ Հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 9-ին Հյուսթոնում։

Ֆլոյդի հիշատակին նվիրված ակցիաներ և լռության րոպեներ կազմակերպվել են մի շարք քաղաքներում, նաև՝ Նյու Յորքում և Վաշինգտոնում։

Հունիսի երեքից ցույցերը հիմնականում խաղաղ են անցնում, ոստիկանության հետ բախումներ գրեթե չկան։ Գրեթե բոլոր նահանգներում գործում են Ազգային հվարդիայի ստորաբաժանումները, որոշ քաղաքներում պարետային ժամ է հայտարարված։

ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլիամ Բարը Վաշինգտոնի իր ելույթում նշել է, որ իրավապահ մարմինների ավելի քան 100 աշխատակիցներ տուժել են ցուցարարների հետ բախումների արդյունքում։ Նրա խոսքով, բողոքի ակցիաների մեծ մասը խաղաղ են անցնում, բացառություն են ծայրահեղականների, մասնավորապես՝ «Անտիֆա» շարժման հրահրած սադրանքները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ Անտիֆայի գործողությունները որպես ահաբեկչություն էր որակել։ Դատախազ Բարը նշել էր, որ կան նաև «արտասահմանյան գործոններ», որոնք հետարքրված ու շահագրգռված են Միացյալ Նահանգներում զանգվածային ցույցերի հրահրմամբ։

Մինեսոտայի իշխանությունները Ջորջ Ֆլոյդի մահը որպես սպանություն են որակել։ Ֆլոյդին խեղդած ոստիկանը մեղադրվում է երկրորդ աստիճանի սպանության, մյուսները՝ հանցագործության օժանդակության։

«Արդարադատություն Ջորջ Ֆլոյդի համար» կարգախոսը բողոքի ակցիաների լոզունգներից միայն մեկն է։ Ցուցարարները ոստիկանական բարեփոխումներ (մասնավորապես՝ ոստիկանության ֆինանսավորման կրճատում) են պահանջում և դատապարտում ռասզիմը։ Շատերը ուղղակիորեն քննադատում են գործող նախագահ Դոնալդ Թրամփին։