Home / Բանտ / Բելառուսում մահապատժի հարցը միշտ եղել է իշխող քաղաքական էլիտայի որոշումը

Բելառուսում մահապատժի հարցը միշտ եղել է իշխող քաղաքական էլիտայի որոշումը

Բելառուսը Եվրոպայի միակ երկիրն է, որում մահապատժի մեխանիզմը պահպանվում է։ Մահապատիժներն իրականացվում են գաղտնիության պայմաններում․ հարազատները չեն իմանում ոչ մահվան օրը, ոչ թաղման վայրը։ Իշխանությունները պնդում են, որ քաղաքացիները կողմ են պատժի այս բացառիկ ձևի կիրառմանը։ Շատ բելառուսցիներ, սակայն, նշում են, որ իրենց երկրում մահապատժի պրակտիկայի իրականացման մասին իմացել են միայն դրա հետ ուղիղ կապ ունենալուց հետո։

Իր քառորդ դար կառավարման ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մահապատժի դատապարտված միայն մեկ մեղադրյալի է ներում շնորհել։ Այդ մասին նախագահն ինքն է պատմել՝ առանց այլ մանրամասների։ 1990 թվականից մինչ օրս, իրավապաշտպանների փոխանցմամբ, երկրում մահապատժի ավելի քան 400 դեպք է եղել։

Չնայած մահապատժի վճռի վերջնական ընդունումը կատարվում է նախագահի ստորագրությամբ, այս 400 դեպքերից ոչ բոլորն են Լուկաշենկոյի «վավերացմամբ» իրականցվել։ Մի շարք վճիռներ ժառանգվել են Խորհրդային Միությունից․ Մինսկի Վոլոդարի փողոցում գտնվող բանտում խորհրդային տարիներին գնդակահարություններ էին իրականացնում, օրինակ, Մերձբալթիկայից բերված դատապարտյալների նկատմամբ։ «Իրավապաշտպաններն ընդդեմ մահապատժի» արշավի ղեկավար Անդրեյ Պոլուդաի կարծիքով, գնդակահարությունները մինչև հիմա Մինսկի կենտրոնի նույն վայրում են իրականացնում։

«Մեր մոտ մնացած համակարգը Խորհրդային Միության ժառանգությունն է։ Ոնց կար՝ մնացել է։ Սպանվածի մարմինը չեն վերադարձնում հարազատներին, գնդակահարության օրվա ու ժամի մասին չեն հայտնում, թաղման վայրը չեն ասում … ԽՍՀՄ֊ում այդպիսով զանգվածային բռնաճնշումներն էին փորձում թաքցնել։ Մարդիկ կարծում էին, որ իրենց հարազատը 10 տարով ձերբակալված է՝ առանց նամակագրության հնարավորության, իսկ հարազատն արդեն վաղուց գնդակահարված էր։

․․․Կան մահապատիժն իրականացնող մարդիկ։ Ու մի հոգի չէ, թիմ է աշխատում։ Դատավճռի իրագործման ժամանակ ներկա է բժիշկը, ով արձանագրում է մահվան փաստը։ Դատախազն է ներկա գտնվում․ հսկում է մահապատժի իրականացման օրինականության պահպանումը։ Մեկ֊մեկ մետրոյով գնում եմ ու մտածում․ հետաքրքիր է, այսօր մետրոյում մարդ կա՞, ով մահապատժի իրականացման համակարգի մաս է։ Ի՞նչ է ասում իր ընտանիքին, երեխաներին։ «Հայրիկն այս ամիս լա՞վ է աշխատել»»,- պատմում է Պոլուդան։

Մահապատիժը ոչ միշտ է գաղտնի իրականացվում։ Ամերիկայի որոշ նահանգներում հարազատներին և անգամ լրագրողներին թույլատրվում է ներկա գտնվել։ Բելառուսական համակարգի խիստ գաղտնիությանը միջազգային կազմակերպություննը քննադատաբար են անդրադառնում։ Այդ մասին վերջին զեկույցում գրել է նաև Amnesty International֊ը։

Բելառուսի իշխանություններն անտեսում են տեղական իրավապաշտպանների և ՄԱԿ֊ի հանձնաժողովի՝ մահապատիժների չեղարկման կոչերը։ Բելառուսը Եվրոպայի խորհրդի կազմում ներառված չէ․ Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն անհասանելի է մահապատժի դատապարտված բելառուսցիների համար։

Նախագահ Լուկաշենկոն հղվում է ժողովրդի կամքին՝ 1996 թվականի ռեֆերենդումին, որին մասնակցածների 80,44֊ը կողմ է երկրում մահապատժի պահպանմանը։ Լուկաշենկոն վստահ է, որ նոր հանրաքվեն միայն կարող է հաստատել, որ մահապատիժը «ժողովրդի ընտրությունն է»։

Իրավապաշտպան Անդրել Պոլուդան կարծում է, որ վիճակագրությունը միանշանակ չէ․ «Նախագահի աշխատակազմին կից կառույցների ու անկախ հետազոտողների կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումների համաձայն, մահապատժին կողմ արտահայտվողների թիվը նվազում է։ Հարցվածների 63 տոկոսը կողմ է մահապատժին։ Ավելի ուշադիր քննելու դեպքում այդ տոկոսը հասնում է 35-ի, քանի որ շատերը «եթե»֊ներով են․ եթե մեղքը հարյուր տոկոսով ապացուցված է, եթե մարդն անուղղելի է կամ նման մի բան։

․․․Մեր դիրքորոշումը միանշանակ է․ մենք դեմ ենք մահապատժի թեմայով հանրաքվեի իրականացմանը։ Այս հարցն էմոցիոնալ հարթությունում է։ Ոչ ոք քաղաքացիներին չէր հարցնում անգործության հարկ մտցնելուց առաջ, որին մարդիկ բացասաբար վերաբերվեցին։ Գիտեին որ այդպես էր լինելու, արդյունքը պարզ էր։ Մահապատժի հարցը միշտ եղել է բացառապես իշխող կամ քաղաքական էլիտաների որոշումը»։

Բելառուսում չկան մահապատժի դատապարտվածների հարազատներին հոգեբանական աջակցության տրամադրման կառույցներ։ Մասնագիտական աջակցություն չի տրամադրվում նաև մահապատժի դատապարտվածների իրականացրած հանցագործությունների զոհերին։ Վրեժխնդրության զգացման առաջին ալիքից հետո մարդիկ հաճախ վատ են զգում ու խնդիրներ են ունենում փաստի հետ, որ ուղղակի կամ անուղղակի ձևով մասնակցել են ինչ֊որ մեկին մահապատժի ուղարկելու որոշման կայացմանը։