Երեկ՝ նոյեմբերի 17-ին Բելառուսում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն խորհրդարանի ներքին պալատ չի անցել ոչ մի ընդդիմադիր պատգամավոր, հայտնում է Բելառուսի Կենտրոնական ընտրական կոմիտեն։
ԿԸՀ֊ի տվյալներով, Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատում ընտրվել են պատգամավորներ Բելառուսի պատրիոտիկ կուսակցության, Աշխատանքի և արդարության հանրապետական կուսակցության, Ազատական֊ժողովրդավարական կուսակցության պատգամավորներ, կոմունիստներ, «Սպիտակ Ռուսիա» հասարակական միավորման ներկայացուցիչներ։ Բոլոր նշված ուժերն աջակցում են իշխանությունների քաղաքականությունը։ Ապագա պատգամավորների շարքում է «միսս Բելառուս 2018» տիտղոսին արժանացած Մարիա Վասիլևիչը։
Նախորդ գումարման Ներքին պալատում աշխատում էին երկու ընդդիմադիր պատգամավորներ. Աննա Կանոպացկայան` Միացյալ քաղաքացիական կուսակցությունից և Ելենա Անիսիմը` «Բելառուսական լեզվի ընկերակցությունից»։
Այս տարվա ընտրական պրոցեսների ժամանակ գրեթե բոլոր ընդդիմադիր թեկնածուները մեկուսացվել էին արդեն գրանցումների և ագիտացիոն աշխատանքների փուլում։ «Նախագահի համար ինչ տարբերություն երեք֊չորս սանձազերծ ընդդիմադիր կլինի թե ոչ», – ընտրությունների մասին արտահայտվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Կիրակի՝ նոյեմբերի 17-ին, Բելառուսի շուրջ 7 մլն ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներ հնարավորություն ունեին ընտրել երկրի խպորհրդարանի Ներքին պալատի 110 պատգամավորների։ Պատգամավորական մանդատի հավակնում էին մոտ 500 թեկնածուներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով ընտրողների մասնակցությունը գերազանցել է 77 տոկոսը։ Ընտրությունների ընթացքին հետևում էին ավելի քան 1000 միջազգային դիտորդներ ԵԱՀԿ֊ից և ԱՊՀ֊ից։
Բելառուսի Հելսինկյան կոմիտեի և «Գարուն» կենտրոնի ակտիվիստները «Իրավապաշտպանները հանուն ազատ ընտրությունների» արշավի շրջանակներում հաղորդել են ընտրական պրոցեսներում իշխանությունների կողմից պարտադրանքների, շանտաժի և մանիպուլյացիաների դիմելու դեպքերի մասին։
Եվրամիությունն արդեն երկար տարիներ Բելառուսի նախագահական և խորհրդարանական ընտրությունները որակում է որպես միջազգային ստանդարտներին անհամապատասխան։ Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ՝ քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ «սովոր չէ մտահոգվել» արևմուտքի կարծիքով։ Խորհրդարանական ընտրությունները, նրա կարծիքով, «փորձնական ներկայացում» են հաջորդող նախագահական ընտրությունների համար, որոնցում նա պատրաստվում է ներկայացնել իր թեկնածությւոնը, եթե «ժողովուրդը պահանջի»։ Լուկաշենկոն նաև ընդգծեց, որ «կապտած մատներով» կառչած չէ նախագահական աթոռից։
Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի նախագահի պաշտոնը զբաղեցնում է արդեն 25 տարի՝ ավելի երկար, քան Եվրոպայի ցանկացած այլ առաջնորդ։