Երեկ՝ մայիսի 31-ին, Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում զանգվածային պիկետներ էին կազմակերպվում՝ ի աջակցություն նախագահի ընդդիմադիր թեկնածուների։
Ֆորմալ առումով պիկետների ժամանակ ստորագրահավաք է իրականացվում նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի և այլ ընդդիմադիր թեկնածուների առաջադրման համար։ Տիխանովսկայայի ամուսինը հայտնի բլոգեր Սերգեյ Տիխանովսկին է, ով զրկված է ստորագրահավաքի հնարավորությունից։
Ընդդիմադիր առաջնորդները նշում են, որ թեկնածուների գրանցումը քիչ հավանական է, ստորագրահավաքները կօգտագործվեն բողոքական ակտիվության ուժեղացման համար։
Մինսկում ավելի քան երկու հազար մարդ եկել էր ստորագրահավաքին մասնակցելու։ Բազմամարդ ակցիաները կազմակերպվում էին նաև այլ քաղաքներում։
Պիկետների մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում վերջերս Գրոդնո քաղաքում բլոգեր Սերգեյ Տիխանովսկու ձերբակալության կապակցությամբ։ Համակիրների պնդմամբ, նա բերման է ենթարկվել սադրանքի արդյունքում։
Thousands and thousands gathered in Minsk downtown after prominent YouTube blogger and protest leader was arrested by Lukashenka. People are waiting in line to sign in support of his wife as a candidate for President pic.twitter.com/WvbBTM44tH
— Franak Viačorka (@franakviacorka) May 31, 2020
Բերման են ենթարկվել ընդդիմության ավելի քան 10 ակտիվիստներ։ Երեկ ձերբակալվել է ընդդիմության առաջնորդներից Նիկոյալ Ստատկևիչը։
Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրությունները նախատեսվում է իրականացնել օգոստոսի 9-ին։ Այժմ թեկնածուները փորձում են առաջադրման համար անհրաժեշտ ստորագրություններ հավաքել։ Բացի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից և ընդդիմության որոշ ներկայացուցիչներից, առաջադրվում են նաև բանկիր Վիկտոր Բաբարիկոն և մենեջեր Վալերի Ցեպկալոն։ Բելառուսական էլիտայի այդ ներկայացուցիչների թեկնածությունը հետաքրքրական է, քանի որ մինչև վերջերս նրանք քաղաքականությամբ չէին զբաղվում և Լուկաշենկոյի հետ տարակարծություններ չունեին։
Տիխանովսկին «Страна для жизни» («Երկիր կյանքի համար») հանրահայտ յութուբյան ալիքի հիմնադիրն է։ Նրա թեկնածության հայտը ներկայացնող նախաձեռնող խումբը մերժում էր ստացել, քանի որ այդ պահին բլոգերն անազատության մեջ էր։